Մտահոգություններ կենդանիների շուրջ. մայրաքաղաքում թափառող շները շարունակում են մնալ քննարկման առարկա

Մտահոգություններ կենդանիների շուրջ. մայրաքաղաքում թափառող շները շարունակում են մնալ քննարկման առարկա

Ֆոտոլուր

Երևանում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է անհանգստացնել մի խումբ կենդանասերների, որոնք կարծում են, որ քաղաքապետարանն իրականում ոչինչ չի անում այդ խնդրի լուծման համար:


Չորեքշաբթի կայացած ասուլիսում թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Փրո Փոուզ» (Pro Paws) բրիտանական բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը հայտարարեց, որ եթե ստերջացված և ոչնչացված շների թիվը իրականությանը համապատասխաներ, ապա մայրաքաղաքում այլևս չստերջացված [չստերիլացված] թափառող շուն չպետք է լիներ:

Երևանի քաղաքապետարանի կողմից լիազորված միակ կազմակերպությունը, որը 2006-ից ստերիլացնում կամ ոչնչացնում է թափառող շներին, «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունն է: Ըստ կազմակերպության տրամադրած պաշտոնական տվյալների` 2006-2010 թվականներին ստերջացվել է 35 հազարից ավելի թափառող շուն, ոչնչացվել կամ քնեցվել են մոտ 90 հազարը:

Կազմակերպությունը վերջին երկու տարիների ընթացքում իր աշխատանքների իրականացման համար քաղաքապետարանից ստացել է տարեկան 180 միլիոն դրամ (մոտ 473 հազար դոլար), իսկ նախորդ տարիներին գումարը կազմել է 120 միլիոն դրամ (մոտ 315 հազար դոլար):

Արամյանն ասում է, որ, չնայած «Յունիգրաֆ իքս»-ի ներկայացրած տպավորիչ տվյալներին` թափառող կենդանիների թիվը և նրանց ագրեսիվությունն աճել են:

«Եթե թափառող կենդանիների խնդիրը լուծվի, ապա պետբյուջեից այլևս գումարներ չեն տրամադրվի: Եթե վեց տարում նրանք (նախագծի պատասխանատուները) կարող են 3 միլիոն դոլար ունենալ, ապա ինչո՞ւ հաջորդ վեց տարում էլ չունենան նույնը (գումարը)»,- հարցրեց Արամյանը:

«ԱրմենիաՆաուի» հետ զրույցում «Յունիգրաֆ իքս» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանն ասաց, որ կազմակերպությունը քնեցնում է շներին, եթե համապատասխան լաբորատոր հետազոտությունից հետո պարզվում է, որ շունը ծեր է, ագրեսիվ կամ վարակակիր, իսկ եթե ոչ, ապա ստերիլացվում է: 2010 թվականի տվյալներով` կազմակերպությունը քնեցրել է 25 հազար շուն, ստերիլացրել` 11.610: Վերջին տարիների վիճակագրության համաձայն` ոչնչացված շների քանակը միշտ ավելի շատ է, քան ստերիլացվածներինը:

«Քաղաքապետները փոխվում են, իսկ թափառող կենդանիների խնդրի լուծմանն առնչվող ծրագրերը` ոչ: Խփել են, խփում են և շարունակելու են խփել»,- մեղադրում է Արամյանը:

«Փրո Փոուզ»-ի ներկայացուցիչներն առաջարկում են Հայաստանին միանալ կենդանիների իրավունքների միջազգային կոնվենցիաներին և օրենք ընդունել, որով կարգելվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Արամյանն ասում է, որ «Յունիգրաֆ իքս»-ում ստերջացվող կենդանիներին չեն թմրեցնում` այդպիսով կտտանքների ենթարկելով նրանց:

Հակադարձելով այս մեղադրանքներին` «Յունիգրաֆ իքս»-ի փոխտնօրենն ասաց, որ իրենք շներին ոչ մի կտտանքի չեն ենթարկում, նրանց թմրեցնում են ստերջացումից առաջ, և կազմակերպության մասնագետներն օգտագործում են բոլոր օրինական, թույլատրելի դեղամիջոցները: Գրիգորյանի խոսքով` ստերջացումը, որ միջինն արժի 8000 դրամ (21 դոլար), իր մեջ ներառում է նաև տարբեր պատվաստումներ, մասնավորապես` ժանտախտի և կատաղության դեմ:

«Եթե վերջին տարիներին կատաղության դեպքեր չեն գրանցվել Երևան քաղաքում, ապա դա նաև «Յունիգրաֆ իքս»-ի շնորհիվ է»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանն ասում է, որ շներն ավելի ագրեսիվ են դառնում ձմռանը, երբ կեր հայթայթելու խնդիր են ունենում, իսկ տաք եղանակներին ավելի հանգիստ են: Նրա խոսքով` Երևանում թափառող կենդանիների քանակը չի ավելացել, թիվը օպտիմալ է:

«Ուղղակի թափառող կենդանիների դեմ պայքարն իրականացվում է միայն Երևան քաղաքում, իսկ մարզերից դեպի Երևան թափառող կենդանիների մեծ հոսք կա: Եթե մարզերում էլ զբաղվեն այս խնդիրներով, ապա մեր աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա»,- ասաց Գրիգորյանը:
ԱրմենիաՆաուի էջերում