Կա´մ նայում եք, կա´մ բողոքում. հայկական եթերի ցածրորակ սերիալները կրկին քննադատության են արժանանում

Կա´մ նայում եք, կա´մ բողոքում. հայկական եթերի ցածրորակ սերիալները կրկին քննադատության են արժանանում


Հայաստանում շարունակում են քննադատություններ հնչել հեռուստատեսային արտադրանքի, մասնավորապես` սերիալների հասցեին, սակայն դրանց բովանդակությունը, ըստ էության, չի փոխվում: Հեռուստաընկերություններին մեծ լսարան և գովազդային հսկայական շահույթներ բերող սերիալների բովանդակությանը վերջին տարիներին անդրադարձել են բազմաթիվ արվեստագետներ, հոգեբաններ, կոնֆլիկտաբաններ, նույնիսկ պատգամավորներ` պահանջելով բարելավել դրանց բովանդակությունը` հանրության, հատկապես պատանիների և երիտասարդների հոգեբանությանը չվնասելու համար: Ի պատասխան սերիալ արտադրողներն ասում են, որ իրենք արտացոլում են իրական կյանքը և բնավ էլ նպատակ չունեն հերոսացնելու հանցագործներին, այլ փորձում են վեր հանել հասարակական կյանքի հոռի երևույթներն ու բարքերը:

«Տելեմեդիակոնտրոլ» ընկերության ամենշաբաթյա մոնիթորինգի համաձայն` Հայաստանում ամենաշատ դիտվող հաղորդումների աղյուսակում գերակշռում են սերիալները` «Աննա», «Հրեշտակների դպրոցը», «Եզրագծից այն կողմ», «Դժվար ապրուստ», «Անուրջներ», «Լիալուսին» և այլն: Ընդ որում, առաջին երկու սերիալները շաբաթներ շարունակ գլխավորում են այդ աղյուսակը: Մեկ այլ հետազոտության համաձայն` սերիալ դիտում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը:

Երիտասարդ կոնֆլիկտաբանների ակումբը մի քանի ամիս առաջ մտահոգություն էր հայտնել, որ սերիալների հերոսների (որոնք կա´մ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, կա´մ շատ դաժան կյանք ունեցող մարդիկ) կյանքում հնարավորինս շատ դժբախտությունների և տառապանքների տեսարանները հեռուստադիտողների մոտ կյանքի վերաբերյալ թյուր պատկերացում են ձևավորում: Կոնֆլիկտաբաններին անհանգստացնում է նաև այն, որ սերիալները լի են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության տեսարաններով:

«Նման սցենարները, հեռուստադիտողների մեջ ստեղծելով սերիալային անցանկալի ինքնություն, նրանց դրդում են ներկայացվող վարքը պրոյեկտել իրական կյանքում: Այդ միջոցով հասարակության տևական «մշակումը» մարդկանց մեջ ձևավորում է խեղված հոգեբանություն: Սերիալները բացասաբար են անդրադառնում հատկապես անչափահասների վրա, ովքեր տեսածն իբրև իրականություն ակնկալելու առումով ավելի խոցելի են: Անչափահասները սերիալների հերոսներին ընդունելով որպես չափանիշ` «հաջողությամբ» նմանակում են նրանց վարքը, խոսելաոճը և բառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են մայրենին»,- ասում են կոնֆլիկտաբանները հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին և սերիալներ արտադրող` «Հ1», «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններին:

Ակումբի անդամ, կոնֆլիկտաբան Աստղիկ Խաչատրյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել:

«Սերիալներ արտադրող հեռուստաընկերություններից ոչ մի արձագանք չենք ստացել, իրավիճակը որևէ կերպ չի փոխվել, դեռ մի բան էլ ավելացել են բռնության տեսարանները, քանի որ սերիալներն են ավելացել»,- ասում է Խաչատրյանը:

Անցյալ տարի Տավուշի մարզի գյուղերից մեկում ինը տարեկան մի տղա ծեծելով արյունլվա էր արել համագյուղացու շանը, այնուհետև զանգելով շատ տիրոջ տուն` փոխված ձայնով պահանջել էր մեկ միլիոն դրամ դնել իր նշած տեղում, այլապես ընտանիքի բոլոր անդամներին շան օրը կգցի: Ոստիկանությունում տղան ասել էր, որ վարվել է սերիալներից մեկի ծպտյալ հերոսի օրինակով:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը, ով «Ագրեսիվ սոցիալական դիրքորոշումների ձևավորումը լրատվամիջոցներում» վերնագրով հետազոտություն է հեղինակել, «ԱրմենիաՆաուին» ասում է, որ հեռուստատեսությունը` որպես ոչ ֆորմալ կրթական ինստիտուտ, իր ագրեսիվ բովանդակության պատճառով դիսֆունկցիոնալ ազդեցություն է ունենում լսարանի վրա:

«Հայկական ապասոցիալական, ագրեսիվ ֆիլմերն ու հաղորդաշարերն առավել ուժեղ են ազդում հայ լսարանի վրա, քանի որ ազդեցության գործոնն ու թիրախը նույն մշակույթի, լեզվի, սոցիալական իրականության կրողն են»,- ասում է փորձագետը:

Միրաքյանն իր հետազոտությունում մեկ ամիս դիտարկել է երեք սերիալներ` «Աննա 2», «Վերադարձ 2», «Ժառանգներ» (վերջին երկուսը արդեն ավարտվել են, սակայն, ըստ Միրաքյանի, դրանց փոխարինող սերիալները չեն տարբերվում դրանցից) և եզրահանգել, որ այդ սերիալներում ագրեսիվ և ընկճվածության դրվագները զգալիորեն գերիշխում են ոչ ագրեսիվ և չեզոք տեսարաններին:

Արդյունքում, ըստ Միրաքյանի, այս բովանդակությամբ և ուղղվածությամբ սերիալները կարող են հանգեցնել լեզվական խեղումների, լեզվամտածողության փոփոխության, երբ հատկապես դպրոցականները սկսում են խոսել քրեական ենթամշակույթին հատուկ բառապաշարով, բացի այդ, խեղվում է նաև ընտանիքի ընդունված մոդելը: «Քանի որ սերիալներում համատարած ագրեսիա կա` տղամարդը կնոջ, երեխան` ծնողի, տղամարդը` տղամարդու նկատմամբ»,- ասում է Միրաքյանը:

«Մեզ մոտ ոստիկանական սերիալ են ցուցադրում, որում միևնույն է ներկայացնում են գողական աշխարհը, առաջին պլանում այդ մարդիկ են: Եթե նույնիսկ հանցագործը վերջում պատժվում է, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ ամբողջ սերիալի ընթացքում այս կերպարը որպես քարոզչության օրինակ է ծառայում»,- ասում է Միրաքյանը` հավելելով, որ Արևմուտքում այս խնդիրը ևս չեն կարողացել լուծել, բայց գոնե, օրինակ` ոստիկանական սերիալներում ոստիկանի կերպարն են առաջին պլանում ներկայացնում, իսկ հանցագործին` առավել կարճատև դրվագներում:

Միրաքյանը հետազոտությունում նաև եզրահանգում է, որ իր ուսումնասիրած սերիալները մեծ թվով ագրեսիվ տեսարանների միջոցով լսարանում քաղաքացիական լարվածություն, սթրեսային իրավիճակ ստեղծելու պոտենցիալ ունեն, որը «կարող է համապատասխանել տեղեկատվական ոլորտում Հայաստանի հակառակորդների շահերին»:
ԱրմենիաՆաուի էջերում