Գրիպի սարսափ. H1N1-ի մասին խոսակցությունները պատճառ են, որ սովորական մրսածությունը խուճապ առաջացնիՀայաստանի առողջապահության ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ անհանգստանալու կարիք չկա: Ըստ նրանց` Հայաստանում դեռ խոզի գրիպի դեպք չի արձանագրվել, չնայած այն արագորեն տարածվում է հարևան և այն երկրներում, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Վերջին օրերի ընթացքում Թուրքիայում խոզի գրիպից մահացել է 9 մարդ, իսկ Ուկրաինայի արևմտյան շրջաններում, որտեղ արդեն 70 մարդ է մահացել, կարանտին է հայտարարվել, և արգելվել են զանգվածային միջոցառումները, ներառյալ` նախընտրական: (Խոզի գրիպի բռնկումը ստվերեց նաև անցյալ երեկո ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի` «Դինամո» (Կիև)-«Ինտեր» (Միլան) հանդիպումը: Շատերը մտավախություն ունեին, թե գրիպի տարածման պատճառով այն նույնպես կարող էր հետաձգվել:) ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը չորեքշաբթի հայտարարեց, որ հարևան երկրներից ժամանողների նկատմամբ վերահսկողությունը խստացված է: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում պահեստավորվել է մեծ քանակությամբ «Տամիֆյլու» դեղամիջոց, ինչպես նաև հրահանգել է ձեռք բերել լրացուցիչ դոզաչափ, որը գրիպի ցանկացած տեսակով հիվանդ կարող է ընդունել: Հայաստանը դեռ խոզի գրիպի դեմ պատվաստանյութ չունի: «Պատվաստանյութը դեռ նոր է արտադրվում Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Կան հակասական տվյալներ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ: Երբ ստույգ կունենանք արդյունավետության տվյալները, որ դրանք անվտանգ են և կարելի է օգտագործել, մենք էլ ձեռք կբերենք»,- ասաց նախարարը: Մասնագետները կարծում են, որ այս շրջանում եղանակի փոփոխությունների հետ կապված սովորական սեզոնային գրիպի դեպքերի ավելացումը բնականոն է: «Այս պահին Հայաստանում սեզոնային գրիպի համաճարակային իրավիճակ չկա, սակայն նորմալ է, որ այս շրջանում այն ակտիվանում է»,- «ԱրմենիաՆաուին» ասաց պետական հիգենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության համաճարակաբանության բաժանմունքի պետ Լիլիթ Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի` հանրապետության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: (Ամենօրյա մոնիթորինգի և խիստ հսկողության պատճառը նաև խոզի գրիպն է: Ըստ մասնագետների` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար սահմանային անցակետերում իրականացվող հսկողությունից բացի կարևոր է նաև խիստ հսկողություն հաստատել կրթական հաստատություններում: Խոզի գրիպի (H1N1 հարուցիչի) ներթափանցման վտանգը բավական մեծանում է հատկապես տարվա այս եղանակին, երբ տարածված է սովորական սեզոնային գրիպը, մանավանդ որ երկու գրիպների ախտանշանները շատ նման են իրար (բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա և այլն): «Ամեն առավոտ մասնագետը (սա իրականացվում է նաև քաղաքապետարանների և մարզպետարանների օգնությամբ) բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում գրանցում է բացակայությունները, այնուհետև դրանց պատճառներն են ճշտվում: Եթե բացական հիվանդ է գրիպով, նրան խորհուրդ են տալիս տանը մնալ, բուժվել, հիգենիկ պրոցեդուրաներ ընդունել»,- ասում է Ասատրյանը: Գրիպով չվարակվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակել բերանը, չհամբուրվել, չշփվել հիվանդների հետ, ձեռքով չբարևել: Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Չոբանյանն ասում է, որ բժիշկների կանչերը «մի քիչ շատացել են», սակայն նորից հավաստում է, որ սեզոնային գրիպի համաճարակ չկա: «Կանչերի թիվը, կարելի է ասել, որ մեխանիկորեն է շատացել, քանի որ խոզի գրիպի հետ կապված կրթական հաստատություններում հսկողությունը բավական խստացվել է»,- ասում է Չոբանյանը: Երևանի թիվ 5 մանկապարտեզում, որտեղ 94 երեխա է հաճախում, նոյեմբերի 4-ին բացակայել են 14-ը: Մանկապարտեզի տնօրեն Զվարթ Զաքարյանն ասում է, որ բացականերից ընդամենը երկուսն են հիվանդ: «Մյուսները կենցաղային պատճառներով չեն հաճախել, ասենք` երեխան չի ուզում մանկապարտեզ գալ, տանն է մնում, կամ էլ ավելի հաճախ ծնողները չեն բերում, երբ ցուրտ եղանակ է լինում»,- ասում է Զաքարյանը:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.