Եհովայի վկան ընդդեմ Հայաստանի. կրոնական կազմակերպությունը դժգոհ է Ստրասբուրգի դատարանի որոշումից
Ներկայումս Հայաստանում 71 Եհովայի վկաներ գտնվում են կալանավայրերում` խղճի թելադրանքով զինվորական (և այլընտրանքային) ծառայությունից հրաժարվելու համար: Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չբավարարեց զինծառայությունից խուսափած «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Վահան Բայաթյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` հիմք ընդունելով հիմնականում այն հանգամանքը, որ նրա բանակ զորակոչվելու ժամանակ (2001 թ.) Հայաստանը չի ունեցել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք (օրենքն ուժի մեջ է մտել 2004-ին) և դեռ չէր վավերացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (վավերացվել է 2002 թ. ապրիլին): «Եհովայի վկաներ» կազմակերպությունը նույնը օրը մի հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Եվրոպական դատարանը չի պաշտպանում Հայաստանում խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները: («Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում ասվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը:) Բայաթյանը 26 տարեկան է, ապրում է Երևանում: Նա 1997 թվականից «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ է: 2001-ի ապրիլին զորակոչվել է բանակ, սակայն խղճի թելադրանքով հրաժարվել է զինծառայությունից: 2002-ի նոյեմբերին դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման: Նույն թվականի դեկտեմբերին քրեական և ռազմական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը և ավելի խիստ պատիժ սահմանել` դատապարտելով նրան երկուսուկես տարվա ազատազրկման: 2003-ի հուլիսին Բայաթյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց` կրելով պատժի 10 ու կես ամիսը: 2005-ին Բայաթյանը դիմել է Եվրոպական դատարան` գանգատվելով, որ ՀՀ ազգային բանակում ծառայելուց հրաժարվելու համար իրեն դատապարտելը հավասարազոր էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք) խախտմանը: «Ես իսկապես ցավում եմ, որ այդպիսի որոշում ընդունվեց: Ես և իմ իրավաբանը որոշել ենք երեք ամսվա ընթացքում դիմել Եվրոպական դատարանի վերին պալատ` գործը նորից քննելու համար»,-«ԱրմենիաՆաուին» ասաց Բայաթյանը: (Բայաթյանի գործը Եվրոպական դատարանի ստորին պալատում լսել են յոթ դատավորներ, իսկ վերին պալատում գործը լսում են տասնյոթ դատավորներ): Ներկայումս Հայաստանում 71 Եհովայի վկաներ գտնվում են կալանավայրերում` խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվելու համար: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դրա պատճառը համարում է այն, որ վերջիններս դատապարտվել են ոչ թե այլընտրանքային, այլ սովորական դասալքության պատճառով: «Նրանք հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից, քանի որ այդ ծառայությունը լիարժեք քաղաքացիական չեն համարում: Այսինքն` նրանց հսկողությունն իրականացվում է զինվորականների կողմից, հիվանդանալու դեպքում նրանք տեղափոխվում են զինվորական հոսպիտալ»,- բացատրում է Իշխանյանը: «Եհովայի վկաներ» կազմակերպությունը պնդում է նաև, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին և խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների պահանջներին, քանի որ գտնվում է ռազմական վերահսկողության ներքո: Անցյալ շաբաթ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական դավանանքի ազատություն-2009» զեկույցում նշվում է, որ ազատազրկված Եհովայի վկաների բոլոր ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բանտի փոխարեն ընտրելու այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, «սակայն նրանք հրաժարվել են, քանի որ դեմ են այն հանգամանքին, որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունն իրականացվում է զինվորականների կողմից»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է, որ բացառությամբ Եհովայի վկաների, որոնք զինվորական ծառայությունից խուսափում են դավանական նկատառումներով, Հայաստանում կրոնական բանտարկյալների մասին այլ հաղորդումներ չեն եղել:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 12 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.