Եղանակի տեսություն. անձրևն ու կարկուտը գարնանը Հայաստանի համար սովորական երևույթ են

Եղանակի տեսություն. անձրևն ու կարկուտը գարնանը Հայաստանի համար սովորական երևույթ են

Ֆոտոլուր

Օթերևութաբան Զառա Պետրոսյան

Օդերևութաբաններն առաջիկա 5 օրերի ընթացքում կանխատեսում են, որ եղանակի անակնկալ փոփոխություններ չեն դիտարկվի, բայց հետագա օրերին սեզոնային այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ցրտահարությունը, կարկուտը, քամին ու անձրևը, չեն բացառում:

«Արաքսի ավազանում կարող են ջրի ելքեր դիտվել, որի մասին խոստանում ենք մեկ շաբաթ առաջ վաղօրոք տեղյակ պահել [մարդկանց համապատասխան մարմինների միջոցով]»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:

Ներկայիս տվյալներով` նրանք միայն կարող են հաղորդել, որ այսօրվանից անձրևների թիվը կնվազի, և ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` ապրիլի 17-18-ին հասնելով 23 աստիճանի Արարատյան դաշտավայրում և 5-17 աստիճանի` լեռնային շրջաններում:

Մարտին սպասվող ցրտահարությունների մասին նրանք ևս տեղյակ էին պահել 10 օր առաջ, սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի կանխարգելող միջոց չէր կարողացել իրագործել: Նախարարությունն ասում է, թե միակ բանը, որ կարելի էր անել, գյուղացիներին տեղյակ պահելն էր:

«Գյուղատնտեսության նախարարությունը չէր էլ կարող ոչինչ անել ցրտահարությունների դեպքում: Կա միայն մեկ միջոց. բնակիչները տերև, խոտ կամ ուրիշ բան վառեն հողամասերում` ջերմաստիճանը բարձր պահելու համար, բայց դա էլ իրատեսական չէ, հատկապես մեծ այգիների պարագայում»,- «ԱրմենիաՆաուին» հաղորդեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Մարտիրոսյանը:
Միայն կարկուտների դեպքում վերջին 2-4 տարիների ընթացքում ՀՀ Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում գործող 42 կարկտակայաններն են կարողանում կանխել գյուղացիների բերքի կորուստը, բայց այլ մարզերում, որտեղ նման կայաններ չկան, բնության տարերքը մեծ վնասներ է հասցնում:

Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում չկա կարկտակայան: Մոտ 500 բնակիչ ունեցող այս գյուղում մարդիկ հիմնականում աճեցնում են խնձորի և տանձի ծառեր, որոնցից ստացվող բերքի մոտ 50 տոկոսն ամեն տարի գյուղացիները կորցնում են կարկուտի պատճառով:

«2005 թ. 50 տոկոսը կորցրինք, մնացածն էլ վնասվել էր կարկուտից ու այդպես փտեց ծառերի վրա»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Գեղարդի գյուղապետ Իշխան Թառոյանը:

Կարկտակայանների հարցով Հայաստանում զբաղվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Նրա տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն «ԱրմենիաՆաուին» հաղորդեց, որ մեկ տարվա ընթացքում հակակարկտակայանները կարողանում են մոտ 70 կարկտավտանգ գործընթաց կանխել` տարեկան արձակելով 113 000 կրակոց:

«Մենք տվյալներ չունենք այն մարզերի մասին, որտեղ չկան կարկտակայաններ, ու բնական է, որ այնտեղ կարող են վնասներ լինել»,- ասում է Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց «ԱրմենիաՆաուին», որ, կառավարության որոշմամբ` հակակարկտային կայանների թիվը Հայաստանում անհրաժեշտ է հասցնել 250-ի: Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ կկառուցվի ևս 48 կարկտակայան, որոնցից 28-ն արդեն ընթացքի մեջ են:

Առաջին նոր կարկտակայանները նախատեսվում են կառուցել Լոռու և Կոտայքի մարզերում:
ԱրմենիաՆաուի էջերում