«Իրական քաղաքականություն». Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում է հայ-թուրքական գործընթացին, սակայն շարունակում է ընդդիմանալ ՍարգսյանինԸնդդիմադիր առաջնորդը նաև պնդել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի` Անկարայի հետ հաշտեցնող համաձայնագրի «ազգայնական» քննադատությունը «ոչ մի առնչություն չունի իրական քաղաքականության հետ»: «Մենք կողմ ենք թե՛ հայ–թուրքական հարաբերությունների, թե՛ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որը հիմնված պետք է լինի փոխզիջման և հավասարակշռվածության սկզբունքների վրա, բայց դրա հետ մեկտեղ, վճռականորեն դեմ ենք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց բացի, ոչ թե նպաստելու, այլ ընդհակառակը, խանգարելու է հայ–թուրքական հաշտեցմանը»,- ասել է Տեր-Պետրոսյանը մեկ ժամ տևած իր ելույթում, որի ընթացքում նա ներկայացրել է Հայաստանի ներկայիս ներքին և արտաքին քաղաքականության առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ ՀԱԿ-ի հիմնական տեսակետը: Տեր-Պետրոսյանը շարունակ պնդել է, որ Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի ընդդիմությունը դիտարկում է` որպես ներքին լեգիտիմությունից զուրկ նախագահի, պետք է հրաժարական տա` հայ-թուրքական հարաբերություններում և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «վտանգավոր զարգացումները» կասեցնելու համար: «Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշխանության կողմն են, որքան էլ ձևացնեն, թե իսկապես մտահոգված են նշված անցանկալի զարգացումներով»,- շեշտել է Տեր-Պետրոսյանը` ակնհայտորեն վկայակոչելով ՀՅԴ-ին, որը քննադատելով հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, չդրեց Սարգսյանի հրաժարականի պահանջը: Դաշնակցության և մյուս ազգայնական ուժերին հասցեագրված իր սուր խոսքում Տեր-Պետրոսյանը հերքել է վերջինների հռետորաբանությունը և պնդել, որ «բացի ՀԱԿ-ից, որևէ այլ քաղաքական ուժ չի արտահայտում այսպիսի հստակ, իրատեսական և Հայաստանի ու Ղարաբաղի իրական շահերից բխող դիրքորոշում»։ «Անզեն աչքով իսկ նկատելի է, որ, ի տարբերություն Կոնգրեսի, որը հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն՝ Հայ դատի ոլորտ, որը ոչ մի կապ չունի իրական քաղաքականության և մեր երկրի իրական շահերի հետ»,- նշում է Տեր-Պետրոսյանը։ «Ոչ մի թիզ հող», «ոչ մի զիջում» կամ «ոչ մի հաշտեցում» կարգախոսները, որքան էլ հստակ թվացող, ինձ համար քաղաքական դիրքորոշում չեն և հղի են մեր ժողովրդին ազգային աղետի առջև կանգնեցնելու վտանգով։ Իսկ երբ այդ կարգախոսներն ուղեկցված չեն իշխանափոխության պահանջով, նրանք նաև կեղծ ու փարիսեցիական են»,- նշել է Տեր-Պետրոսյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 8 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.