Քարոզարշավի հետքերով. Թեկնածուները սկսում են չորսշաբաթյա նախընտրական քարոզարշավը

Քարոզարշավի հետքերով. Թեկնածուները սկսում են չորսշաբաթյա նախընտրական քարոզարշավը


2009 թ. Երևանի ավագանու ընտրություններ

Անցյալ շաբաթվա վերջին պաշտոնապես մեկնարկեց վեց կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավը` մոտ 20 օր հետո կայանալիք Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունների համար:

Մայրաքաղաքի ավագանու համար պայքարող քաղաքական ուժերից են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետ նշանակված Գագիկ Բեգլարյանը), իշխանամետ «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը», Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), ինչպես նաև Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ):

Կուսակցական համամասնական ցուցակները գլխավորողների մեջ միակ կին թեկնածուն ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանն է:

«Ես համարձակություն եմ ցուցաբերել [ցուցակները գլխավորող] 7 թեկնածուների մեջ միակ կինը լինելով` գնալ քարոզարշավի և պայքարել հանուն այն բարձր աթոռի, որ Երևան քաղաքն է ներկայացնելու և խիստ կարևոր է Երևանի ճակատագրի համար,- այս շաբաթ հայտարարեց Բիշարյանը երևանցիների հետ հանդիպման ժամանակ: - Ընտանիքում կանայք խնդիրները լուծում են` հաշվարկելով և եղած գումարը օրերի մեջ բաժանելով: Ես այդպիսի քաղաքապետ կլինեմ և քիչ գումարով, բայց արդյունավետ կառավարմամբ Երևանը կբարեկարգեմ»:

Կուսակցությունները քարոզարշավի մեկնարկը տվեցին տարբեր խոստումներով, որոնք գրեթե ծրագրային նույն բովանդակության են` բարեկարգել, կանաչապատել, ասֆալտապատել ու գեղեցկացնել Երևանը:

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը իր հանդիպումներում նշել է, որ քաղաքապետ աշխատելու ընթացքում անելու է ամեն ինչ, որպեսզի երևանցիների խնդիրները լուծելի դառնան` սկսած լուսավորությունից մինչև բազմաբնակարան շենքերի բազմաթիվ խնդիրները:

«Սարեր չեմ ուզում խոստանալ, բայց անելու ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուրիդ հույսը ձեր մեջ վերականգնենք դեպի քաղաքային իշխանություն, դեպի համայնքային իշխանություն,- ասել է նա: - Մեր մոտեցումը լինելու է արդարացի, հավասարաչափ բոլոր ոլորտներում և հավասարաչափ բոլոր մարդկանց նկատմամբ»:

ՀՅԴ քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի համայնքում ծառատունկով: Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ նախընտրական ծրագրի ներկայացումը, որում նշվում էր, որ կբարելավեն երևանցիների սոցիալական կյանքը, կվերականգնեն կանաչ տարածքները, ստվերից դուրս կբերեն քաղաքապետարանի ու թաղապետարանների բյուջեները:

Դեռևս մինչև քարոզարշավը որոշ քաղաքական ուժեր Երևանի ավագանու ընտրությունները գնահատեցին քաղաքական: Մայիսի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ ԼՏՊ-ն ասաց, որ ժամանակն է վերջապես գիտակցելու, որ պետության մեջ ոչ քաղաքական հարց գոյություն չունի, որովհետև պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է:

«Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաև մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով»,- ասել է ԼՏՊ-ն:

Ըստ նրա` եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երևանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։

ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հարություն Փամբուկյանը իր հեռուստաելույթում ևս մեկ անգամ հաստատեց, որ հանրապետականներն ընտրությունները չեն քաղաքականացնում:

«Մենք ընտրելու ենք ավագանի, իսկ ավագանին` քաղաքապետ: Քաղաքապետը զբաղվելու է հիմնականում քաղաքային խնդիրներով և ոչ թե արտաքին քաղաքականությամբ կամ երկրի տնտեսությամբ: Իսկ աղբահանության հետ կապված` ես հստակ ասում եմ ձեզ` երևանցիների 70 տոկոսը մտահոգ է աղբահանության, կանաչապատման և այլ խնդիրներով: Նոր ընտրված քաղաքապետը զբաղվելու է այդ խնդիրներով»,- ասում է Փամբուկյանը:

Ընտրությունների մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ իշխանական կոալիցիան լքած ՀՅԴ նշում է, որ իրենց համար երկու ծայրահեղ մոտեցումներն էլ անընդունելի են, և դրանք ավելի շատ կոչված են մոլորեցնելու ընտրողներին, քան ծառայելու բուն նպատակին:

Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասում է. «Քաղաքական նշանակությունը հստակ է այս ընտրություններին, սակայն պետք է մի կողմից խուսափել այդ նշանակության թերագնահատումից, մյուս կողմից` նրա գերագնահատումից, և ճիշտ ընկալել, թե ինչ ընտրությունների մեջ ենք մտնում»:

Ըստ նրա` այս ընտրությունները իշխանության մեջ առողջացման դեր պիտի կատարեն:

Հատկապես մարդաշատ են անցնում ԲՀԿ-ի կազմակերպած հանդիպումները երևանցիների հետ: Կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ծրագիրը մշակելիս հաշվի են առել և ընդգրկել երևանցիների ուղարկած առաջարկությունները:

«Ես երևանցի եմ ու լավ գիտեմ երևանցիների մտահոգությունները, դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրները: Բայց, ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք լիարժեք և արդյունավետ ու վերջնական լուծում տալ բոլոր ծառացած խնդիրներին»,- ասում է ԲՀԿ ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը:

Մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում կգործեն 13 ընտրատարածքի 439 ընտրատեղամասեր:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն ասում է, որ նախնական ցուցակներով ընտրություններին կմասնակցի` 771,353 ընտրող: Ընտրողների թվի ավելացման շահարկումը կանխելու նպատակով Մուրադխանյանը նշում է, որ 2008 թ. հուլիսի 1-ից մինչև 2009 թ. հունվարի 1-ը Երևանում ընտրողների թիվն ավելացել է 4274-ով, իսկ ամբողջ հանրապետությունում` 30,490-ով:

«Այս թիվն ավելացել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ավելի թարմ տվյալներով` 2009 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 21-ը ընտրողների թիվը Երևանում ավելացել է 7570-ով, հանրապետությունում այդ թիվը կազմել է 19,942»,- ասում է Մուրադխանյանը:





ԱրմենիաՆաուի էջերում