Աչքը դուրսն է. Մեղրիի բերքն ավելի ոսկե է, քան նրա ապագան

Աչքը դուրսն է. Մեղրիի բերքն ավելի ոսկե է, քան նրա ապագան

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Աշնան մայրամուտի արևը ոսկեզօծել էր բարձր ժայռերի արանքում ծվարած Մեղրիի այգիները, հասած նռնենիներն ու արքայանարնջի կարճլիկ ծառերը կքել էին բերքի առատությունից, ու հեռվից թվում էր, թե ողջ քաղաքը նկարել են նարնջագույն ու կարմիր պուտերով:


Այս արևոտ ու քաղցր քաղաքում մարդկանց սրտերը լուսավորող հույս գրեթե չկա:

«Տառապում ենք սաղ տարի, տնկում ենք, քաղում ենք բերքը ու հետո մնում- փչանում ա: Երևան չենք կարա տանենք` շատ հեռու ա: Էն ա` մեր թուզը թողած, Իրանից ֆուռերով բարձած թուզ են տանում Երևան: Մեր լացը գալիս ա, մեր թուզը փչանում ա, իրանք պարսիկների թուզն են առնում»,- նեղսրտում է 67-ամյա մեղրեցի Ալվարդ Դանիելյանը:

Երևանից մոտ 400 կմ հեռու Մեղրիում ապրում է 4500 մարդ, որոնք պտղատու ծառեր ունեն և մրգերի վաճառքի միջոցով կարողանում են վաստակել ընդամենն իրենց ապրուստը, ոչ ավելին:

«Արդեն մի քանի տարի է` բարձրացնում ենք սառնարանային հատուկ մեքենաների ձեռքբերման հարցը, որը հնարավորություն կտար նորմալ պայմաններում Մեղրիի հոյակապ քաղցրահամ միրգը հասցնել Երևան, Գյումրի ու նաև արտահանել, բայց հարցը տեղից չի շարժվում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:

Բնության բարիքներն իրացնելու միակ միջոցը Մեղրիի պահածոների գործարանն է, որը սակայն միրգն ու բանջարեղենը մթերում է այնքան էժան գնով, որ մեղրեցիները համարում են «թափելու գին»:

«Էս ընտիր թուզը մթերել են 150 դրամով (մոտ 45 սենթ), էն դեպքում, երբ դա Երևանում վաճառվում է 700 դրամով (մոտ 2 դոլար): Ախր, շատ անարդար է, գիտեն, որ չենք կարա Երևան հասցնել, մինչև հասնի` կփչանա, կթափենք, էն ա էդ թափելու գնով էլ իրենց ենք տալիս»,- ցավով ասում է հինգ երեխաների հայր, 45-ամյա Սերգեյ Վարդանյանը:

Մեղրիի շրջանի միակ պահածոների գործարանի ծավալները բավական քիչ են, խորհրդային տարիներին մոտ 300 աշխատող ունեցող գործարանն այսօր ունի ընդամենը 40 աշխատող, այն էլ` միայն ամռան ամիսներին:

Չնայած նախորդ տարի կառավարության աջակցության ծրագրով գրեթե կրկնապատկել է մթերման ծավալները, սակայն գները մնացել են նույնը: (Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 40 մլն դրամի վարկով (106.000 դոլար) գործարանը հնարավորություն ունեցավ կրկնապատկել աշխատողների թիվը:)

Բացի այն, որ մեղրեցիներն իրենց բերքի դիմաց ստանում են նվազագույն վճարը, նրանք կրկնակի վնաս են կրում, քանի որ (Իրանից) ներմուծված ապրանքներն այստեղ վաճառվում են Երևանից գրեթե կրկնակի բարձր գնով, օրինակ` իրանական կիտրոնը, որը Երևանում արժի 150 դրամ (մոտ 40 սենթ), Մեղրիում` 300 դրամ (մոտ 80 սենթ) է, աման լվանալու հեղուկը Երևանում 350 դրամ է (մոտ 1 դոլար), Մեղրիում կրկնակի:

