2009-ի խաղաշրջանի ավարտը. ֆուտբոլը միայն դիվանագիտություն չէ
«Փյունիկի» ղեկավարությունն ամփոփում է 2009 թ. արդյունքները Կիրակի ավարտված խաղաշրջանը տարբերվում էր նախորդներից երևի թե երկու պահով. հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ երկրի գավաթի եզրափակիչը սպասարկում էր արտասահմանցի (իտալացի) մրցավարների խումբը, և երկրորդ` նախորդ տարվա փոխչեմպիոն «Արարատի» ձախողված ելույթը, որը դարձավ ավարտված առաջնության «ամենավառ» տպավորությունը: Խաղաշրջանի ավարտին մայրաքաղաքի «Ռեջինա» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Կառլեն Հարությունյանը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը: «Փյունիկի» մարզիչը դրական գնահատեց խաղաշրջանի արդյունքները` նշելով, որ ամենաուշագրավն այն է, որ թիմն իր հերթական չեմպիոնի կոչմանն է արժանացել երիտասարդ ֆուտբոլիստների շնորհիվ: Սակայն, ըստ մարզչի, արդեն ժամանակն է մտածելու միջազգային ասպարեզում հաջող հանդես գալու մասին: (Հայկական ֆուտբոլային ակումբներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել Եվրոպայի գավաթի որակավորման փուլերը:) Այդ նպատակով ակումբի ղեկավարությունը ծրագրում է լրջորեն նախապատրաստվել հաջորդ խաղաշրջանին: Նոր խաղացողներ են հրավիրվելու կամ Հայաստանի ազգային հավաքականից, կամ Մարկոս Պիզելիի մակարդակից ոչ ցածր լեգեոներներ (բրազիլացի ֆուտբոլիստն ակումբի հետ 3 տարի ժամկետով պայմանագիր ունի): Խոսելով ուժեղացման մասին` Հարությունյանն ընդգծել է, որ բացառված չէ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու վերադարձը իրենց թիմ, այն դեպքում, եթե «Խիմկիի» դարպասապահն իրեն հարմար ակումբ չգտնի արտասահմանում: Ինչպես հայտնի է, մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում խաղում է Ռոման Բերեզովսկին, 10 միավորով վերջին տեղն է զբաղեցրել 2009 թ. Ռուսաստանի առաջնությունում և դրա ավարտին կլքի բարձրագույն լիգան: Սպասվում է նաև Լևոն Պաչաջյանի վերադարձը, որն այս պահին խաղում է Իրանի առաջնությունում: Իսկ ազգային ընտրանի՞ն: 2010 թ. ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության որակավորման փուլը նշանավորվեց նոր եզրի հայտնվելով` ֆուտբոլային դիվանագիտություն: Իրոք, Հայաստանի և Թուրքիայի հավաքականների երկու ֆուտբոլային խաղերի (Երևանում և Բուրսայում) շուրջ առաջին հերթին քաղաքական իրարանցումն ավելի քան բավական էր: Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա ընտրանին բացահայտ հիասթափեցրեց` փայլելով միայն Բելգիայի հավաքականի հետ խաղում, որում միակ հաղթանակն է տարել ընտրական փուլում (2:1), ինչպես նաև Եվրոպայի չեմպիոնի` իսպանացիների հետ առանձին դրվագներում լավ խաղ են ցույց տվել (1:2 հաշվով պարտվելով իսպանացիներին): Մյուս բոլոր խաղերի ընթացքում (ներառյալ մարտին տեղի ունեցած Էստոնիայի հետ խաղում` 2:2) այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ խաղացողները չգիտեն` ինչ անել գնդակը, ինչպես պաշտպանվել, պաշտպանությունից հարձակման անցնել, գոլային պահեր ստեղծել և ամենակարևորը` դրանք իրացնել: Հայաստանի ազգային հավաքականը, որը 2007 թ. կարծես գտել էր իր խաղը շոտլանդացի մարզիչ Իըն Փորթերֆիլդի գլխավորությամբ մի շարք հիանալի խաղեր ցուցադրելով, այդպես էլ ուշքի չեկավ մարզչի մահից հետո, իսկ Փորթերֆիլդին փոխարինած դանիացի Յան Փոուլսենը ոչնչով չի հիշվել: Որակավորման նոր խաղաշրջանի համար հայկական թիմը ավելի շուտ «թարմ խաղացողների» և խելացի մարզչի կարիք ունի, քան հրավիրյալ մարզիչների, որոնցից վերջին տարիներին շատ է տեսել ազգային ընտրանին: Եվրո-2012 որակավորման խաղերը կսկսվեն հունվարին: Կարդարացնի՞ արդյոք երկրպագուների հույսերը նոր` 2010 թ. խաղաշրջանը, թե՞ հերթական հիասթափությունը կպատճառի` ցույց կտա ժամանակը:
Other Articles in Ֆուտբոլ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.