«Սենատի առյուծի» հիշատակը. Քենեդու ժառանգությունն ընդգրկում է հայկական հարցերի սատարումը
77-ամյա սենատորը, որը 47 տարի ներկայացրել է Մասաչուսեթս նահանգը, մահացավ անցյալ շաբաթ և թաղվեց Արլինգթոնի գերեզմանատանը: Հայաստանում Քենեդուն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հավատարմագրված դեսպաններ, պաշտոնյաներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, օրինակ` 64-ամյա ինժեներ Գագիկ Թադևոսյանը, որը կնոջ` Գրետայի հետ քաղաքի մի ծայրից հասել էր Ամերիկայի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանություն: «Ես նրան ու նրա եղբայրներին շատ եմ հարգում, և որքան էլ դժվար էր այստեղ հասնել, չէի կարող չգալ, քանի որ պետք է իմ հարգանքի տուրքը մատուցեի նրան` հայերին օգնելու և ընդհանրապես հանուն ժողովրդավարության պայքարելու համար»,- ասում է ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Թադևոսյանը: Վաշինգտոնում հայկական հարցերի, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման, լոբբինգով զբաղվող քաղաքական գործիչները սգում էին սենատորի մահը` հիշելով նրա աջակցությունը հայկական հարցերին: «Իր ողջ գործունեության ընթացքում սենատոր Քենեդին մարմնավորում էր այն սկզբունքները, որոնք թանկ էին մեզ համար` ջատագովելով ժողովրդավարությունը, պաշտպանելով քաղաքացիական իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, սատարելով նրանց, ովքեր կարիքի մեջ են,- ասաց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի տնօրեն Քերոլին Մուգարը: - Անգնահատելի է նրա ավանդը հայ ժողովրդին աջակցելու և Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշման վերահաստատման գործում: Մենք շնորհակալ ենք նրան այս ազգին ցուցաբերած իր արտակարգ ծառայությունների, ինչպես նաև աշխարհում հանուն ազատության ու ժողովրդավարության պայքարի համար: Սենատոր Քենեդու պակասը շատ կզգացվի»: Քենեդու ժառանգությանը նվիրված մամուլի հաղորդագրությունում համագումարն այսպես է գրել է սենատորի մասին. «Տասնամյակներ շարունակ նա օրինակ է ծառայել, երբ հարցն առնչվել է հայ ժողովրդին սատարելուն: 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ երկիրը կարիքի մեջ էր, սենատոր Քենեդին դիմեց բազմաթիվ մասնավոր կազմակերպությունների` Հայաստանին նվիրատվություններ կատարելու համար: 1990 թ. սկզբին նրա նախաձեռնությամբ մի նամակ ուղարկվեց ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիին, որով հորդորում էր արտոնել օդային փոխադրումները դեպի Հայաստան: Այս ավիափոխադրումներով անկողնային սպիտակեղեն, էլեկտրական ջեռուցիչներ, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ էին հասցվում Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին, ինչպես նաև երկրաշարժից տուժածներին: Սենատոր Քենեդիի աջակցությունը ժամանակին էր և դժվարին օրերին օգնեց բազմաթիվ մարդկանց կյանք փրկելու: Սենատոր Քենեդին նախաձեռնեց նաև մի շարք ծրագրեր` օգնելու աշխարհասփյուռ հայկական համայնքներին, ներառյալ նրանց, ովքեր եկել էին Իրանից` շահի գահընկեց արվելուց հետո, ինչպես նաև նրանց, ովքեր Լիբանանում հայտնվելով քաղաքացիական պատերազմում` վերակառուցում էին իրենց համայնքները: 1980-ականներին նա նաև օգնեց Խորհրդային Միությունից հայ փախստականների հեռանալուն: Հայկական հարցին իր նվիրումի համար սենատոր Քենեդին արժանացավ ամերիկահայ համայնքի դրվատանքին, ի թիվս որոնց` Ամերիկայի հայկական թեմի «Հայ ժողովրդի բարեկամներ» պարգևին: Համագումարը հիշում է նաև, որ Քենեդին պաշտպանում էր նաև Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և իր լուման ներդրեց կրճատելու Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնություն, քանի որ այն շրջափակում է Հայաստանը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Սենատոր Քենեդին Հայոց ցեղասպանության ճանաչման անխոնջ ջատագով էր և ԱՄՆ մեծ մարդասեր: Բոստոնում` Քոփլի հրապարակի Սուրբ Երրորդություն եկեղեցում, Զատիկից հետո` Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցի ժամանակ, 2 հազար մարդու ներկայությամբ համագումարի նախագահ Մուգարը պատիվ ունեցավ ներկայացնելու սենատորին: Երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեցին ԱՄՆ, սենատոր Քենեդին Նոր Անգլիայի շրջանի ամերիկահայ համայնքի հետ Բոստոնում ընդունեց նրանց Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարանում և թանգարանում: Սենատորի հասցեին դրվատանքի խոսքեր ասաց նաև Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՆԿԱ), որը հիշեց, որ «սենատոր Քենեդին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործի համոզված, բացահայտ և բարձրաձայնող գործիչ: 1989 թ. լինելով Սենատի դատական կոմիտեի անդամ` սենատոր Քենեդու և այն ժամանակվ ա կոմիտեի նախագահ (այժմ փոխնախագահ) Ջո Բայդընի ու Իլինոյսի նահանգի նախկին սենատոր Պոլ Սայմնի նախաձեռնությամբ 1990 թ. կոմիտեում ընդունվեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը նշվելու էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ի հեճուկս ԱՄՆ Սենատի և Թուրքիայի կառավարության դիմադրությանը` կոմիտեն ընդունեց թիվ 212 բանաձևը` 8-ը 6-ի հարաբերությամբ»: «Մենք միանում ենք «ԱՆԿԱ»-ի ազգային, տարածաշրջանային և տեղական ղեկավարներին և Մասաչուսեթսի մեր համայնքին` հարգանքի տուրք մատուցելու սենատոր Քենեդիի կյանքին ու գործին, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Քենեդիների ընտանիքին»,- ասաց Մասաչուսեթսի հայ ազգային կոմիտեի համանախագահ Տիգրան Կալիգյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.