«Էս հարցի մասին արդեն հոգնել ենք խոսելուց. մեր քթի տակով ապրանքը տանում են Երևան, ստեղ չեն բացում մի շուկա, մաքսազերծման կետ, որպեսզի կրկնակի շահույթ ունենան` նույն ապրանքը հետ բերեն Երևանից ու մեզ վրա կրկնակի գնով վաճառեն, էս ուղղակի աբսուրդ է»,- ասում է տաքսու վարորդ Սուրեն Մովսիսյանը, ու թեման զայրույթով սկսում են քննարկել Մեղրու կենտրոնում հավաքված մեղրեցիները:

«Ամենածայրն ենք, սահմանամերձ, ու մեզ էլ հիշում են ամենավերջում, անգամ գազ չկա, խոստացել են 2012-ին անցկացնել, տեսնենք` գուցե [իշխանություններն] ընտրություններին հիշեն մեզ»,- զայրանում է Մովսիսյանը:

Քաղաքի խնդիրներից չեն տարբերվում նաև գյուղի խնդիրները:

Երկնքից կախված բարձր ժայռերին թիկնած Կարճևան գյուղը Մեղրիի շրջանի ամենամեծ գյուղերից է, որը սակայն ունի ընդամենը 90 տնտեսություն:

«Մարդ չի մնում գյուղում, բոլորը գնում են, մեր գյուղը դեռ բախտավոր ա, էն ա կողքի Կիրիսում հինգ ընտանիք ա մնացել»,- ասում է 74-ամյա կարճևանցի Սուրիկ Ղազարյանը:
Շատերը սակայն այս գյուղում աշխատանք ունեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, որը ճգնաժամից հետո արդեն մեկ տարի է` աշխատանքով ապահովել է մոտակա քաղաքի ու գյուղերի մոտ 700 մարդու:

Թեև այստեղ աշխատանք կա, սակայն գյուղացիների համար ապագան մշուշոտ է:

«Ոչ մեկը վստահ չի վաղվա օրվա մեջ, ամեն ինչից էնքան հեռու ենք, դրա համար օր առաջ բոլորն ուզում են գնալ, էրեխա էլ չեն ունենում, տարեկան էրկու ծնունդից ավելի չի լինում»,- ասում է գյուղի բուժքույր Կարինե Ղուկասյանը:

Գյուղի ութամյա դպրոցում սովորում է ընդամենը 29 աշակերտ, ավելի քիչ, քան Երևանի դպրոցների մեկ դասարանում: Կան դասարաններ, որտեղ սովորում է միայն մեկ աշակերտ, իսկ առաջին դասարանցիներ այս տարի չեն եղել:

Ութերորդ դասարանցի Արթուր Կարապետյանն արդեն երկու տարի է` դասընկեր չունի.

«Մեր դասարանը մի հոգանոց ա, մենակ ես եմ, մեկն էլ չկա` գոնե դասին խոսամ, տանջվում եմ, դրա համար ուզում եմ գնամ ստեղից»,- ասում է Արթուրը:

«Ոչ մեկը իր ապագան ստեղ չի տեսնում»,- ասում է 25-ամյա Գոռ Խաչատրյանը:

«Պիտի աշխատես, ոչ մեկ քեզ չի պահելու,- ժպտերես ասում է երեք տղաների մայր Ալվարդ Խաչատրյանը`ուղղելով չրերի շարանները: - Ամեն ինչ անում ենք`անասուն ենք պահում, մեղու ենք պահում, կոմբինատում ենք աշխատում, դժգոհ չենք, ուղղակի էրեխեքի համար ապագա չկա գյուղում, սովորելու հնարավորություններ չկան, դրա համար բոլորի աչքն էլ դուրսն է»:
ԱրմենիաՆաուի էջերում