Արդիական փոխադրամիջո՞ց. սեգվեյը ժամանակից շուտ է Հայաստան մուտք գործում
Սեգվեյը դեռևս հազվադեպ երևույթ է Երևանի փողոցներում Այս գարնանը մայրաքաղաքում` Սարյան փողոցում, բացվեց սեգվեյի ներկայացուցչությունը և շուտով, զարմացած հայացքների ներքո, փողոցներով անցնում էին սեգվեյ վարողները` խույս տալով անցորդներից, որոնք կարծես ուրվական էին տեսել: Ինն ամիս անց էլ սեգվեյը դեռ հեռու է օրինաչափություն լինելուց, քանի որ Հայաստանում այն նույնքան կամ նույնիսկ ավելին արժե, քան միջին կարգի մեքենան` 10000-12000 դոլար: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Գալստյանը սեգվեյի սպառման համար փոքր շուկա է գտել այն հայերի շրջանում, ովքեր հաճույքի համար ծախսելու բավական գումար ունեն: «Մի քանի տարի առաջ, երբ ամառային հանգստի հիմնական վայրերից հայերի համար դարձան Վրաստանի ծովափնյա քաղաքները, մենք նկատեցինք, որ այնտեղ սեգվեյից հիմնականում օգտվում են հայերը, ու մտածեցինք, որ կարելի է դրանք ներմուծել նաև Հայաստան, և դա կարող է շահավետ բիզնես դառնալ»,- ասում է Գալստյանը: Գալստյանը 30 երկանիվ փոխադրամիջոց է ներմուծել, որից յոթը վաճառվել են: Մի քանի էլեկտրական երկանիվ փոխադրամիջոց է բերվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, որտեղ, ինչպես Սև ծովի ափին, հանգստյան օրերի հաճույքներին են տրվում հանգստացողները: Ըստ Գալստյանի` մի գործարար սեգվեյ է գնել իր 63-ամյա պապի համար, որ նա կարողանա ամեն օր տեղաշարժվել իր 73 հա հողատարածքում: 21-ամյա Արման Հարությունյանը սեգվեյ է քշում աշխատանքի ժամանակ մի վայրից մյուսը գնալու համար: Նա չի վճարում քշելավարձը, քանի որ Գալստյանն իր բարեկամն է: Հարությունյանն ասում է, որ արդեն սովորական է դարձել հանդիպել մարդկանց, որոնք հետաքրքրվում են, թե սեգվեյն ի՞նչ է, ի՞նչ արժե, ինչպե՞ս են վարում: «Մի անգամ նույնիսկ 60-ն անց մի տատիկ եկավ: Զրուցեցինք. պարզվեց, որ ժամանակին լողով է զբաղվել, վերջում էլ կանգնեց սեգվեյի վրա և հանգիստ վարեց»,- ասաց Հարությունյանը: Սեգվեյը վարձակալության տալն ամենահամեստ գործն է: Սակայն դա ևս թանկ հաճույք է` 15 րոպե վարելն արժե 8 դոլար, իսկ մեկ ժամը` 27 դոլար: Եվ զարմանալի չէ, որ սեգվեյ օրը մեկ կամ մի քանի անգամ են վարձում, իսկ օրեր են լինում, որ չեն էլ վերցնում: Սեգվեյ կարելի է քշել Գալստյանի գրասենյակի մոտ` Մոսկովյան 28 հասցեում: Գալստյանը չի ժխտում, որ սեգվեյը թանկ նորույթ է, որից օգտվում են մեծահարուստները: Եվ չնայած դրան` նա ձգտում է, որ Հայաստանը դառնա սեգվեյով երթևեկող երկրներից մեկը: «Հիշում եմ, երբ առաջին անգամ «Հաղթանակ» զբոսայգուց մինչև քաղաքի կենտրոն իջա սեգվեյով: Վարորդներն արգելակում էին մեքենաները, զարմացած նայում, շատերը գինն էին հարցնում: Իմանալով սեգվեյի արժեքը` նրանք ինձ խորհուրդ էին տալիս փոխարենը մեքենա գնել: Բայց, դե, սա չես համեմատի մեքենայի հետ, քանի որ ավելի ձեռնտու է սեգվեյ վարելը»,- կարծում է Գալստյանը: Տարբեր երկրներում սեգվեյը դարձել է սուրհանդակների, փոստատարների և անգամ ոստիկանների նախընտրած փոխադրամիջոցը: Երբ վերջերս Հյուսիսային պողոտայում ցուցադրվում էին սեգվեյի հնարավորությունները, ուշադիր հետևող ոստիկանության երկու սպայի հարց տվեցին, թե արդյոք կգերադասեն սեգվե՞յ վարել, թե՞ իրենց ոստիկանական տեղամաս ոտքով հասնել: «Չենք կարծում, որ սա մեր քաղաքի երթևեկության համար է»,- պատասխանեցին իրավապահները: Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստան ներմուծել General Motors-ի արտադրած նոր սեգվեյի երկտեղանի մոդելը: Այն կարժենա 30000 դոլար:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.