Վտանգավոր սեզոն. սպանությունը որպես հայ քաղաքական կյանքում հարց լուծելու միջոց2006 թվականին գրանցվեց 6 աղմկահարույց հանցագործություն, սպանվեց 8 մարդ, այդ թվում` երկու պատահական անցորդ, երկուսն էլ` կին. մեկը դուրս էր եկել գնումներ անելու, մյուսը Արմավիրի ճանապարհին ապրանք էր վաճառում: Անցյալ տարվա սպանությունները համարվում էին հիմնականում անձնական հաշիվները մաքրելու հետևանք: Երկուշաբթի օրվա մահափորձը, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերադառնում էր կուսակցության բարձրաստիճան նիստից, անխուսափելի հարց է առաջ բերում. արդյո՞ք այս և մյուս սպանությունները պայմանավորված են քաղաքական չարակամությամբ: Հաշվի առնելով Հայաստանում առկա կլանային կուսակցական տարաբաժանումը` շատերը համոզմունք են հայտնում, որ այս միջադեպերը վերջինը չեն կիրակի պաշտոնապես մեկնարկող ընտրարշավի ընթացքում: Ստորև ներկայացնում ենք վերջին 13 ամսվա դեպքերը.
Վարդանյանի սպանությունը բացահայտված չէ, քանի որ թեև կա կասկածյալ, նա մինչև օրս հետախուզման մեջ է: Միակ դեպքը, երբ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, Դալարի գյուղապետի սպանությունն է (մարդասպանին տեղում են բռնել): Տիրող անպատժելիության մթնոլորտով ու քրեական տարրերի ակտիվացմամբ քաղաքական գործիչները սկսեցին անհանգստանալ 2005-ի փետրվարին, երբ տեղի ունեցավ «Տեցի կռուգի» հայտնի «ռազբորկան», որին մասնակցել էին որոշ պատգամավորների շրջապատի անձինք ու թիկնապահներ: Իրավապահներն իմացան այդ գործի մասին միայն այն ժամանակ, երբ հրազենային վնասվածքներով, ծանր վիճակում 3 երիտասարդներ տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն (նրանցից մեկը հետագայում մահացավ): Սկզբում լրատվամիջոցները հաղորդեցին, թե «ռազբորկային» մասնակցել է մոտ 30 մարդ, սակայն հետագայում պարզվեց, որ մասնակիցների թիվը 200-ի մոտ է եղել: Դեպքի առիթով կալանվեց 6 մարդ, որոնց մեղավոր ճանաչեցին անզգույշ մարդասպանության, ապօրինի հրազեն կրելու և խուլիգանության մեջ: Նրանց դատապարտեցին 18 ամսից մինչև 5 տարվա ազատազրկման: Ամենախիստ պատժի արժանացած Արմեն Նովիկովը չորս ամսից ազատ արձակվեց: Ազատվելուց քիչ անց նա ինքը ենթարկվեց հարձակման ու դաժան ծեծի: «Ռազբորկայի» մասնակիցներից մեկը ճանաչվեց կազմակերպիչ և դատապարտվեց պայմանական ազատազրկման: Այս գործը նույնիսկ դարձավ Ազգային ժողովում քննարկման առարկա, որի ընթացքում դեռ իշխանական կոալիցիայի մեջ մտնող ՕԵԿ անդամ Գագիկ Ավետիսյանը համեմատեց այն Ավարայրի ճակատամարտի հետ: Պատգամավորը բարձրաձայնեց իր մտահոգությունը կրիմինալի և իշխանության սերտաճման առնչությամբ: Նրա տեսակետն անցած տարիների ընթացքում ավելի հիմնավոր է դառնում, ավելի շատ հասարակական ու քաղաքական գործիչներ են համաձայնում նրան: «Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ,- ասում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը: - Դա իշխանությունների ստեղծած համակարգն է, այս ամենը ղեկավարվում և կառավարվում է նրանց կողմից, և ամենակարևորըª ցանկացած նման հանցագործություն կոծկվում է հենց իշխանությունների կողմից»: Դալարի գյուղապետ Պետրոսյանի սպանությունից հետո պարզվեց, որ մարդասպան Գեղամ Բադալյանը մի քանի մահափորձ է կատարել Պետրոսյանի դեմ, ոստիկանությունը բռնել է նրան, հետո` բաց թողել: «Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես է ազատ արձակվում մի մարդ, որի դեմ քրեական գործ է հարուցված, որը մի քանի անգամ կրակել է գյուղապետի տան վրա, և այս ամենից հետո նրան բռնում են և հետո բաց թողնում: Սա այլ բան չէ, քան ամենաթողություն»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Սարգսյանը զարմանք է հայտնում, որ լրագրող Արման Բաբաջանյանի դեպքում զինակոչից խուսափելու համար գործի քննության ընթացքում խափանման միջոց են ընտրում կալանքը, իսկ կրկնահանցագործի համար` ոչինչ: «Փաստորեն, այս երկրում այս իշխանությունները մարդկանց դատում են միայն ընդդիմադիր լինելու համար»,- ասում է Սարգսյանը: Ընդդիմադիր գյուղապետին, գյուղացիների հավաստմամբ, բոլորը հարգում էին և, չնայած ճնշումներին, ընտրել էին իրենց կամքով: «Գյուղապետ Պետրոսյանը փորձում էր արդար աշխատել, ու նրա բերանն էլ փակեցին: Այս սպանությունները հատուկ ժողովրդին կոտրելու, վախի մթնոլորտի մեջ պահելու համար են արվում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ վերարտադրել կրիմինալ-կոռուպցված իշխանությունը»,- ասում է Գրիգոր Հարությունյանը: Երբ Արմավիրի մարզում սպանվեց չորս ամիս առաջ գյուղապետ ընտրված Ռոլանդ Մկրտչյանը, նրա կինը Երևանում ցույց կազմակերպեց` անվանելով կատարվածը քաղաքական սպանություն: Ասում են, թե Մկրտչյանի միակ հակառակորդը հանրապետական Անդրանիկ Հազրոյանն է եղել: Մինչև ընտրությունները Մկրտչյանն էլ է հանրապետական եղել, սակայն ընտրություններից առաջ դարձել է «Բարգավաճ Հայաստանի» անդամ և վերընտրվել` Հազրոյանից կրկնակի ավելի ձայն հավաքելով: ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ասում է, որ գյուղապետի սպանությունը ակնհայտ ցույց է տալիս ՀՀԿ-ԲՀԿ «գլադիատորական» կռիվը (ՀՀԿ նախագահն է նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ ղեկավարը մեծահարուստ Գագիկ Ծառուկյանն է): Նման պատերազմի մասին շահարկումներ սկսվեցին Գյումրու քաղաքապետի դեմ երկուշաբթի կատարված մահափորձից հետո, քանի որ լուրեր էին շրջանառվում, թե հանրապետական Ղուկասյանը մտադիր է անցնել ԲՀԿ շարքերը: «Գյուղապետի սպանությունն ու Գյումրու քաղաքապետի դեմ մահափորձը իշխանությունը բաժանելու համար մեծ կռվի միայն սկիզբն են»,- ասում է պատգամավոր Գասպարյանը: Թեև սպանությունները հիմնականում որակվում են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող, Գլխավոր դատախազության ներկայացրած 2006-ի հանցագործությունների վիճակագրությամբ այդ տարում ոչ մի քաղաքական սպանություն չի գրանցվել: Ըստ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Տռուզյանի` 2006-ի այս գործերը, բացառությամբ Դալարի գյուղապետի սպանության գործի, դեռևս նախաքննության փուլում են: «Գործերը չեն բացահայտվում, իսկ ամենաթողությունն ու «բեսպրեդելը» շարունակվում են, վտանգավոր է նույնիսկ դուրս գալ փողոց»,- ասում է «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.