Ֆուտբոլ երեխաների համար. Բրազիլիայի դեսպանությունը ֆուտբոլասերների աջակցությամբ մրցաշար է կազմակերպում Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար
Երեխաները լրջորեն էին վերաբերվում խաղերին Անցյալ կիրակի Հայաստանում Բրազիլիայի դեսպանության կազմակերպած ֆուտբոլի մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի մանկատների ու գիշերօթիկ դպրոցների չորս թիմեր, ինչպես նաև Հայաստանում աշխատող կամ բնակվող արտասահմանցիների թիմեր: Մրցաշարի մամուլի պատասխանատու Եսսե Դիյքստրան ասաց, որ «Մանկաբոլ» անունը կրող մրցաշարի հիմնական նպատակն էր հնարավորություն տալ տարբեր մանկատների երեխաներին (Դիլիջանի ծնողազուրկ երեխաների գիշերօթիկ դպրոց, Երևանի «Զատիկ» մանկատուն, Գյումրու մանկատուն և Կոտայքի «SOS KinderDorf» մանկատուն) շփվելու բարեգործական կազմակերպությունների ու Հայաստանում ներկայումս բնակվող ու տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց հետ` հնարավորություն, որից այդ երեխաները սովորաբար զրկված են: «Այս ամենը երեխաների համար է, սա պարզապես հնարավորություն է տալիս այս երեխաներին ուրախանալու ու շփվելու ուրիշների հետ»,- ասաց Դիյքստրան: Եղանակային բարենպաստ պայմաններում ու «Հրազդան» մարզադաշտի լավ խոտածածկույթի վրա երեխաների չորս թիմերը մրցեցին միմյանց հետ, որպեսզի հաղթողը եզրափակչում հանդիպի մյուս ենթախմբի չորս թիմերից լավագույնի հետ (մյուս ենթախմբում էին միջազգային կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպական կամավորների ծառայությունը ներկայացնող թիմը, Հայաստանի կանանց ֆուտբոլի թիմը, ինչպես նաև Բրազիլիայի ու Արգենտինայի թիմերը): Ֆուտբոլային փառատոնը նախաձեռնած կամավորներից է ազգությամբ կիսով չափ բրազիլացի, կիսով չափ ֆրանսիացի Լոբել Ջեհանսենը: «Մենք ցանկանում էինք խաղադաշտ դուրս բերել հայաստանցի երեխաներին ու նրանց, ովքեր անտարբեր չեն նրանց նկատմամբ»,- ասաց Ջեհանսենը, որն անցյալ տարվա սեպտեմբերից ուսուցանում է «Զատիկ» մանկատանը: Եհանսենը նաև մասնակցեց խաղերին, ինչպես նաև 29-ամյա արգենտինացի Լեանդրո Սմիդը, ով արդեն մեկուկես տարի աշխատում է «Զվարթնոց» օդակայանում: Մի խումբ արգենտինացիների հետ Սմիդն ընդունել է հրավերը և խաղացել Արգենտինայի թիմի կազմում: «Պատանեկան տարներիս մի քիչ խաղացել եմ ֆուտբոլ, իսկ սա պարզապես հրաշալի հնարավորություն էր օգնելու նրանց, ով դրա կարիքն ունի,- ասաց կիսապաշտպանությունում հանդես եկած Սմիդը: - Ֆուտբոլն ընդամենը մարդկանց միավորելու միջոց է: Իսկ երեխաների հետ ու երեխաների համար ֆուտբոլ խաղալուց ես ինձ երջանիկ ու իրոք խանդավառված եմ զգում»: Սմիդի խփած գոլը չօգնեց նրա թիմին հաղթելու Հայաստանի կանանց թիմին, որը հաղթեց 4:3 հաշվով: Սակայն այդ արդյունքն առանձնապես չէր վշտացրել կիսապաշտպանին: «Պարզապես աղջիկներն իսկապես լավ խաղացին»,- ասաց նա: Ի տարբերություն կազմակերպիչների ու միջազգային մասնակիցների, որոնց համար արդյունքն առաջնային չէր, երեխաները շատ լուրջ էին վերաբերվում մրցաշարին: Քչախոս ու կենտրոնացած` նրանք իրենց «նոփ նոր» ֆուտբոլային հանդերձանքով իսկական «սպառնալիք» էին մրցակիցների համար: Կոտայքի «SOS» թիմի մարզիչ Արսեն Շահբազյանի խոսքերով` մրցաշարը շատ կարևոր փորձություն էր իր սաների համար: «Նրանք լրջորեն մարզվել ու պատրաստվել էին մրցաշարին, երկրորդ տեղը նրանց չէր գոհացնի»,- ասաց նա: Թիմի բոլոր խաղացողները միաձայն ասում էին, որ բոլորն էլ ուզում են գոլ խփել ու նվաճել գլխավոր մրցանակը: Իսկ ընդմիջմանն արդեն աշխույժ քննարկում էին երկրորդ խաղակեսում «Զատիկի» դեմ խաղի մարտավարությունը: Խաղերից հետո երեխաները կարող էին օրվա մնացած մասն անցկացնել ավելի հանգիստ մթնոլորտում: Սննդամթերք ներկրող «Սադյա» ընկերությունը խորովածով բանկետ էր կազմակերպել մասնակիցների համար, որին հաջորդեց հաղթող թիմի պարգևատրության արարողությունը: «Մանկաբոլ» ֆուտբոլային փառատոնին իրենց նվիրատվություններով աջակցել էին Բրազիլիայի դեսպանությունը, թռչնամսի արտադրության «Սադյա» ընկերությունը, «Հրազդան» մարզադաշտը, Իսպանական կենտրոնը, AIESEC ընկերակցությունը, ՀՈՒՋ (Հայաստանի ուսանողական ջոկատներ) միությունը և բազմաթիվ անհատներ: Միջոցառմանն իր աջակցությունն էր ցույց տվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կազմակերպիչների հավաստմամբ` ֆուտբոլային մրցաշարից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է մանկատներին:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.