Համատեղել անհամատեղելին. թուրքահայերը` կարգավիճակի և ինքնության մարտահրավերների առաջ

Համատեղել անհամատեղելին. թուրքահայերը` կարգավիճակի և ինքնության մարտահրավերների առաջ

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Դուք երջանիկ եք, Արարատ ունեք»,- ասում է ստամբուլահայ Ժանեթ Պետրոսօղլուն

Առաջին անգամ Հայաստան այցելությունից հետո ստամբուլահայ Ժանեթ Պետրոսօղլուի համար ինքնության հարցերը կրկնապատկվեցին և ոչ թե վերացան, ինչպես սպասում էր:

«Հայաստանում ես զգացի, որ դեռ շարունակելու եմ երկփեղկված ապրել: Այստեղ թուրքահայերին դեռ նույնացնում են թուրքերի հետ, ու մենք դեռ դատապարտված ենք ապրելու երեք քարի արանքում. Թուրքիայում մեզ չեն ընդունում որպես լիարժեք քաղաքացի, քանի որ հայ ենք, Հայաստանում չեն ընդունում որպես լիարժեք հայ, քանի որ Թուրքիայի քաղաքացի ենք, սփյուռքի համար էլ մենք բոլորովին անընդունելի ենք, քանի որ չենք բարձրաձայնում Ցեղասպանության հարցը»,- ասում է նա:

«Ոչ ոք մեզ չի հասկանում,- զայրույթը կոկորդում խեղդելով ասում է 28-ամյա Ժանեթն ու հայացքն ուղղում դեպի Արարատը. - Դուք երջանիկ եք` Արարատ ունեք»,- անկեղծորեն ասում է նա, բայց հետո ժպտում` հասկանալով ասվածի հակասությունը:

Այս հակասության ու չհասկացված լինելու ցավով են ապրում շատ թուրքահայեր, որոնց համար լռելը հաճախ եղել է ուղղակի ապրելու միջոց, և այդ լռությունը խախտելու համար իր կյանքով հատուցեց Հրանտ Դինքը (ստամբուլահայ հայտնի լրագրող, որին իր խմբագրատան («Ակոս») առաջ սպանեցին 2007 թ.), մինչդեռ նույն այդ հակասության մեջ էր ապրում նաև Դինքը. Թուրքիայում նրան դավաճան էին անվանում, սփյուռքում` լրտես:

Մոտ 50 հազարանոց Թուրքիայի հայ համայնքի մեծ մասն այսօր ապրում է Ստամբուլում, չնայած մեծ թվով իսլամացված հայեր են հաշվվում նաև երկրի այլ տարածքներում` մոտավոր տվյալներով` 200.000: Այս տվյալները ներկայացնում են հայաստանցի թուրքագետները` ելնելով արխիվային հստակ տվյալներից, որ մոտ 100.000 կին և երեխա է բռնի իսլամացվել 1915-ին, նրանց սերունդների մոտավոր թիվը հաշվում են 200.000:

«Հայերը Թուրքիայում քրիստոնյա ամենամեծ, բայց ամենաանտեսված ազգային փոքրամասնությունն են,- կարծում է TESEV-ում (Turkish Economic and Social Studies Foundation - Թուրքիայի տնտեսության և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամ) ծրագրի ղեկավարի օգնական Յոզգե Գենչը` ափսոսալով, որ չի օգտագործվում հայերի մեծ ներուժը:

«Հայերի համար գլխավոր խնդիրն այսօր էլ մնում է այն, որ նրանք չեն դիտարկվում որպես Թուրքիայի պետության իսկական քաղաքացիներ: Եվ ի տարբերություն մյուս քրիստոնեական փոքրամասնությունների` հայերին հաճախ էլ ավելի չեն վստահում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գենչը:

Մշտապես փակ ու վախվորած ապրող համայնքը, որոնց մեծ մասն ունի թուրքական ազգանուններ ու անգամ հիմա էլ խոստովանում է, որ հաճախ խուսափում է փողոցում հայերեն խոսելուց, ավանդաբար իր խնդիրները չի բարձրաձայնել:

«Վերջերս Ստամբուլի մետրոյում հայերեն բառեր ականջիս հասան. զարմացած հետ նայեցի` հայաստանցիներ էին խոսում, այդ պահին միայն գիտակցեցի, թե որքան վախի մեջ ենք մենք ապրել: Մենք փողոցում վախենում էինք հայերեն խոսել, մենք վախենում էինք անգամ եկեղեցում հայերեն խոսել, չգիտեմ` այս վախը լիարժեքորեն կհաղթահարե՞նք երբևէ»,- ասում է Ժանեթը:

Վախը հետզհետե դարձավ սովորություն, և ինչպես ասում է ստամբուլահայ հայտնի սոցիոլոգ, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Արուս Յումուլը, «լեզուն դարձավ կարևոր միայն սիմվոլիկ առումով, այն չի օգտագործվում, բայց մնում է որպես արժեք»:

Ստամբուլում գործող մոտ 36 եկեղեցիներում պատարագից հետո էլ քարոզը սովորաբար թուրքերեն է անցկացվում, որպեսզի լիարժեք հասկանալի ու ընկալելի լինի բոլորին, շատերն էլ չեն թաքցնում, որ աղոթում են թուրքերեն` պատճառաբանելով, թե «դա է ամենօրյա լեզուն»:

Թուրքահայերի համար սա ևս մի անհաղթահարելի հակասություն է.
Աստծուն աղոթել մի լեզվով, որի կրողները հենց այդ Աստծուն աղոթելու համար են քեզ մորթել, սա առնվազն ճակատագրի սարսափելի հեգնանք է:

Հակասությունները շատ են, սակայն դրսից հնչող ամենամեծ քննադատությունը վերաբերում է Ցեղասպանության հարցի շուրջ թուրքահայերի լուռ, որոշ դեպքերում անգամ` մերժողական կեցվածքին:

«Հայաստանցիների համար տարօրինակ, հաճախ անընդունելի է թուրքահայերիս լռությունը, բայց տարիներ շարունակ դա եղել է գոյատևման ռազմավարություն,-«ԱրմենիաՆաուին» ասում է Յումուլը: - Բայց մեզ համար էլ այս կարգավիճակը դժվար է, մենք ողջ սփյուռքի համար մի տեսակ կորուսյալ գառ ենք, կողմնակի անձ, օտար թե´ ներսում, թե´ դրսում»:

Լռելու ռազմավարությունը սակայն փոխվեց 90-ականներից ի վեր, առավել մեծ բեկում տեղի ունեցավ Հրանտ Դինքի սպանությունից հետո.

«Հրանտի մահը կարծես արթնացրեց շատերին և ստիպեց հիշել կրկին ինքնությունն ու չվախենալ հայ լինելուց»,- ասում է Յումուլը:
Սակայն ստամբուլահայերից շատերն են շեշտում, որ դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն, որպեսզի հաղթահարեն հայ ու Թուրքիայի քաղաքացի լինելու անհամատեղելիությունը:

«Երբ մի տարի առաջ սփյուռքում հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ «լավ հայը իր ապրած երկրի լավ քաղաքացին է», մեզ համար դա իսկական գլուխկոտրուկ էր, դրան մենք չենք կարող համապատասխանել,- կատակում է Ժանեթը` շուտասելուկի նման կրկնելով,- եթե մենք լինենք Թուրքիայի լավ քաղաքացի, դրսից լավ հայ չենք ընկալվի, իսկ եթե փորձենք լավ հայ լինել, Թուրքիայի լավ քաղաքացի լինել չենք կարող»:
ԱրմենիաՆաուի էջերում