Տնտեսագետի գնահատականը. «զարմանալի» կայունություն թիվ մեկ հարցում

Տնտեսագետի գնահատականը. «զարմանալի» կայունություն թիվ մեկ հարցում

Ֆոտոլուր

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, գնահատելով 2012 թվականի առաջին եռամսյակի տնտեսական արդյունքները, չորեքշաբթի կայացած ասուլիսում ասաց, որ չնայած ընտրական տարուն` «զարմանալիորեն» կայուն միտումներ են արձանագրվում:

Տնտեսագետը նշեց, որ ընտրական և նախընտրական տարիներին մասնավոր հատվածը միշտ շատ զգուշավոր է դառնում և ձեռնպահ մնում ներդրումներ կատարելուց ու նոր ձեռնարկներից: Այս առումով տնտեսագետ Մանասերյանը շեշտեց, որ արձանագրված կայունությունը կարելի է համարել 2011 թվականին գրանցված 4,6 տոկոս տնտեսական աճի շարունակությունը:

«Հաշվի առնելով, որ մասնավոր հատվածը շատ զգուշավոր է լինում նախընտրական շրջանում, կարելի է ասել, որ մեր տնտեսության համար բավական կարևոր ցուցանիշներ են գրանցվել: Տնտեսական աճը հիմնականում արդյունաբերության շնորհիվ է գրանցվել (այն աճել է 16,4 տոկոսով): Ես կարևոր ցուցիչ եմ համարում էլեկտրաէներգայի սպառումը, որն ավելացել է ոչ միայն բնակչության, այլ նաև արդյունաբերության` ձեռնարկությունների կողմից, որը նույնպես տնտեսության աշխուժացման մասին է խոսում»,- ասաց Մանասերյանը` հավելելով, որ չափազանց կարևորում է նաև արտահանման 32,5 տոկոս աճը:

Որպես բացասական միտում` Մանասերյանը մատնանշեց շինարարության ոլորտում գրանցված 5,5 տոկոս անկումը:

«Սա խոսում է այն մասին, որ տնտեսության աշխուժացումն օրինաչափ միտման դեռ չի վերածվել, որովհետև շինարարությունը, ինչպես հայտնի է, շատ արագ է արձագանքում տնտեսական աշխուժացմանը»,- ասաց նա:

Գնահատելով հիմնականում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացրած տնտեսական ծրագրերը` Մանասերյանը շեշտեց, որ ավելի մեծ վստահությամբ է վերաբերվում այն ծրագրերին, որոնցում ասվում է, որ կաջակցեն այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը հնարավորություն կտա մարդկանց սեփական տնտեսական նախաձեռնություններն առաջ տանել:

«Հայաստանի նման փոքր երկրում, եթե նույնիսկ խոստանում են թեկուզ 2000 աշխատատեղ ստեղծել, դա արդեն համարվում է հսկայական առաջընթաց: Պետք է ձեռնպահ մնալ դրանից»,- ասաց Մանասերյանը:

Նշենք, որ կուսակցությունները հիմնականում խոստանում են բյուջեի կրկնապատկում, հավելյալ աշխատատեղերի ստեղծում (Հայ հեղափոխական դաշնակցությունը, օրինակ՝ խոստանում է 200 հազար աշխատատեղ), թոշակների, նպաստների և աշխատավարձերի էական բարձրացում:
ԱրմենիաՆաուի էջերում