Բնիկների իրավունքներ. Արևմտյան Հայաստանի հայերի ներկայացուցիչն ասում է` հայ-թուրքական արձանագրությունները նշանակում են «պատմական հողերից հրաժարում»
Անիի Մայր տաճարը, որը 1001 թ. կառուցել է Տրդատ ճարտարապետը հին Հայաստանի մայրաքաղաք Անիում, այժմ գտնվում է արևելյան Թուրքիայում: Այդ արձանագրություններով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել և երկկողմ հարաբերություններ զարգացնել: Այս փաստաթղթերը, որոնք հոկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները, այժմ պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամ, Միավորված ազգերի կազմակերպությունում բնիկ ժողովուրդների համագումարում Արևմտյան Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ Արմենակ Աբրահամյանն ասում է, որ «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրության մեջ Հայաստանը, ճանաչելով Թուրքիայի ներկայիս սահմանը, մոռանում է Արևմտյան Հայաստանի հայերի մասին: Նրա խոսքով` որպես բնիկ ժողովուրդ, համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի, վերջիններս իրավունք ունեն տարածքային պահանջ ներկայացնելու Թուրքիային: «Այս արձանագրությունը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է պատմական հայկական հողերից: Դա նշանակում է, որ Հայաստանի պատմությունն ամբողջովին փոխվում է, որ Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքները գոյություն չունեն, որ ցեղասպանություն չի եղել»,- ասում է Աբրահամյանը: Արմատներով կարինցի, Ֆրանսիայում բնակվող Աբրահամյանը մասնակցել է Արցախյան պատերազմին ու ասում է, որ «իր նման շատերն են մինչև վերջ պայքարել Արցախի համար»: «Երբեք չէի սպասի նման վերաբերմունք Հայաստանի ղեկավարության կողմից: Հիմա ի՞նչ պատահեց, որ այդպիսի շարժում սկսեցին մեր դեմ»,- հարցնում է Աբրահամյանը: Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդը ստեղծվել է 2004 թ., Շուշիում` նպատակ ունենալով միավորել ամբողջ աշխարհի արևմտահայերին: Խորհուրդն աշխարհի տարբեր վայրերում համագումարներ ունի, որին կարող են դիմել արևմտահայերը` իրենց իրավունքների պաշտպանության համար: Որոշ քաղաքագետներ, ի տարբերություն Աբրահամյանի և նրա համախոհների, կարծում են, որ Արևմտյան Հայաստանի` այժմ ամբողջովին քրդաբնակ (մոտ 15 մլն քուրդ ) հողերը Հայաստանին վերադարձնելու դեպքում Թուրքիան մեծ վատություն կանի Հայաստանին: Օրինակ` Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Քեռյանը կարծում է, որ Հայաստանը այժմ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ և բացի սահմանը, հետո նոր մտածի տարածքային պահանջներ ներկայացնելու մասին: «Արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու դեպքում Հայաստանը կկանգնի քրդական հարցի առաջ: Ի՞նչ ենք անելու մենք` երեք միլիոնից էլ քիչ հայերս` մեր Լոս Անջելես մեկնելու ճամպրուկային տրամադրությամբ 15 միլիոն քրդի դեմ»,- ասում է Քեռյանը: Աբրահամյանն ասում է, որ այս խնդիրը շատ մեծ է: Ըստ նրա` սկզբում պետք է բնակեցնել այդ տարածքները, հետո նոր մտածել սահմանի բացման մասին: «Արևմտյան Հայաստանի հայերի խորհուրդը ստեղծել ենք մեր ժողովրդին պատրաստելու նպատակով»,- ասում է Աբրահամյանն ու հավելում, որ վավերացված արձանագրություններն իրավական փաստաթղթեր են, որոնք վիճարկելու համար պետք է դատարան դիմել, ինչը «շատ աշխատանք է պահանջում և կարող է հաջողություն չունենալ: Անդրադառնալով պատմական հարցեր ուսումնասիրող ստեղծվելիք ենթահանձնաժողովին` Աբրահամյանը հարցնում է. «Մենք մեր պատմությունը չգիտեի՞նք մինչև հիմա, մենք թուրքերի կարիքը չունենք մեր պատմությունն իմանալու համար»,- ասում է Աբրահամյանը: Հայաստանի իշխանությունները և նրանց սատարող քաղաքական ուժերը պնդում են, որ ներկայումս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ընթանում է առանց նախապայմանների և չի ենթադրում որևէ փոխզիջում ազգային, այդ թվում` Արևմտյան Հայաստանի և ցեղասպանության հարցերում:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 24 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.