Հակասություններ Բաքվում. Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող Ադրբեջանի ընդդիմադիրները ցանկանում են Ալիևի հրաժարականը

Հակասություններ Բաքվում. Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող Ադրբեջանի ընդդիմադիրները ցանկանում են Ալիևի հրաժարականը

Photo: Via Facebook

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ` Մեհրիբան Ալիևայի հետ

Անցյալ հանգստյան օրերին Բաքվի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել «Հանրային պալատ» քաղաքացիական շարժման նստաշրջանը, որը սեղանի շուրջն է հավաքել լուրջ քաղաքական դեմքերի:

Ինչպես հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, 2012 թ. առաջնահերթությունը կդառնա երկրի նախագահ Իլհամ Ալիևին երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարականի հարցի ներառումը օրակարգ:

Հարկ է նշել, որ «Ժողովրդական ճակատ» ու «Մուսավաթ» կուսակցությունները Թուրքիային ավելի մոտ Ադրբեջանի քաղաքական կազմակերպություններ են:

Որոշ վերլուծաբաններ արդեն խոսում են այն մասին, որ Ադրբեջանում քաղաքական ուժերի համախմբում է տեղի ունենում` ուղղված Ալիևի կլանի դեմ, և որ այդ շարժումը նախաձեռնել է Թուրքիան: Նման իրավիճակում Իլհամ Ալիևը ստիպված կլինի 2012 թ. դիմել «ոչ ստանդարտ միջոցների», որոնց թվում կարող է լինել նաև ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրումը:

Անցյալ տարվա վերջին Բաքվի «Պոլիգոն» պարբերականը, վկայակոչելով թուրքական բարձրաստիճան աղբյուրները, հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «որոշել է պաշտպանել Ադրբեջանի ընդդիմությանը»: Ալիևյան կլանի վրա Թուրքիայի հավանական ճնշման պատճառներից նշվում է նաև «Թուրքիայի և Իսրայելի միջև լարված հարաբերությունները, այն դեպքում, երբ Ադրբեջանի վերնախավն ամրապնդում է իր կապերն Իսրայելի հետ»:

Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն ասում է. «Այստեղ ինչ-որ չափով չափազանցություն կա, թեև հայտնի է, որ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, ինչպես իրենք են խոսում այդ մասին»:

Յունուսի խոսքով` կան տարաձայնություններ և չլուծված հարցեր, որոնք չեն կարող չնյարդայնացնել Անկարային: «Դա, օրինակ` միակողմանի վիզային ռեժիմն է, որից Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել այն դեպքում, երբ Թուրքիայի իշխանությունները Ադրբեջանի քաղաքացիների համար այն փոխել են արդեն 1,5 տարի առաջ»:

Մյուս գործոնը, որը հատկապես այժմ Անկարայի զայրույթն է հարուցում, այն է, որ Ադրբեջանում իշխող ալիևյան կլանը ահաբեկչական չի համարում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: «Ավելին` Ադրբեջանում գործում են դրա որոշ բջիջներ, և դա նույնպես հանրահայտ է»,- այս առնչությամբ ընդգծում է Յունուսը:

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանում սպասվում է ինքնաբուխ պայթյուն «Եգիպտոսի, Թունիսի և նույնիսկ Լիբիայի նման, եթե երկրում փոփոխություններ տեղի չունենան»:

Որոշ վերլուծաբաններ դիտարկում են այնպիսի դեմքերի գործունեության ակտիվացումը, ինչպիսիք են Իսա Ղամբարը և Ալի Քերիմլին` հենց նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականի պահանջով Թուրքիայի հետ համաձայնեցված գործողությունների համատեքստում:

Այդուհանդերձ, նշվում է, որ գործող նախագահի դիրքերը բավականին խարխուլ են նաև իշխանական ճամբարի ներսում: Խոսքը «ալիևյան» և «փաշաևյան» կլանների միջև դիմակայության մասին, ընդ որում Ադրբեջանի առաջին տիկինը` Մեհրիբան Ալիևան հենց «փաշաևյան կլանի» ներկայացուցիչ է:

Հենց նրա ազդեցությամբ էլ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են «ալիևյան կլանի» այնպիսի հանրաճանաչ «զինվորներ», ինչպիսիք են Ադրբեջանի առողջապահության նախարարը և էկոնոմիկայի նախարարը, վերջինս նաև այժմ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության հիմնադիրներից մեկն է:
Այս պարագայում հատկանշական է Հեյդար Ալիևի կրտսեր եղբոր` ադրբեջանցի ակադեմիկոս Ջալալ Ալիևի դիրքորոշումը, որն ի նշան բողոքի ցուցադրաբար հրաժարվել է խորհրդարանի նիստերին մասնակցելուց:

Այդպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում գործող նախագահը այնքան էլ չի բավարարում թե´ «սեփական կլանի» ներկայացուցիչներին, թե´ «եղբայրական Թուրքիային» և թե´ «ներքին ընդդիմությանը»: Եթե բավական երկար ժամանակի ընթացքում նրա «ամուր իշխանության» հիմքը նավթի բարձր գներն են եղել, ապա «փաշաևյան կլանի» դիրքերի ուժեղացմամբ «ամրության նման աղբյուրը» կարող է շատ արագ հալչել:

Ընդհանուր իրավիճակը կարող է ստիպել Ալիևին խաղարկել Ղարաբաղի հարցը` որպես իր իշխանությունը կայունացնելու հնարավոր միջոցներից մեկը:
ԱրմենիաՆաուի էջերում