Ընդդիմություն. Հայաստանի ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ լուծելու որևէ տնտեսական խնդիր

Ընդդիմություն. Հայաստանի ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ լուծելու որևէ տնտեսական խնդիր


Ընդդիմությունը քննադատում է իշխանությանը տնտեսական քաղաքականությունում ոչ ճիշտ քայլերի համար

Հայաստանի ներկայիս իշխանությունը ի վիճակի չէ լուծելու որևէ տնտեսական խնդիր, քանի որ պետական ամբողջ մեքենան գտնվում է մի խումբ օլիգարխների ձեռքին, այն դեպքում, երբ իշխանությունը միայն սպասարկում է այդ խմբի մարդկանց: Մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարություն է արել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` եթե նախորդ տարիներին երկրի ներկայիս տնտեսական համակարգը կարողանում էր ինչ-որ կերպ գոյատևել` հիմնականում արտերկրում բնակվող հայերի կատարած փոխանցումների շնորհիվ, ապա վերջին տարվա ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցույց տվեց նրա ողջ անկենսունակությունը:

«Առաջիկա ձմռանը բնակչությունն ի վիճակի չի լինի վճարելու իր կոմունալ վարձերը, և տնտեսությունը կհայտնվի կոլապսի մեջ: Ստեղծված իրավիճակից միակ ելքը իշխանությունների հրաժարականն է և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելը,- հայտարարեց Զուրաբյանը:

Մամուլի ասուլիսին մասնակցող ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ 2009 թ. առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 18 տոկոս, և այդ ցուցանիշով երկիրը յուրօրինակ ռեկորդակիր է դարձել աշխարհում:

Ասատրյանն անկման պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի համարում (ըստ նրա` Հայաստանում անկման մեջ ճգնաժամի բաժինը 5 տոկոսից ավելի չէ), այլ կառավարության ոչ ճիշտ որոշումները:

«Չի կարելի փորձել լուծել տնտեսական խնդիրները` անընդհատ արտասահմանյան վարկեր վերցնելով: Հայաստանում օլիգարխների մենաշնորհների և արտոնությունների շնորհիվ գործնականում վերացել է փոքր ու միջին բիզնեսը, չկա մրցակցություն, իսկ խոշոր բիզնեսը դրամական ներդրումների կարիք չունի»,- կարծում է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը:

Ընդդիմադիրները 2010 թ. պետբյուջեի նախագիծը կոչել են «բնակչության և միջազգային հանրության աչքերին թոզ փչելու իշխանությունների փորձ»:
ԱրմենիաՆաուի էջերում