«Հայ Ձմեռ պապ-2009». կարիքավորի կյանքը փոխող ծրագրի տարեդարձը

Այս համարով «ԱրմենիաՆաուն» նշում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի հինգերորդ տարեդարձը:

2003 թվականին մենք առաջին անգամ կոչ արեցինք մեր ընթերցողներին այնքան անհրաժեշտ օգնություն ցույց տալու այն կարիքավոր ընտանիքներին, որոնց «ԱրմենիաՆաուի» լրագրողները բախվում էին իրենց առօրյա աշխատանքի ընթացքում: Ձեր անհապաղ օգնությունն արդարացրեց մեր այն համոզմունքը, որ այս առցանց թերթը կարող է որպես կամուրջ ծառայել այն կարեկից ընթերցողների համար, ովքեր երբեք ոտք չեն դրել Հայաստան, սակայն ում սրտերը միշտ այստեղ են:

Բացի անհապաղ օգնություն ցույց տալուց, մենք նաև ցանկանում էինք Հայաստանում ձևավորել մի մշակույթ, որը ծանոթ չէր տեղի լրատվական հանրությանը: «Հայ Ձմեռ պապ» ծրագրի միջոցով մենք ցանկանում էինք Հայաստան ներմուծել սատարիչ լրագրությունը (advocacy jornalism)` ցույց տալու, որ տեղեկատվության հզոր գործիքը կարող է հասարակության բարեկեցության միջոց դառնալ:

«ԱրմենիաՆաուն» նաև ցանկանում էր ցույց տալ մեր հովանավորներին, որ իրենց բարեգործությունը մեր հանդեպ գերազանցել էր մեր կայացման կարիքները և մեր նպատակն էր «նվիրատվությունները» վերածել «ներդրումների»: Մենք գործում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության առատաձեռնության շնորհիվ, որը 2003 թվականից ֆինանսավորում է «ԱրմենիաՆաուն»` Հայաստանում իրականացվող բազմակողմանի բարեգործական ծրագրի շրջանակներում: Վերջին երկու տարիներին մեզ օժանդակում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Թեև «ԱրմենիաՆաուն» ինքնուրույն է ստեղծել «Հայ Ձմեռ պապ» ծրագիրը, մենք հուսով ենք, որ այս հեղինակավոր կազմակերպությունները, որոնք օգնել են «ԱրմենիաՆաուին», նույնպես գոհունակության զգացում կապրեն, որ մեր նկատմամբ իրենց ունեցած վստահությունը վարձահատույց է եղել այս բարեգործական ծրագրով ուրիշներին ցույց տրված օգնության միջոցով:

վ, վերջապես, հինգ տարի առաջ մենք հույս էինք փայփայում, որ «Հայ Ձմեռ պապը» բոլորին ցույց կտա հայաստանցիների` միմյանց օգնելու պատրաստակամությունը: Ծրագրի ամենամեծ ձեռքբերումը թերևս այն է, որ այժմ «Հայ Ձմեռ պապը» Հայաստանից ստանում է նույնքան օգնություն, որքան արտերկրից: Օրինակ` այս տարի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը (տնօրեն Ռալֆ Յիրիկյան) իր ներդրումն է արել «Հայ Ձմեռ պապ» ծրագրին` Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն այլ ընկերությունների շրջանում մասսայականացնելու իր առաքելության շրջանակներում:

«Թուֆենկյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը մեծ աջակցություն է ցույց տվել «Հայ Ձմեռ պապ» ծրագրին գրեթե ամենասկզբից: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ֆինանսավորել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած տեսաֆիլմերը, որոնք կտեղադրվեն կայքում հաջորդ շաբաթ:

Բացի այդ, «Շողակաթն» անգնահատելի գործընկեր է դարձել «Հայ Ձմեռ պապի» համար, քանի որ մեր լրագրողների հոդվածների թեմաներով ընկերության նկարահանած փաստագրական ֆիլմերը մատչելի են դարձել աշխարհի այն երկրների հանդիսականներին, ուր հեռարձակվում են Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումները:

Այս տարի «Հայ Ձմեռ պապին» հաջողվել է օժանդակություն ստանալ նաև Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդից (ՄՀՓԽ): Մենք նաև շատ ուրախ ենք, որ «Հայ Ձմեռ պապի» գործունեությունն արժանացել է հասարակական գործիչների, այդ թվում` ընտրված պաշտոնյաների ուշադրությանը: Պատգամավոր Անահիտ Բախշյանը ծրագրի նվիրյալ աջակիցներից էր Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնելուց դեռ շատ առաջ,երբ նա, օրինակ, Յուրի Բախշյանի հիմնադրամի ավտոմեքենաներն էր տրամադրում` օգնությունը հասցնելու «Հայ Ձմեռ պապի» ընտանիքներին: Իսկ անցյալ տարվա ծրագրին աջակցություն ցույց տվեց (այն ժամանակ) վարչապետ Սերժ Սարգսյանը` օգնելով մեր հերոսներից մեկին, որը Գերմանիայում բուժման կարիք ուներ:

Տարիների ընթացքում «Հայ Ձմեռ պապը» ցույց է տվել ամենատարբեր կարգի օգնություն` սկսած ամենատարրական բաներից` պատուհանի ապակի գցելուց, մինչև տուն կառուցելը, ինչպես այս տարի: «Հայ Ձմեռ պապի» միջոցներով ձեռք բերված կովերն արդեն հորթուկներ են ունեցել, որ տրվել են այլ կարիքավոր ընտանիքների: Մեր ընթերցողների ու հեռուստադիտողների առատաձեռնության շնորհիվ մեր հոդվածների ու ֆիլմերի հերոսները ենթարկվել են վիրահատությունների, որոնց համար չէին կարող վճարել, պրոթեզներ են ստացել, ծրագրի հանգանակած միջոցներով բուհ են ընդունվել…

«Հայ Ձմեռ պապ» ծրագրին իրենց մասնակցությունն են բերել` հմտություններով և/կամ դրամով, քաղաքական գործիչներ ու բժիշկներ, ուսուցիչներ ու գործարարներ: Սակայն այդ ամենը հնարավոր չէր դառնա, եթե չլինեին այն բազմաթիվ չգովերգված նվիրատվությունները, որ մենք ստանում ենք մեր անդեմ ու հաճախ անանուն նվիրատուներից, որոնց «Փեյփալի» (Paypal) հաղորդագրությունները մեր միակ կոնտակտն են:

Շնորհակալություն, որ ներքուստ կիսում եք մեր այն համոզմունքը, որ «ավելի լավ է օգնել մի քանիսին, քան անտեսել բոլորին»: Այցելե’ք «Հայ Ձմեռ պապ»-ի նվիրատվությունների էջ և ընտրե’ք նվիրատվություն կատարելու ձեզ հարմար տարբերակը:


Ջոն Հյուզ
«ԱրմենիաՆաու» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Արմինե Պետրոսյան
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն


ԱրմենիաՆաուի էջերում