Մադրիդյան սկզբունքներից մինչև «Մխացող պատրույգ». Լեռնային Ղարաբաղի կարգավորումը վավերագրական ֆիլմում

Մադրիդյան սկզբունքներից մինչև «Մխացող պատրույգ». Լեռնային Ղարաբաղի կարգավորումը վավերագրական ֆիլմում


Ավետիսյանը (ձախ կողմում) կարևորում է Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, Խաչատրյանը չգիտի, թե արդյոք պե՞տք է շարունակել պայքարել, թե՞ ոչ:

ԼՂՀ բնակչությունը գաղափար անգամ չունի, թե ինչ են մադրիդյան սկզբունքները, ինչ բանակցություններ են ընթանում, բայց հստակ գիտի, որ հողերը հետ չեն վերադարձնելու:

Հիմնականում այս ասելիքն է իր երեք մասանոց ֆիլմում արտացոլում 28-ամյա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ով վերջին երկու ամսվա ընթացքում ստեղծել է ԼՂՀ-ի շուրջ ներկայիս հայ-ադրբեջանական բանակցությունների հիման վրա ստեղծված մադրիդյան սկզբունքներին նվիրված առաջին վավերագրական ֆիլմը`«Մխացող պատրույգը»:

Ինչպես հեղինակն է բացատրում, «Մադրիդյան սկզբունքներն ականի այրվող պատրույգ են հիշեցնում, որը կամ պետք է հանգցնել, կամ էլ թողնել, որ պայթի»: (Մադրիդյան սկզբունքներով նախատեռսվում է հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի հարակից մի քանի շրջաններից, ադրբեջանցի փախստականների վերադարձ և ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի որոշում, որը կապահովի անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանությունը և ապագայում տարածքի իրավական կարգավիճակի վերջնական որոշումը:)

«Այս ֆիլմով ես կողմ եմ արտահայտվում, որ ԼՂՀ-ն բանակցային կողմ լինի, քանի որ արդեն ատամներ ցույց տալու ժամանակն է: Դա նաև ԼՂՀ բնակչությանը մտահոգող առաջին խնդիրներից է»,- նշեց Ավետիսյանը:

Կարևորելով նման վավերագրական ֆիլմերը` Այլատյացության կանխարգելման նախաձեռնության խորհրդի անդամ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ճիշտ է, իրենք պայքարում են հայատյաց կայքերը փակելու ուղղությամբ, բայց հայ քաղաքագետները գնում են Ռուսաստան և հանդիպում ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ, ովքեր պնդում են, որ ԼՂՀ-ն արևմտյան Ադրբեջանի տարածք է:

«Այսինքն` տեղեկատվական դաշտում խառնաշփոթ է տիրում, չգիտես` պայքարե՞ս, չպայքարե՞ս, Ադրբեջանը մեր թշնամի՞ն է, թե՞ ընկերը: Հեղինե Բիշարյանը կարող է ասել, որ Էրդողանն ու Դավութօղլուն հայտարարություն չեն անում, Սերժ Սարգսյանը տարածքներ հանձնելու մասին ակնհայտ հայտարարություններ չի անում, բայց նրա կուսակցության անդամները արդեն Աղդամն են հանձնում»,- մտահոգվում է Խաչատրյանը:
ԱրմենիաՆաուի էջերում