Փաշինյանի գործը. ընդհատակում անցկացրած ժամանակահատվածը խոչընդոտում է խմբագրի` ընտրություններին մասնակցելուն

Փաշինյանի գործը. ընդհատակում անցկացրած ժամանակահատվածը խոչընդոտում է խմբագրի` ընտրություններին մասնակցելուն


Նիկոլ Փաշինյանը (աջ) դատարանում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Իջևանի բաժանմունքը հրաժարվել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել Երևանի թիվ 10 ընտրատարածքում` որպես պատգամավորության թեկնածու առաջադրված, ներկայումս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Այս տեղեկանքի բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող գրանցել Փաշինյանի թեկնածությունը:

Տեղեկանքը չտրամադրելու հիմք է հանդիսացել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նոյեմբերի 3-ին տրամադրած գրությունը, ըստ որի` Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից մինչև 2009-ի հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ և այդ ժամանակահատվածում Հայաստանում չի բնակվել:

Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ ամուսնու լիազոր ներկայացուցիչներն երկուշաբթի (նոյեմբերի 9-ին) դիմել են վարչական դատարան, որպեսզի պարտավորեցնեն ոստիկանությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկանքը:

Փաշինյանը ինքնառաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, որը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի` պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո:

Փաշինյանի լիազոր ներկայացուցիչները և կինը կարծում են, որ այս որոշումը պարզապես աբսուրդ է, քանի որ վերջինս կալանքի տակ է գտնվում 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով: Վերջիններս նշում են, որ հետախուզման մեջ գտնվելու փաստը ամենևին էլ չի նշանակում, թե այդ անձը Հայաստանում չի բնակվել: Բացի այդ, Փաշինյանի անձնագրում սահմանապահների մուտքի և ելքի դրոշմակնիքները չկան, և նա դատախազություն էր ներկայացել 2009-ի հուլիսի 1-ին:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը պարզաբանել է տեղեկանքի ամսաթվերի հետ կապված անհամապատասխանությունը:

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 գրությունում ասվում է, որ ք. Իջևանում հաշվառված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2008 թվականի փետրվարի 26-ին հայտարարվել է հետախուզում, որը 2008 թվականի հուլիսի 7-ին դադարեցվել է` վերջինիս հայտնաբերման կապակցությամբ: Նույն գրությունում նաև հայտնվել է, որ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների` 2008 թ. մարտիմեկյան հայտնի իրադարձություններից անմիջապես հետո Փաշինյանը հեռացել ՀՀ-ից և մինչև ներկայանալը գտնվել է անհայտ հասցեում»:
ԱրմենիաՆաուի էջերում