Պիրատության ճիրաններում. հեղինակային իրավունքի պաշտպանության տեսանկյունից Հայաստանը վատ ցուցանիշներ է ցույց տալիս

Պիրատության ճիրաններում. հեղինակային իրավունքի պաշտպանության տեսանկյունից Հայաստանը վատ ցուցանիշներ է ցույց տալիս


Մայքրոսոֆթի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ասում են՝ իրենց ընկերության օրինակը նախադեպ կծառայի մյուսների համար:

Չորեքշաբթի միջազգային կազմակերպության հրապարակած տվյալներով` Հայաստանը հեղինակային իրավունքի ոչ պաշտպանված լինելու տեսանկյունից աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում:

Հոկտեմբերի 21-ը պիրատության (հեղինակային իրավունքի խախտման) հիմնախնդրի դեմ պայքարի միջազգային օրն է:

Նույն տվյալների համաձայն (www.bsa.org)` Վրաստանի և Բանգլադեշի ցուցանիշներն ավելի վատ են, քան Հայաստանինը, իսկ Ֆրանսիան հեղինակային իրավունքի տեսանկյունից ամենապաշտպանված երկիրն է:

Այս բացթողումը պատկան մարմինները պայմանավորում են իրավական համակարգի անկատարությամբ և օրենքները կիրառող համապատասխան մարմինների բացակայութամբ:

Խնդրին առնչվող ամենացայտուն դեպքն այս տարվա սկզբին տեղի ունեցավ հայտնի «Մայքրոսոֆթ» ընկերության հետ, որը տարեկան 14 մլրդ դոլար է ծախսում համակարգչային նոր ծրագրեր ստեղծելու համար (կազմակերպության չարտոնագրված արտադրանքները վաճառքի էին հանվել Երևանի խանութներում):

«Բնականաբար, մենք ուզում ենք պաշտպանել մեր իրավունքները, բայց եթե այսօրվա դրությամբ մեր ծրագրով ՀՀ դպրոցներում ներդրել ենք 8300 համակարգիչ, վստահ չենք, որ արտոնագրված բանալիները չեն օգտագործվի 50 000 համակարգչի համար»,- ասաց ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական Արա Թադևոսյանի խոսքով` միայն վերջին տարին է, որ փորձաքննություններն այս ոլորտում ակտիվացել են, բայց համակարգչային ծրագրերի ասպարեզը դեռ նոր է, ու «Մայքրոսոֆթ» ընկերությանն առնչվող դեպքն էլ` նախադեպային:

«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում 92 տոկոսով հեղինակային իրավունքների պաշտպանված չլինելուն, կարող եմ մեկ պարզ օրինակ բերել, որով կհասկանաք, թե ինչ վնասներ է դա բերում: Այս տարի ICU կազմակերպությունը պատրաստ էր ՀՀ-ին տրամադրել 8 մլն դոլար դրամաշնորհ` բժշկությունը Հայաստանում զարգացնելու նպատակով, բայց այդ կազմակերպությունը հենց վերոնշյալ ցուցանիշների պատճառով հրաժարվեց իր որոշումից»,- ասաց Թադևոսյանը:

Մեկ այլ խոցելի ոլորտ է տեսա- և ձայնասկավառակների անօրինական բազմացումները և վաճառքը:

Ճանաչված երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը չի հասկանում, թե ինչպես պետությունը չի կարողանում վերահսկել մի ոլորտ, որը հսկայական հարկեր կարող է բերել:

«Մեկ երգը Հայաստանում 1 մլն 600 000 դոլարի (592 մլն դրամ) եկամուտ է ապահովում, որից ստեղծագործողները ոչինչ չեն ստանում, և մենք մուրացկանի նման ընկնում ենք հովանավորների դռները, ինչո՞ւ»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության մտավոր սեփականության իրավունքի բաժնի պետ Արթուր Վարդերեսյանն ասում է, որ վիճակը 2005 թվականի համեմատությամբ համեմատաբար բարելավվել է, քանի որ 4-5 ընկերություն սկսել են գործել օրինական դաշտում` պայմանագրեր կնքելով ստեղծագործողների հետ:

«Սակայն այժմ էլ մարդիկ, օգտագործելով օրենսդրական դաշտի բացերը, տնային պայմաններում են արտադրում նույն ձայնասկավառակները»,- ասաց Վարդերեսյանը:

Այս ոլորտը կարգավորվում է ՀՀ քրեական օրենսգրքով և վարչական իրավախախտումների օրենսգրքով: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Լիանա Ղալթախչյանը նշում է, որ նոր վարչական իրավախախտումների օրենսգրքով այդ ոլորտն ամբողջությամբ պետք է որ կարգավորվի` հավելելով, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու նոր առաջարկներ և փնտրել նոր լուծումներ:

Մինչ այդ հայ արվեստագետները գտնում են այլ լուծումներ: Օրինակ` Հայաստանում BSA հեղինակային իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանի խոսքով` ճանաչված երգահան Արա Գևորգյանն իր արտադրանքը գրանցել է ԱՄՆ-ում, և վերջինիս հեղինակային իրավունքները պաշտպանվում են նաև այնտեղ:
ԱրմենիաՆաուի էջերում