Հանուն անաղարտ հայերենի. լեզվի մաքրության շուրջ բանավեճերը թեժ քննարկումների առարկա են դարձել պաշտոնապես հաստատված Մայրենիի տարվա ընթացքում
«Հայերենն ամենահին կենդանի լեզուն է»: Լեզվի որակի վերաբերյալ բանավեճերն ու հայ լեզվաբանների տագնապալից ահազանգերը մամուլում ու հեռուստատեսությունում նորություն չեն: Անցյալ շաբաթվանից դրանք ավելի հաճախակի դարձան այն պատճառով, որ դեռ 2005-ից Հայաստանը փետրվարի 21-ին նշում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված Մայրենիի միջազգային օրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն նշում է 1999-ից): ՀՀ սփյուռքի նախարարությունը այս տարին հռչակել է մայրենիի և ընթերցանության տարի: Անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ լեզվի անաղարտության պահապանները նախևառաջ պետք է լինեն պաշտոնյաները, աշխատանքներ պետք է տանել հեռուստալեզուն և համացանցի լեզուն մաքրելու ուղղությամբ: Հայ լեզվաբանների հիմնական բողոքը վերաբերում է հեռուստաեթերին, որը լի է ոչ ճիշտ հայերենով հաղորդումներով, ինչն էլ անմիջապես ազդում է հատկապես անչափահասների խոսքի վրա: Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարիամ Կիրակոսյանն այդ քննադատների թվում է: Ըստ նրա` հեռուստաընկերությունները չպետք է արդարանան` ասելով, թե իրենք ցույց են տալիս այն, ինչ մարդիկ ցանկանում են դիտել: «Եթե նյութը լինի բովանդակալից ու մաքուր հայերենով, հեռուստադիտողը մեծ հաճույքով կդիտի այն»,- համոզված է Կիրակոսյանը: ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ու ավագ սերնդի շատ գրողներ իրենց քննադատության թիրախ են դարձնում ժամանակակից այն գրողներին, որոնց ստեղծագործություններում կան հայհոյանքներ, գռեհկաբանություններ և ժարգոնային արտահայտություններ: 27-ամյա գրող Կարեն Անտաշյանը, որը ««Անտաշատ. պոեզիա 78%» գրքի հեղինակն է, իրեն չի համարում այն հեղինակներից, որոնք «արդի հայ գրականության մեջ «ավանդական» լեզվաշերտին սուր հակադրում են հայոց լեզվի ժարգոնա-բարբառա-փողոցային ծայրահեղական իջեցումները, թեպետ հիվանդագին էլ չի ընդունում ժամանակ առ ժամանակ իրականացվող այդ փորձերը»: Անտաշյանը, սակայն, դեմ է այն գրականությանը, որը «ոչինչ չի ավելացնում լեզվին»: «Շատ կարևոր է գիտակցել, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, և չպետք է լեզվի մետամորֆոզներից վախենալ և նրան պաշտպանել այնպես, ինչպես խանդոտ ծնողն իր երեխային է «պաշտպանում» մեծանալուց: Գրական լեզվաշերտն “update” անելու գործում կարևոր է չափի զգացումն ու զուտ գրողական ինտուիցիան, որովհետև ի վերջո ցանկացած լեզվաշերտ վաղեմության ժամկետ ունի»,- ասում է Անտաշյանը: Երիտասարդ գրողի կարծիքով` հայերենը պետք է ոչ թե պահպանել («պահպանում են այն, ինչ թանգարանային կարևորություն ունի, այսինքն` այլևս մեռած է»), այլ մտածել դրա զարգացման շուրջ: «Ես կարծում եմ, որ ոչ թե հայոց լեզվի որակի շուրջ է պետք անհանգստանալ, այլ այն կրողների գրագիտության: Քանի դեռ բանավորը դոմինանտ է գրավորի վրա, կամ քանի դեռ մերոնք քիչ են կարդում կամ չեն կարդում ընդհանրապես, ապա բանավոր լեզուն պետք է շարունակի գնալ զարտուղի ճամփեքով»,- ասում է Անտաշյանը: Նա նաև կարծում է, որ սփյուռքահայերի չորրորդ սերնդի համար, որն արդեն հայերեն չգիտի, պետք է ավելացնել հայերեն ինտերնետային բովանդակության ծավալը, հայերենի ուսուցման թվային միջոցների ստեղծումը: «Իսկ ընդհանրապես համաշխարհայնացող աշխարհում հայերենի նման քիչ կրողներ ունեցող լեզուները մահանալու վտանգի տակ են: Սակայն իմ «շովինիստական» կարծիքով` աֆրիկյան ինչ-որ ցեղի լեզվի մահն ու հայերենի մահը համաշխարհային մշակույթի համար բնավ էլ նույն արժեքը չունեն: Ամեն դեպքում հայերենը ամենահին կենդանի լեզուներից է»,-մտահոգվում է Անտաշյանը: Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Հրազդան Մադոյանն էլ կարծում է, որ ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին հերթին հեռուստատեսությամբ հնչող խոսքը պետք է լինի գրագետ: «Առաջին հերթին պետք է այն մարդիկ գրագետ խոսեն, որոնք ամեն օր կամ հաճախ են լինում եթերում»,-ասում է լեզվաբանության դոցենտը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
-Mher Kaynakjyan, AM
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.