Ամառային զվարճանք. հայերը ջրում են միմյանց` շաղկապելով հեթանոսական ու քրիստոնեական ավանդույթները

Վարդավառ. Կիրակնօրյա «ջրոցին» հնարավորություն կտա մեծ ու փոքր հայաստանցիներին զովանալու ամառվա շոգից, թեև այդ զվարճությունն այնքան անվնաս չէ, որքան թվում է
Բարձր ջերմաստիճանն ու ամառային տապ արևը, կարծես, մեղմել են վերջին ամիսների քաղաքական թեժ կրքերը, և հայերը կրկին օազիսներ են փնտրում` դիմանալու հեղձուցիչ շոգին: Ավանդաբար սա ամառային արձակուրդի, դեպի լեռներ ու Սևան արշավների ժամանակն է: Կարծես ինքնաբերաբար ստեղծվում են բոլոր պայմանները Վարդավառի` կրոնական «քողով» այս ջրային տոնի համար:

Այս տարի Վարդավառն ընկնում է հուլիսի երրորդ կիրակին (հուլիսի 15-ին): Փաստորեն, այն բնության պաշտամունքի տոն է: Տոնի անվանումը գալիս է «վարդ» ծաղկի անունից: Ջրոցի-տոնը ծագել է հեթանոսական ժամանակներում, երբ հայերը պաշտում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո Վարդավառը, ինչպես և շատ այլ հեթանոսական տոներ, հարմարեցվեց «նոր ժամանակներին»:

Վարդավառն ընդգրկված է Հայաստանյայց եկեղեցու տոնացույցում որպես Պայծառակերպության տոն: Այն ամռան գլխավոր տոներից է, որ նշվում է Զատկից 14 շաբաթ հետո:

Ըստ առասպելի` Աստղիկ աստվածուհին սեր էր սփռում Հայաստան աշխարհում` վարդաջուր ցողելով: Քանի որ Վարդավառի արմատները գալիս են նախաքրիստոնեական ժամանակներից, այն դիտելու լավագույն վայրերից մեկը Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է` Գառնին, որտեղ կարելի է «պաշտել» հին աստվածուհուն:

Վարդավառի օրը Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում կարելի է հանդիպել երեխաների ու պատանիների, որոնք ջրով լի դույլերն ու թասերը սպառնալից ճոճելով` զոհ են փնտրում ջրելու համար: Հաճախ նրանց են միանում մեծահասակները: Այդ օրվա չարաճճիություններից ոչ ոք իրավունք չունի վիրավորվելու կամ դժգոհելու:

Պաղպաղակի ու զովացուցիչ ըմպելիքների ճարպիկ վաճառողները սովորաբար բացում են քաղաքի փողոցներում ու զբոսայգիներում գտնվող ցայտաղբյուրները, որ փակի տակ են պահում` առևտուրը մեծացնելու համար, քանի որ Վարդավառին մարտականորեն տրամադրված երեխաներին ոչինչ չի կարող խանգարել մի լավ զվարճանալուց: Զգուշավորները նախընտրում են մնալ տանը, վարորդները գերադասում են ոտքով տեղ գնալ: Միկրոավտոբուսների վարորդները, որոնք նույնպես կնախընտրեին տանը մնալ, սակայն ստիպված են պտտվել իրենց երթուղիներով, ավելի ուշադիր են վարում` փորձելով փրկել ուղևորներին ոտքից գլուխ թրջվելուց, սակայն երբեմն նույնիսկ ամենահմուտ վարորդներին դա չի հաջողվում` ի մեծ ափսոսանք նրանց ուղևորների: Ոմանք այն ամենը թեթև են տանում, ոմանք մրթմրթում ու տնքտնքում են, բայց ոչ ոք ոչինչ չի կարող անել դրա դեմ…

Վարդավառը տարվա միակ օրն է Հայաստանում, երբ մարդ լրիվ իրավունք ունի ջրելու ծանոթ-անծանոթներին: Սակայն այս «ցնցուղը», կամ, ավելի շուտ, «լոգանքը», ոչ թե թշնամանքի կամ վիրավորանքի, այլ բարի կամքի ու բարեհաճության նշան է, քանի որ ջրողները լավություն են անում ջրվողներին` ամառային շոգ օրով սառը ցնցուղ ապահովելով նրանց համար: Այնպես որ, մի սրտնեղեք ու մի հուսահատվեք, եթե մեկը մի դույլ սառը ջուր լցնի ձեր գլխին: Եթե այդ օրը պետք է տնից դուրս գաք, միակ բանը, որ կարող եք անել այս պարագայում, փորձեք թուլանալ և հաճույք ստանալ ամառային մարդածին անձրևից և, ինչո՞ւ չէ, մի դույլ վերցրեք ու միացեք զվարճացող ամբոխին…

ԱրմենիաՆաուի էջերում