Բարձր ցուցանիշներ. ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Հայաստանում մարդկային զարգացման և ՀՆԱ համանիշներով առաջընթաց է արձանագրվել

Իրինա Դավթյանն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում մոտ 1 միլիոն մարդ արտագաղթել է Հայաստանից:
ՄԱԿ-ի ամենամյա զեկույցի համաձայն` Հայաստանում մարդկային զարգացման համանիշով առաջընթաց է արձանագրվել, ինչը չի խանգարում Հայաստանին արտագաղթի բարձր ցուցանիշներ ունենալ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հրապարակվող անկախ զեկույցում Հայաստանը մարդկային զարգացման համանիշով աշխարհի 182 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Անցյալ տարվա համեմատությամբ` Հայաստանում մարդկային զարգացման համանիշը բարելավվել է մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելացման շնորհիվ:

Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է արտաքին միգրացիայի ու հատկապես էմիգրացիայի երկիր մնալ, այն դեպքում, երբ աշխարհում ավելի մեծ թիվ են կազմում բնակչության ներքին տեղաշարժերը` պարզել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման 2009-ի զեկույցը (ՄԶԶ), որը այս տարի նվիրված է աշխարհում մարդկանց տեղաշարժերին:

Լրագրողներին ու Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ՄԶԶ-ն ներկայացնելով` տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ Հայաստանում արտաքին միգրացիան մեծ է:

«Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մինչև 1 մլն մարդ կամ բնակչության 1/3-ը: Մեր երկրին բնորոշ է զարգացող երկրից դեպի զարգացած երկիր մարդկանց տեղաշարժը: Արտագաղթողների 2/3-ը գնում է Ռուսաստան, որը մարդկային զարգացման համանիշով` 71, ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան Հայաստանը»,- պարզաբանեց Դավթյանը:

Ընդ որում, ըստ 2009 թ. ՄԶԶ-ի` Հայաստանից մեկնողների համար հիմնական դրդապատճառները տնտեսական են:

«Յուրաքանչյուր երեք էմիգրանտներից երկուսը, որպես Հայաստանից մեկնելու պատճառ, հիշատակում են աշխատատեղերի բացակայության կամ աշխատավարձերի ցածր լինելու հիմնախնդիրները»,- ասաց Դավթյանը:

Որքան էլ փորձագետներն արտաքին միգրացիան բացասական են համարում, այն նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորմանը: Մինչև տնտեսական ճգնաժամը, օրինակ` արտաքին դրամական փոխանցումները կազմում էին Հայաստանի ՀՆԱ-ի 20 տոկոսը:

Հայ միգրանտներն օգուտ են տալիս նաև իրենց մեկնած երկրներին, օրինակ` անկախ փորձագետների գնահատմամբ` վերջին տարիներին Ռուսաստանում հայ միգրանտները ստեղծել են ավելի քան 1 մլն աշխատատեղ:
ԱրմենիաՆաուի էջերում