Հեռուստաեթերի մաքրում. հանձնաժողովը կոչ է անում հեռուստատեսության հիմնական ժամին զտել եթերը
Համաձայն չափորոշիչների նախնական տարբերակի` եթերում չպետք է լինեն անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստահաղորդումներ (թմրամոլների, հարբեցողների նմանակում, հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացում, ծնողների և դաստիարակների հեղինակազրկում, օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզ, հանցագործների հերոսացում և ռոմանտիկացում, գռեհկաբանություն, հայհոյախոսություն և այլն): Էրոտիկ բնույթի և սարսափ ֆիլմերը պետք է ցուցադրվեն միայն գիշերային ժամերին: Այս չափորոշիչների նախագիծը ներառված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Օրենքի փոփոխությունները ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում, որը բացվել է փետրվարի 1-ին: Չափորոշիչների նախագիծը մշակելու համար ՀՌԱՀ-ում ստեղծվել է մտավորականներից, արվեստագետներից, մանկավարժներից, ու հոգեբաններից բաղկացած աշխատանքային խումբ: Փետրվարի 4-ին ՀՌԱՀ-ի անդամները երևանյան հեռուստաընկերություններին ներկայացրին չափորոշիչների սահմանման նախագիծը: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց, որ չափորոշիչները սահմանելիս աշխատանքային խմբի անդամները հիմնականում առաջնորդվել են այն սկզբունքով, թե ինչ չէին ցանկանա, որ իրենց երեխաները դիտեն հեռուստատեսությամբ: «Մեր խնդիրն էր ստանալ չափորոշիչներ, որոնք մեր հանրության պահանջն են»,- ասաց Ամալյանը: Հայկական մամուլում հեռուստաեթերի վերաբերյալ սուր քննադատություն լսվեց մանկավարժների ու հոգեբանների կողմից այն ժամանակ, երբ անցյալ տարեվերջին Երևանում գրանցվեց 13-ամյա տղայի դաժան սպանության դեպք 16 տարեկան հարևանի կողմից: Շատերը կարծում են, որ դեռահասների շրջանում նկատվող առանձնակի դաժանությունը հանցագործ աշխարհի կյանքը պատկերող հայկական սերիալների անմիջական ազդեցության հետևանք է, որտեղ սպանություններ ու դաժան հաշվեհարդարներ գրեթե ամեն սերիայում են լինում: Բացի այդ, համաձայն «Առավոտ» օրաթերթի, հեռուստաընկերություններին քննադատել է նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերությունների ղեկավարների հետ իր տարեվերջյան հանդիպման ժամանակ` ասելով, որ վերջիններս ընկել են վարկանիշի հետևից, ինչի պատճառով հեռուստաեթերը ողողվել է ցածրորակ հաղորդումներով, ֆիլմերով ու շոուներով: Հինգշաբթի հեռուստաընկերությունների ղեկավարները քննարկման ժամանակ հիմնականում առաջարկեցին պարզություն մտցնել չափորոշիչների մեջ, ավելի հստակեցնել դրանք: Ամալյանը խնդրեց նրանց մինչև փետրվարի 8-ը ՀՌԱՀ-ին ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները: ՀՌԱՀ անդամ, ռեժիսոր Ժիրայր Դադասյանն «ԱրմենիաՆաուին» ասաց, որ անկախ չափորոշիչների սահմանումից, հայկական եթերում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի համալրվել իսկապես պրոֆեսիոնալ մասնագետներով: «Այժմ յուրաքանչյուր ոք, առանց համապատասխան կրթության, կարծում է, որ ինքը կարող է սցենար գրել, հաղորդում պատրաստել»,- մտահոգվում է Դադասյանը: Դերասան Արթուր Մկրտչյանը, որը երկու սերիալներում հանցագործ աշխարհի ներկայացուցչի դեր է տարել, ասում է, որ իր մարմնավորած կերպարները հանդիպում են հայկական իրականության մեջ: Սակայն նրա կարծիքով` նույն այդ իրականության մեջ դժվար է որոշել, թե ո՞վ է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, ո՞վ` ոչ: «Էսօր հանցագործները և´ կառավարությունում են, և´ բիզնեսի ոլորտում: Ո՞նց են տարբերակելու` ո՞վ է հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, ո՞վ` ոչ»,- ասում է Մկրտչյանը, որն արդեն երրորդ սերիալում օրենքի ներկայացուցչի է մարմնավորում:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.