Այլընտրանք չէ՞. Եհովայի վկան հրաժարվում է այլընտրանքային զինվորական ծառայությունից

Այլընտրանք չէ՞. Եհովայի վկան հրաժարվում է այլընտրանքային զինվորական ծառայությունից


Հավատք` ընդդեմ օրինապահության

Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի վկա Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասով՝ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Դեռևս 2004-ին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը կրոնական կազմակերպությունների անդամներին այլընտրանքային ծառայության իրավունք է տալիս: Օրենքի հոդված 2-ը սահմանում է. «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ քաղաքացու կողմից իրականացվող հատուկ պետական ծառայություն է, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ»:

Սակայն դատարանում Պետրոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է ինչպես զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից:

«Չեմ հանդուրժում ծառայությունը` անկախ նրանից, թե ինչ աշխատանք պիտի կատարեմ, քանի որ, միևնույն է, պետք է գտնվեմ պաշտպանության նախարարության ենթակայության տակ»,- ասել է երիտասարդ մեղադրյալը:

«Եթե մարդը չի հանդուրժում գողությունը, ինչպե՞ս կարող է հանդուրժել իրեն գող անվանելը»,- այս կերպ Եհովայի վկաները համեմատում են զինվորական ու այլընտրանքային ծառայությունները:

Պետրոսյանը ընտանիքի կրտսեր որդին է: Նրա եղբայրն ու երկու քույրերը Եհովայի վկա են: Մայրը, մեծ եղբայրն ու երրորդ քույրն իրենց համարում են հավատացյալ, բայց «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ չեն:

Կազմակերպության հավաքներին երիտասարդը մասնակցել է 5 տարեկանից: Արդեն 12 տարեկանում նա համարվում էր կազմակերպության անդամ:

Հայաստանում կա շուրջ 9000 Եհովայի վկա, որից 180-ը՝ Վանաձորում:

Համաձայն օրենքի՝ այլընտրանքային ծառայությունն ունի երկու տեսակ՝ այլընտրանքային զինվորական և այլընտրանքային աշխատանքային:

Առաջինի դեպքում ծառայությունն անցնում է զինված ուժերում, երկրորդի դեպքում՝ դրանից դուրս՝ տարբեր հաստատություններում:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուստամ Խաչատրյանի տվյալներով` ծառայությունից խուսափելու համար մինչև այժմ ազատազրկման է դատապարտվել 65 Եհովայի վկա, 10 վկա էլ ներկայումս կալանավորված է:

Փաստաբանը կարծում է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը հակասում է եվրոպական չափանիշներին: Նա վկայակոչում է օրենքի 14 հոդվածը, որով այլընտրանքային ծառայության ապահովումը տրված է պաշտպանության գերատեսչությանը:

2005-ին Խաչատրյանը պաշտպանել է այլընտրանքային ծառայությունը լքած 21 երիտասարդների իրավունքները դատարաններում:

«Օրենքի ընդունումից հետո նրանք ինքնակամ ընտրել էին այլընտրանքային ծառայությունը՝ կարծելով, որ այն իրական այլընտրանքային է»,- պատմում է Խաչատրյանը:

Մինչդեռ մեկ շաբաթ անց երիտասարդներին սկսել են ստուգել ռազմական ոստիկանությունից ու դատախազությունից, թույլ չեն տվել հարազատներին տեսակցել, տուն զանգել, մասնակցել հոգևոր հավաքների:

Վանաձորցի Եհովայի վկա Շալիկո Սարգսյանն այլընտրանքային ծառայությունը լքած 21 երիտասարդներից մեկն է:

2004-ի վերջին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այլընտրանքային ծառայության անցնելով՝ նա հասկացել է, որ ծառայության միայն անունն է այլընտրանքային:

«Ինձ համար կարևորը ոչ միայն զենք չկրելն էր, այլև այն, որ զինվոր չկոչվեմ»,- ասում է Շալիկոն` նշելով, որ գտնվում էր պաշտպանության նախարարության հսկողության ու ենթակայության տակ:

Սա էր պատճառը, որ չնայած հիվանդանոցում նրա գործը հիվանդներին խնամելն ու օգնելն էր, նա մի քանի ամիս անց լքեց այն:

«Եթե այլընտրանքային ծառայող եմ, ինչո՞ւ ինձ դատեցին որպես դասալիքի»,-հարցնում է Եհովայի վկան:

21 երիտասարդների իրավունքների պաշտպանությունն ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործերի կարճման արդյունքում նրանց արդարացմամբ:

Փաստաբանը հիշատակում է Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից «Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: Այն դեռ ընդունված չէ:
2007-ին սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հիշեցրել է Հայաստանին իր պարտավորության մասին՝ հրահանգելով անհապաղ ընդունել օրենքը:

«Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չպետք է լինի «խղճի» կալանավոր»,- ասում է փաստաբան Խաչատրյանը:

Հայաստանում այլընտրանքային ծառայություն մասին օրենքի ընդունումից հետո Եհովայի վկաների նկատմամբ հանդուրժողության հարցը դարձել է հասարակության բանավեճերի նյութ: Վանաձորում քիչ են այնպիսիք, ովքեր չեզոք վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, մեծ մասը բացասաբար է վերաբերվում Եհովայի վկաներին:

«Դրանք նենգափոխում են մեր կրոնը,- դժգոհում է 80-ամյա Եղիշե Դերզյանը: - Ասում են, որ զենք չեն կրելու միայն զինվորական ծառայությունից խուսափելու համար»:

Դատավարության ժամանակ Պետրոսյանը հրաժարվել է դատապաշտպանից: Նրա ընտանիքը հայտարարել է, որ չի բողոքարկելու դատավճիռը:

ԱրմենիաՆաուի էջերում