Փիթի. կավե ամանով` «հատուկ երկրպագուների» համար
Երբ բոլորը հրաժարվում են, ուրեմն պետք է դիմել մայրիկին: «Իհարկե, վաղը համեցեք փիթի անուշ անելու»,- պատասխանում է մայրս` 60-ամյա Անահիտ Հարությունյանը: Փիթին հայկական ավանդական ճաշատեսակներից է: Այն պատրաստում են սիսեռով, ոչխարի մսով, սալորաչրով ու բամիայով: Հնում այն եփում էին կավե ամաններով թոնրում կամ քարե փռում: Վաղ առավոտյան գնում ենք մայրիկենց տուն, որպեսզի տեսնենք, թե ինչպես է պատրաստելու: Խոհանոցի սեղանին նախապես դրված էին ոչխարի միսը, սիսեռը, սոխը, կարտոֆիլը, բամիան, կարագը, սալորաչիրը, տոմատի մածուկը, կարմիր և սև պղպեղն ու աղը: Սիսեռը (Հայաստանում մենք դեղինն ենք օգտագործում) արդեն խաշված էր, իսկ ոչխարի միսը (խաշելուց հետո)` ոսկրահան արված: Մայրս մանր կտրատում է երկու գլուխ սոխը: Այնուհետև, այն լցնելով նախապես գազօջախին տաքացրած կաթսայի մեջ, յուղով սոխեռած անում: Ավելացնում է երկու գդալ տոմատի մածուկ, կարմիր և սև պղպեղ: Մի քանի րոպե անց ավելացնում է արգանակը, սիսեռը, ինչպես նաև ոչխարի միսը: (Նախքան խաշելը սիսեռն առնվազն երկու ժամ թրջում են, իսկ խաշելուց հետո` մաքրում:) «Միսը խաշելուց հետո ոսկրահան ես անում, նախքան մսաջրի մեջ գցելը: Շատ կարևոր է, որ սիսեռն էլ նախապես լավ եփած լինի, գրեթե հալված: Իմ մանկության տարիներին, երբ ապրում էինք գյուղում (Գեղարդ), հիշում եմ` ինչպես էր հանգուցյալ մայրս կճուճի մեջ պատրաստում փիթին: Այս ամբողջը լցնում էր կավե կճուճի մեջ ու թոնրի մեջ եփում: Իսկ Հայաստանի ուրիշ շրջաններում փիթին պատրաստել են քարե փռերում: Այսօր էլ ռեստորաններում փիթին շարունակում են այդ եղանակով պատրաստել,- ասում է նա: - Դե, իսկ ժամանակակից հայ տանտիկինները կարող են օգտագործել էլեկտրական ջեռոցները կամ եփել հենց գազօջախի վրա»: Մայրս ասում է, որ թոնրում կամ փռում պատրաստած փիթին, իհարկե, այլ համ ունի, սակայն ցանկացած կերակուր համեղ է, երբ պատրաստելիս մեջը հոգի ես դնում: 15 րոպե եփելուց հետո եռացող զանգվածին ավելացնում է մանր խորանարդիկների նման կտրատած կարտոֆիլը, այն եփելուց հետո`սալորաչիր և երկու պճեղ սխտոր: «Մի քանի րոպե անց ավելացնում ենք բամիան: Սալորաչիրն ավելի ուշ է եփում, քան բամիան, այդ պատճառով այն ավելի ուշ ենք ավելացնում: Բամիայի հետ ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը և եփում ևս տասը րոպե»,- ասում է նա: Խոհանոցի մի անկյունում մորս ճաշերի համեմունքներն են: Ինձ թվում է` հենց այստեղ է թաքնված նրա համեղ կերակուրների գաղտնիքը: Ու մինչև փիթին կեփի, նա ասում է. «Հոտ քաշիր այս մեկից, անո՞ւշ է, չէ՞: Այս սա հատուկ կարտոֆիլի համեմունք է, այս մեկը` ձկան, սա միայն հավի հետ եմ օգտագործում, իսկ յոթ համեմունքի (քիմիոն, կարմիր և սև պղպեղ, համեմի սերմ, բահար, սխտորի փոշի, դարչին) այս փոշին կավելացնենք նաև փիթիին»: Փիթիի բուրմունքը տարածվել է տնով մեկ: Իսկ ի՞նչ է նշանակում փիթի: «Փիթին «պուտուկ« բառից է, որ նշանակում է կավից պատրաստված կճուճ: Ժամանակի ընթացում «պ»-ն փոխվել է «փ»-ի: Մեկ այլ բացատրություն էլ կա, որ փիթի պարզապես նշանակում է ամեն ինչ իրար խառնած»,- բացատրում է մայրս ու հետն էլ սեղան գցում: Փիթին պատրաստ է: Դեղին սիսեռահատիկները կանաչ բամիայի հետ գեղեցիկ համադրություն են կազմել կաթսայում, նրանց կողքին շողում են սև սալորաչրերը: Մայրս ափսեները լցնում է փիթիով ու ասում. «Փիթին հատուկ երկրպագուներ ունի: Այն ուտելու համար հարկավոր է սիրել այն: Այնպես որ, համտեսեք, ու թող անուշ լինի»: Փիթիի համար անհրաժեշտ է. 1 կգ ոչխարի միս 0,5 կգ սիսեռ 2 գլուխ միջին մեծության սոխ 2 պճեղ սխտոր 2 կարտոֆիլ 200 գ բամիա 200 գ յուղ 5-6 սև սալորաչիր 2 ճաշի գդալ տոմատի մածուկ կարմիր և սև պղպեղ` ըստ ճաշակի Պատրաստման եղանակը 1. Նախապես խաշել 1 կգ ոչխարի միս և 0,5 կգ սիսեռ` ավելացնելով աղ (սիսեռը նախօրոք երկու ժամ թրջել, խաշելուց հետո կեղևը հանել): 2. Երկու գլուխ սոխը մանր կտրատել ու յուղով սոխեռած անել: 3. Ավելացնել 2 գդալ տոմատի մածուկ, կարմիր և սև պղպեղ (ըստ ճաշակի): 4. Ավելացնել նախապես խաշված մսի արգանակը, միսը (ոսկրահան արված) և սիսեռը: 5. 15 րոպե եփելուց հետո ավելացնել խորանարդիկներով կտրատած երկու կարտոֆիլ: 6. Կարտոֆիլը եփելուց հետո ավելացնել սև սալորաչիր: 7. 15 րոպե անց ավելացնել երկու պճեղ սխտոր, մաղադանոս և բամիա (կարելի է նաև` լոլիկով պահածոյացված ): 8. Եփել, մինչև բոլորը լավ մերվեն: Պատրաստման ընդհանուր տևողությունը` 2-3 ժամ: Նախընտրելի է փիթին պատրաստել կավե ամանում: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.