Ինտերնետային պատերազմներ. հայ փորձագետների կարծիքով` տեղեկատվական «խրամատային պատերազմները» դեռևս չեն դադարում

Ինտերնետային պատերազմներ. հայ փորձագետների կարծիքով` տեղեկատվական «խրամատային պատերազմները» դեռևս չեն դադարում


Սաղաթելյանի հավաստմամբ՝ վերջերս Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել:

Տեղեկատվության ոլորտի հայաստանյան փորձագետները տեղեկատվական պատերազմները մշտական գործընթաց են համարում` ասելով, որ անիմաստ է հուսալ, թե մի օր հաշտություն կկնքվի: Ըստ փորձագետների` բազմաթիվ գործոններով այսօր այն ավելի շուտ դիրքային մարտեր, քան լայնածավալ պատերազմ է հիշեցնում:

Ներկայացնելով օգոստոսին ադրբեջանցի և թուրք հակերների կողմից հարձակման ենթարկված հայկական կայքերի վիճակը` «Helix consulting» ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանն ասում է. «Այն ժամանակ հարձակումները կանխելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկվեցին: Պետք է միշտ պատրաստ լինես: Շատ եմ կարևորում տեղեկատվության ոլորտում աշխատող մասնագետների որակավորման դերը»:

Ըստ փորձագետի`հակերային հարձակումների հաջորդ ալիքը սպասվում է դեկտեմբերին, ինչը կապված է տոնական օրերի հետ: Իսկ ընդհանրապես, լավ ուսումնասիրած լինելով հակերների գործունեությունը, նա ասում է, որ հարձակումները հիմնականում կատարվում են ուրբաթ օրերին, քանի որ այս դեպքում իրավիճակն ուղղելու համար մասնագետները գործի են անցնում երկու օր անց:

Ոլորտի մասնագետները փաստում են, որ հատկապես վերջին շրջանում ադրբեջանական ճակատում վարած տեղեկատվական պատերազմում հայկական կողմը լուրջ հաջողություններ է ունեցել:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ, փորձագետ Արման Սաղաթելյանն ասում է, որ գոյություն ունի հանրապետության նախագահի կողմից հաստատված տեղեկատվության անվտանգության հայեցակարգ, որը նույնպես հաջողության լուրջ գործոն է:

«Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում հայկական կողմն առայժմ կարողանում է պաշտպանել սեփական դիրքերն ու ակնհայտ առաջընթաց գրանցել, նույնը սակայն չենք կարող ասել հայ-թուրքական ճակատի մասին»,- ասում է Սաղաթելյանը:

Փորձագետները համոզված են, որ իրենց տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը պայմանավորված չէ նրանով` լինո՞ւմ են տեղեկատվական հարձակումներ, թե՞ ոչ:

Արման Սաղաթելյանը նշում է, որ իրենք, անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինեն հարձակումներին:

«Ծավալուն գործընթացների մասին խոսելն առայժմ վաղ է, բայց այնուամենայնիվ վտանգը կա: Այժմ տեղեկատվական հակամարտության դաշտում «փոխհրաձգության» փորձեր են արվում, այսինքն` խրամատային փոխհրաձգության մակարդակում է»,- ասում է նա:

Ըստ փորձագետների` այս պահին չեն կարող խոսել տեղեկատվական դաշտում լուրջ, ծավալուն «մարտական գործողությունների» մասին: Կան ինչ-որ դիրքեր, որոնցից հետ ու առաջ են շարժվում, և այդ դիրքերից «փոխհրաձգություն» է լինում:
«Եթե տեղեկատվական պատերազմը ակտիվ փուլում լիներ, ապա պլանավորված, լայնածավալ տեղեկատվական քարոզչական պատերազմ կլիներ»,- ասում է Արման Սաղաթելյանը:

Այդուհանդերձ, նա կարծում է, որ Հայաստանը պետք է պատասխանի տեղեկատվական պատերազմի մարտահրավերներին, քանի որ երկիրն ակնհայտ շահեր ու վտանգներ ունի տեղեկատվության ոլորտում:

Այս ոլորտի առաջընթացը Սաղաթելյանը որոշում է նաև ավելացված կայքերի թվով, որոնց թիվը 5-6 անգամ աճել է:

Նա նաև նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակի նմանություն կա համացանցի զարգացման ոլորտում: Իսկ Թուրքիան առանձնանում է իր հսկայական տեղեկատվական դաշտով, որը մեծ ֆինանսական ռեսուրսներից է սնվում:

«Սակայն տեղեկատվական հակամարտությունների հիմնական առավելությունն այն է, որ այստեղ կարևոր չէ հարուստ-աղքատ, փոքր-մեծ հարաբերակցությունը»,- ասում է Սաղաթելյանը:
ԱրմենիաՆաուի էջերում