Բաղդադը` Արարատում. իրաքահայերը հայրենիքում հարմարվելու խնդիրներ ունեն
Կյանքը Դարբնիկում հեշտ չի եղել Մարգարյանների ընտանիքի համար: Մարգարյանների բազմանդամ ընտանիքն անցյալ տարվա ապրիլին ևս տեղափոխվեց Դարբնիկ ու հաստատվեց այնտեղ: Ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել 2004-ին: Ինը հոգանոց ընտանիքի ավագը` 62-ամյա Ժենևել Մարգարյանը, պատմում է, որ Իրաքում այլևս անհնար էր ապրել: Ընտանիքն անցյալ դարի սկզբից բնակվում էր Բաղդադում: «Կարող էիր գնալ շուկա և հետ չդառնալ»,- ասում է Մարգարյանը: Ընտանիքը, վախենալով հատկապես երեխաների առևանգումից, որ շատ տարածված է Իրաքում` մեծ փրկագնի դիմաց, որոշել է թողնել ամեն ինչ ու ապաստան հայցել պատմական հայրենիքում: «Հիմա որ գնանք մեր տուն ու մեր ֆոտոները ցույց տամ, կըսեք` ամա~ն, դուք ո՞նց եք հոս ապրում»,- Դարբնիկի ցեխոտ փողոցներով դեպի տուն գնալով` ասում է Մարգարյանը: Դարբնիկ (Երևանից 8 կմ հեռավորության վրա) գյուղը 1130 բնակիչ ունի, որի 90 տոկոսից ավելին փախստականներ են: Խորհրդային տարիներին գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք 1988-ի վերջին ազգամիջյան լարվածության խորացման հետևանքով հեռացան Հայաստանից` իրենց գյուղը թողնելով Ադրբեջանից Հայաստան եկած փախստական հայերին: Այժմ գյուղում կա 315 տնտեսություն, որից 26-ը 2009-ի ապրիլից գյուղում բնակություն հաստատած իրաքահայ փախստականներ են: Մարգարյանները, ինչպես բոլոր հայերն Իրաքում, մինչև ամերիկաիրաքյան պատերազմը, Սադդամ Հուսեյնի իշխանության շրջանում (1979-2003) ապրել են ապահով և բարեկեցիկ կյանքով։ Իրաքահայերը հայտնի են նախևառաջ որպես հմուտ արհեստավորներ: Նրանք քաղաքական կյանքում որևէ դերակատարություն չեն ունեցել, ինչը բնորոշ է Միջին Արևելքի հայկական գաղթօջախներին: Ըստ ՀՀ միգրացիոն գործակալության տրամադրած տվյալների` 2003-ից մինչ օրս Հայաստանում ապաստան են հայցել Իրաքի 991 հայ քաղաքացիներ, որոնցից 806-ը կեցության իրավունք են ստացել: Այժմ Հայաստանում մոտ 750 իրաքահայ է ապրում: Նրանց մի մասը (մոտ 150 մարդ) հեռացել է Հայաստանից և մեկնել հիմնականում ԱՄՆ և Միջին Արևելքի այլ երկրներ: Մարգարյանը Հայաստան է եկել ամուսնու, երկու որդիների, հարսների, դստեր ու երկու թոռների հետ: Ընտանիքը Հայաստանում կորցրել է հորը և համալրվել ևս երկու անդամով` կրտսեր որդու երկու դուստրերով: Եղբայրներ Արամն (37 տարեկան ) ու Ազատը (30 տարեկան) ամուսնացել են քրիստոնյա ասորի քույրերի`Նադիայի և Ասիլի հետ: Հայաստան տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում` մինչև Դարբնիկում հաստատվելը, վարձով են ապրել: «Պապան չդիմացավ, հոս տեղափոխվելեն քսան օր հետո նեղությունեն մահացավ: Ըսավ` ամա~ն, աս ի՞նչ տեղ է, նույնիսկ ասֆալտ չկա»,- ամուսնու մահվան պատճառն է բացատրում Մարգարյանը, որը այդպես էլ չի համակերպվել Բաղդադի իր տան կորստի հետ: Մարգարյանների տանն արբանյակային հեռուստատեսություն է միացված, որով հիմնականում արաբական ալիքներ են դիտում: Հեռուստացույցից լսվում է արաբական երաժշտություն, ու տատիկի հորդորով թոռնիկները սկսում են ցուցադրել արաբական պարեր, որոնք նրանց սովորեցրել է Ասիլը: Այժմ Մարգարյան եղբայրները մեքենաների վերանորոգման արհեստանոց ունեն Երևանում: «Հոստեղ կյանքը շատ թանկ է: Բաղդադում մենք ջրի, էլեկտրաէներգիայի, գազի համար ոչինչ չենք վճարել, ամեն ինչ ձրի է եղել»,- ասում է տիկին Ժենևելը, որը նաև չի համակերպվում հայաստանյան ձմռան հետ: «Բացի այդ, պետությունն ամեն ամիս ձրի տարբեր ապրանքներ կբաժաներ բոլոր ընտանիքներին` բրինձ, ալյուր, շաքարավազ»,- հավելում է 24-ամյա Ասիլը, որը հայերեն սովորել է ամուսնանալուց հետո, սակայն նրա խոսքում արդեն նկատելի են հայաստանցի հայերին բնորոշ որոշ ռուսերեն բառեր: Ըստ «Սեյվ դը չիլդրն» ՀԿ (որը մի շարք ծրագրեր է իրականացրել իրաքահայերի հարմարեցման և նրանց կյանքի բարելավման ուղղությամբ) «Մշակութային ադապտացում կրթության միջոցով» ծրագրի գլխավոր համակարգող Գոհար Գալստյանի` ասֆալտից բացի, իրաքահայերի համար դժվարություններ է ստեղծում գյուղական տրանսպորտը (ավտոբուսն անցնում է մի քանի գյուղերով, ու Երևան հասնելը տևում է մոտ մեկ ժամ), ինչպես նաև աղբահանությունը, որը չի իրականացվում գյուղում (բնակիչներն աղբը պարզապես նետում են գյուղ տանող ճանապարհի եզրին): Ըստ Գալստյանի` իրաքահայերի համար Հայաստանում հաստատվելն ուղեկցվել է սոցիալական խնդիրներով, որին սովոր չեն եղել վերջիններս, քանի որ Իրաքում շատ լավ են ապրել: «Նրանք ունեն նաև լեզվի խնդիր, քանի որ նորմալ աշխատանքի տեղավորվելու համար բավարար չեն հաղորդակցվում (հայերենով): Բացի այդ, շատ քչերն են, որ բարձրագույն կրթություն ունեն, նրանց (իրաքահայերի) մեծ մասը ոսկերիչ են ու ավտոմեքենա վերանորոգող»,- ասում է Գալստյանը: Գալստյանի խոսքով` իրաքահայերի մեծ մասը շահագրգռված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: «Նախ` քաղաքացիություն ստանալու պարագայում կզրկվեն որոշ արտոնություններից, որ ունեն փախստականի կարգավիճակում, բացի այդ, նրանց մեծ մասը հավանաբար դեռ վերջնական որոշում չի կայացրել` մնա՞լ Հայաստանում, թե՞ ուրիշ երկիր գնալ»,- ասում է Գալստյանը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.