Այսօր և ամեն օր. հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է«Ծնողն ա երեխայի պաշտպանը, բայց ես իմ հորից եմ փախել: Պապան որ խմում ա, ահավոր ծեծում ա: Մի անգամ երկրորդ հարկից դուրս էր քցել, գլուխս կարեցին: Գիշերներն էլ ա դուրս քցում, էնքան ա ծեծում, ուշքս գնում ա»,- աչքերը լցնելով պատմում է Երանուհին: Նա սովորում է Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 3 հատուկ դպրոցում: Չնայած տխուր հիշողություններին, նաև հիշում է, որ մի անգամ հունիսի 1-ին դպրոցը Հաղթանակի զբոսայգի տարավ, և այնտեղ ինքն առաջին անգամ կարուսել նստեց: Պաշտպանվա՞ծ են երեխաները Հայաստանում, թե՞ ոչ` օրենքով դա նախատեսված է: Հայաստանը միացել է երեխաների պաշտպանության միջազգային գրեթե բոլոր կոնվենցիաներին ու համաձայնագրերին, բայց դրանք հիմնականում մնացել են թղթի վրա: «Միֆ է, թե Հայաստանում երեխան սուրբ է: Նրանք շատ հաճախ են բռնության ենթարկվում: Պետությունը պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ, քանի որ շատ ընտանիքներում երեխային դաժանաբար ծեծելը կարծես դաստիարակչական մեթոդ է համարվում»,- ասում է Հայաստանի մանկական ասոցիացիայի ղեկավար Վարուժան Սեդրակյանը: Երանուհու դեպքը եզակի չէ: Ծնողական խնամքից զրկված երեխաների Երևանի 12 հատուկ դպրոցների մոտ 1000 աշակերտներից շատերը ոչ միայն սոցիալական խնդիրների պատճառով, այլև ընտանիքից փախչելու հետևանքով են հայտնվել նման դպրոցում: «Երեխայի իրավունքը ոտնահարվում է, երբ նա ստիպված է ապրել այլ միջավայրում, քան ընտանիքն է, իսկ Հայաստանի մանկատներում ապրող 800-ից ավելի երեխաների 80 տոկոսը ծնող ունի »,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: Նա նշում է, որ երեխայի կարևոր իրավունքներից մեկը հանրակրթությունն է: Պաշտոնական տվյալներով` Հայաստանում դպրոց է հաճախում երեխաների մոտ 90 տոկոսը, սակայն իրականում թիվն ավելի ցածր է: «Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխաները պարզապես գրանցված են դպրոցներում, բայց պարտադիր դպրոցահասակ երեխաների 10 տոկոսը չի հաճախում դպրոց` հիմնականում սոցիալական խնդիրների, աշխատելու պատճառով»,- ասում է Յեթը: Ըստ Սեդրակյանի տվյալների` դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը վերջին հինգ տարում գրեթե կրկնապատկվել է: Խնդիրը լուրջ է հատկապես գյուղական համայնքներում: «Հայաստանում դպրոցների ընդգրկվածությունը որոշ երկրների համեմատությամբ լավ ցուցանիշ ունի, բայց մտահոգիչ է այն, որ խնդիրը լուրջ ուշադրության չի արժանանում: Թվերը թաքցնում են, ինչպես նախկինում թաքցնում էին մահացության թվերը, իսկ երեխաների դպրոցից դուրս մնալը աճի միտում ունի, և եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց ցուցանիշները կնվազեն»,- ասում է Սեդրակյանը: Թե Հայաստանում քանի դեռահաս է աշխատում և ինչ պայմաններում` դեռ ուսումնասիրված չէ, սակայն Յեթը նշում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շուտով մեծ հետազոտություն պետք է իրականացնի` պարզելու, թե որքանով են ոտնահարվում երեխաների իրավունքները Հայաստանում: Նա երեխաների ուսման իրավունքի ոտնահարում է համարում մանկապարտեզների կրճատումը և երեխաների քիչ ընդգրկվածությունն այդ նախադպրոցական կրթարաններում: «Անկախությունից հետո մոտ 50 տոկոսով կրճատվեց մանկապարտեզների թիվը, վաճառեցին շենքերը, երեխաների միայն 20 տոկոսն է հաճախում մանկապարտեզ, ինչը նշանակում է, որ երեխան հիմնականում հոգեբանորեն և մտավոր անպատրաստ է գնում դպրոց»,- ասում է Յեթը: Սեդրակյանը վստահ է, որ օրինախախտ կամ հանցագործ են դառնում այն երեխաները, որոնց իրավունքները պարբերաբար ոտնահարվում են կամ ովքեր անտեսվում են: «Հայաստանին հարկավոր են առանձին երեխաների օմբուդսմեն, հատուկ դատավորներ երեխաների համար: Երբ մեր երեխան հիվանդանում է, տանում ենք մանկաբույժի մոտ, այլ ոչ ընդհանուր բժշկի: Նույնը դատական համակարգին է վերաբերում, երեխաներին հատուկ ուշադրություն է անհրաժեշտ»,- ասում է Սեդրակյանը: Երեխաների կարևոր իրավունքներից է նաև սնվելը, որն առողջության իրավունքի կարևոր գործոն է: Չնայած վերջին տարիների տնտեսական երկնիշ աճին` Հայաստանը դեռևս դասվում է Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ այն պետությունների շարքին, որտեղ բնակչության մի զգալի մասը թերսնվում է: ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Համաշխարհային պարենային հետազոտության ծրագրի հրապարակած զեկույցի համաձայն` Հայաստանում փոքր երեխաների 13 տոկոսը տառապում է քրոնիկական թերսնուցումից, իսկ գյուղաբնակ երեխաների մոտ 33 տոկոսը՝ թերսնուցման հետևանքով զարգացող սակավարյունությունից:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.