Անհետացող ժառանգություն. փակվում է Թբիլիսիում Թումանյանի թանգարանը

Վրաստանի իշխանությունները «պատվում» են սիրված գրողին
Թումանյանի հարկի տակ ապրում է նրա ծոռնուհին իր կատուների հետ
Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանը այս տարվա սկզբից դադարել է գործել: Հայ ամենասիրված գրողներից մեկի անունը կրող թանգարանը գտնվում էր նրա նախկին բնակարանում սկսած 1909-ից:

Վրացի Արչի Լեժավան, ով 1997 թ. 162,000 դոլարով Թբիլիսիի քաղաքապետարանից գնել էր այս տարածքը, այժմ որոշել է դատարկել այն:

Թումանյանի (1869-1923 թթ.) գրչին են պատկանում բազմաթիվ սիրված բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ: Թումանյանի պոեմների հիման վրա ստեղծված «Անուշ» և «Ալմաստ» օպերաները բեմադրվել են աշխարհի տարբեր երկրների բեմերում:

Գրադարանի շենքը գտնվում է Թբիլիսիի պատմական Սոլոլակ թաղամասում: Վրաստանի իշխանությունները 1921 թ. բնակարանը Թումանյանին էին տվել ի նշան նրա արվեստի գնահատանքի: Իշխանությունների տված մանդատով` այն ենթակա չէր բռնագրավման կամ որևէ այլ փոփոխության:

1949 թ.` գրողի մահից հետո, Թումանյանի կինը` Օլգա Մաճկալյանը, դիմում է Թբիլիսիի քաղաքային իշխանություններին, որ 7 սենյակներից 4-ը դարձնեն գրողի անունը կրող մանկական գրադարան:

Մինչև 1949 թ. Թումանյանի ընտանիքը շարունակել է ապրել այդ բնակարանում: 1949-ին բնակարանը բաժանվել է երկու մասի. մի մասը վերածվել է գրադարանի, մյուս մասում շարունակել է ապրել գրողի ընտանիքը: Նույն տարում Թումանյանին պատկանող բոլոր իրերը փոխադրվել են Երևանում այդ բնակարանի նմանությամբ կառուցված գրողի տուն-թանգարան:

Բնակարանի չվաճառված հատվածում շարունակում է ապրել Թումանյանի ծոռնուհին` Ելենա Կոլեսնիկովան: Նա միակն է մնացել այս գերդաստանից, ով շարունակում է ապրել Թբիլիսիում: Նրա ընտանիքն իր սիրած 7 կատուներն են: Մյուս բարեկամները Երևանում են և Հայաստանից դուրս:

«Ես, իհարկե, մեծացել եմ` լսելով Թումանյանին վերաբերող զրույցները,- հիշում է ծոռնուհին: - Պատմում էին, երբ նա 50 տարեկան է եղել, հենց այս գրադարանի ներքո հավաքվել է երկրպագուների մի հոծ զանգված, և Թումանյանը զրուցել է նրանց հետ պատշգամբից: Այդ բնակարանում են հավաքվել Վերնատան գրողները և այս բնակարանում են նրանք կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի հետ քննարկել Թումանյանի պոեմի հիման վրա գրված նրա «Անուշ» օպերան»:

Նա պատմում է, որ 90-ականներին, երբ Թբիլիսին էլ Հայաստանի նման ճգնաժամային տարիներ էր ապրում, գրադարան պահելու հնարավորություն չկար: Թբիլիսիի քաղաքապետարանը այդ ժամանակ պարտքով գումար էր վերցնում տարբեր գործարարներից գրադարանները պահելու համար:

«Եվ ահա, երբ եկավ արդեն պարտքերը վերադարձնելու ժամանակը, նրանք գումարի փոխարեն ստիպված եղան տասնյակ գրադարններ հանձնել, այդ թվում` նաև այս մեկը»,- պատմում է Կոլեսնիկովան:

Նա ասում է, որ չի կարող մեղադրել իշխանություններին, քանի որ հակառակ դեպքում գրադարանը այսքան տարի չէր պահպանվի, բայց նույն կարծիքին չէ երեխաների գրադարանի փակվելու վերաբերյալ. «Երեխաների ծնողները բողոքում են, քանի որ այս տարածքին մոտ գտնվող գրադարան չկա: Լեժավան ճիշտ չվարվեց` որոշելով գրադարանը փակել»:

Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը փորձում է բանակցել սեփականատիրոջ հետ` տարածքը հետ գնելու առնչությամբ, սակայն Լեժավան հրաժարվում է առաջարկից: Նա արդեն փոխել է թանգարանի դռները և, Կոլեսնիկովայի խոսքով` պատրաստվում է վերածել այն բնակելի տարածքի:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը կարծում է, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի գրողների միությունները չեն կարող որևէ բան անել: Հարցը կարող է լուծվել միայն կառավարական մակարդակով:

«Դեռ 2004 թ. դիմել եմ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, բայց ոչինչ չարվեց: Հետո Թումանյանի 140-ամյակին բոլորս արթնացանք ու սկսեցինք խոսել»,- ասում է նա:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն ասում է, որ գրադարանի փակումը անսպասելի չէր, քանի որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բացթողումներ ունի: Մեկ այլ պատճառ է Թբիլիսիսի հայկական համայնքի անզորությունը. «Մեր կազմակերպությունն այս ուղղությամբ աշխատանքներ չի կարող տանել, քանի որ այն միայն հայերի խնդիրներով չէ զբաղվում»:

Բազմաթիվ հայ մտավորականների և Վրաստանի հայկական համայնքի կարծիքով` թանգարանի փակելը ընդհանրապես բնորոշ է Վրաստանում ներկայումս տիրող հակահայկական տրամադրություններին:

«Վրաստանի իշխանություններն արտաքուստ բարեկամ ձևանալով` ներքուստ աստիճանաբար ոչնչացնում են հայկական մշակութային արժեքները (Վրաստանում),- կարծում է թումանյանագետ Սամվել Մուրադյանը: - Բայց ինչքան էլ մեր եղբայր վրացիները ջանան, չեն կարողանա Թումանյանի հիշատակը Թբիլիսիսում ընդհանրապես ջնջել, քանի որ նա է զարգացրել գրական կյանքը այդ քաղաքում»:

Սակայն Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Բայանդուրյանն այլ բան է ասում: Նա հայտնում է, որ հայ ընթերցողներն արդեն 25 տարի է` չէին օգտվում այդ գրադարանից, որի պատճառներից մեկը համարում է ինտերնետը:

«Բացի այդ, այսօր Թբիլիսիում օպտիմալացնում են բոլոր գրադարանները: Այժմ դրանց թիվը հասնում է 30-ի, բայց շուտով դրանք կկենտրոնանան մեկի մեջ»,- հաղորդեց Բայանդուրյանը:

Վերջինս նաև նշեց, որ Թումանյանի անվան գրադարանում կար 380 կտոր վրացերեն և 400 կտոր ռուսերեն գիրք: Իսկ հայերեն գրքերն ընդամենը 180-ն էին:

«Ես վերցրել եմ հայալեզու գրքերը և տեղափոխել թատրոնում գործող գրադարան, որտեղ կա արդեն 3000 կտոր հայկական գիրք»,- ասաց նա:

Փետրվարին Հայաստան էր այցելել Վրաստանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը, բայց գրադարանը վերագնելու մասին խոսակցություններ չեղան:

Երևանյան լրատվամիջոցներով այս տարվա սկզբին հակասական տեղեկություններ էին տարածվում: Մեկ տեղեկացնում էին, որ վաճառվել է ոչ թե Թումանյանի անվան գրադարանը, այլ Թումանյանի անձնական գրադարանը (այն դեպքում, երբ այն գտնվում է Հայաստանում և չէր կարող վաճառվել Թբիլիսիում): Մեկ այլ տեղ նշում էին, որ վաճառվել է 1899 թ. ձևավորված Վերնատուն գրական ակումբի շենքը:

«Վերնատանը Թումանյանը բնակվել է վարձով և այն երբեք չի եղել նրա սեփականությունը: Այն վաճառվել է վաղուց ու այնտեղ այժմ բնակվում է մի վրացի կին: Իսկ 2008 թ. վերջին վաճառվել է այն բնակարանը, որտեղ Թումանյանը բնակվել է իր կյանքի վերջին տարիներին` 1909-1923 թթ.»,- պարզաբանեց Երևանում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

«Մենք ուշ արթնացանք, երբ արդեն անհնար էր որևէ բան անել: Մենք կորցրեցինք այն միակ բնակարանը, որը պատկանում էր Թումանյանին»,- հավելեց նա:



ԱրմենիաՆաուի էջերում