Ի՞նչ գեղասահք առանց սառույցի. երեխաները սպորտով չեն զբաղվում, քանի որ սահադաշտը փակ է վերանորոգման պատճառով
Այս ձմեռ Կարապի լճի բացօթյա սահադաշտը, հնարավոր է, գեղասահքով զբաղվելու միակ տեղը լինի: Դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանի խոսքով` դպրոցն արդեն 20 տարի է, ինչ չի վերանորոգվել, և այդ խնդիրը տնօրինությունը բազմիցս բարձրացրել է: Նա խորհուրդ է տալիս ծնողներին (այն շուրջ 200 երեխաների, որոնք հաճախում են գեղասահքի դպրոց) ավելի հանգիստ մոտենալ խնդրին, քանի որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել է «մեկ տարվա ընթացքում համապատասխան տարածք տրամադրել»: «Միևնույն է, այս տարածքն այլևս պիտանի չէր օգտագործման համար, քանի որ վթարային վիճակում էր»,- ասել է Ավագյանը: Սակայն ծնողները դժվարանում են հավատալ այդ խոստումներին, որոնք բազմիցս լսել են, երբ դիմել են համապատասխան կառույցների «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրի սառույցի` ամռան և աշնան ամիսներին բացակայության համար: Թեև դպրոցի տնօրենը տեղեկացնում է, որ այն մոտ մեկ շաբաթից արդեն կգործի, բայց 5-ամյա Վահան Խաչատրյանի տատը չի հավատում դրան. «Մեզ մայիսից ասում էին, թե մարզական մրցումների համար են սառույցը հալեցրել և մի քանի շաբաթից կվերականգնեն, բայց մինչև այսօր վերականգնում են, իսկ ես արդեն չգիտեմ`ուր փախչեմ թոռիցս, որն ամեն օր հարցնում է. «Տատ, ե՞րբ ես ինձ գեղասահքի տանելու»,- անհանգստացած է Վահանի տատիկը: Մարզահամերգային համալիրի սահադաշտը միակն է հանրապետությունում, որտեղ հնարավոր է գեղասահքի պարապմունքներ անցկացնել, քանի որ Կարապի լճում ձմռան ամիսներին ստեղծված բացօթյա սահադաշտը հարմար չէ պրոֆեսիոնալ պարապմունքների և լավ արդյունքների հասնելու համար: 2008 թ. դեկտեմբերին, երբ ռուս նշանավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում էր, հայտարարեց «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում դպրոց հիմնելու մասին, քանի որ «հայ երեխաների աչքերում տեսնում է մեծ ցանկություն, որն ամենակարևորն է գեղասահքում»: Շատերը ոգևորվեցին, սկսեցին խոսակցություններ տարածվել, թե գեղասահքը Հայաստանում էլ կզարգանա հայտնի ռուս գեղասահորդի աջակցությամբ, սակայն ո´չ դպրոցը բացվեց, ո´չ էլ խոստացված արտասահմանցի մասնագետներ եկան: Միակ դրական բանը սահադաշտն էր, որտեղ պարապելու համար երեխաների ծնողները ամսական մուծում էին 10000 դրամ (26 դոլար): Բայց մրցումների ժամանակ Երևանում մարզված երեխաները արդյունքների չեն հասնում: Միայն վերջերս պատանի գեղասահորդներ Սարգիս և Սլավիկ Հայրապետյան եղբայրները ԱՊՀ և բալթյան երկրների առաջնությունում զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը տղաների մենասահքում, այն էլ նրա շնորհիվ, որ արդեն 3 տարի է`պարապմունքներն անցկացնում են Ռուսաստանում: Երբ գալիք տարվա փետրվարին Վանկուվերում (Կանադա) մեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը, հայ երկրպագուները սակավաթիվ հայրենակիցների կկարողանան սատարել: Շատերը Երևանում գեղասահքի դպրոցի բացումը նման մարզաձևերը զարգացնելուն և ավելի շատ հետաքրքրություններ ստեղծելուն միտված առաջընթաց են համարել: Այդ հույսերն առայժմ սառեցվել են:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.