«Բարսելոնայի» գոլը` հօգուտ Հայաստանի. դեռատի երգչուհին հուսով է հաղթել «Եվրատեսիլում» ֆուտբոլային ուրախ երգով

«Բարսելոնայի» գոլը` հօգուտ Հայաստանի. դեռատի երգչուհին հուսով է հաղթել «Եվրատեսիլում» ֆուտբոլային ուրախ երգով


Լուարա Հայրապետյանը հույս ունի գերել եվրոպական լսարանի սրտերը իր «Բարսելոնա» ուրախ երգով

Հագնելով եվրոպական հայտնի ֆուտբոլային ակումբի կարմիր-կապույտ մարզահագուստը և երգելով ուրախ երգ` «Մանկական Եվրատեսիլ-2009»-ի Հայաստանը ներկայացնող մասնակիցը հույս ունի, որ կկարողանա գերել Եվրոպայի երաժշտասեր հանդիսատեսների սրտերը և հավանաբար ստանալ Իսպանիայի առաջնության գրանդ ակումբի երկրպագուների աջակցությունը:

Շաբաթ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանի Աստրախան քաղաքից 12-ամյա Լուարա Հայրապետյանը: Նա երգելու է հայերեն իր և եղբոր սիրելի «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի մասին:

Բազմաթիվ երաժշտասերների կողմից արդեն սիրված երգի սյուժեն ծնվեց այն ժամանակ, երբ Հայրապետյանների ընտանիքը դիտում էր Չեմպիոնների լիգայի անցյալ մրցաշրջանի «Մանչեսթեր յունայթեդ»-«Բարսելոնա» խաղը: Ինչպես հետագայում ասել էր Լաուրան, իր ողջ ընտանիքը վեր էր ցատկել` բղավելով` «գո´լ, Բարսելոնա», երբ տոնում էր կատալոնյան ակումբի հաղթանակը: (Դուք կարող եք լսել երգը այստեղ` http://www.junioreurovision.tv/event/artistdetail?song=24743&event=1483:)

Հուլիսին` նախընտրական փուլի ժամանակ, յոթ երգերից ընտրված երգի հեղինակը և կատարողը Լուարան է: Այժմ 12-ամյա աղջնակը և Հայաստանը ներկայացնող ինը մարդուց բաղկացած պատվիրակությունն արդեն մեկնել են Կիև` իրենց բախտը փորձելու երաժշտական մրցույթի եզրափակչում, որին մասնակցելու են 13 երկրների 10-15 տարեկան պատանիներ:

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրեց 2-րդ, 2008 թ. գյումրեցի Մոնիկա Մանուչարովան` 8-րդ տեղը:

Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացնում է արտերկրում ապրող հայ մասնակիցը: Լուարան Հայաստանի քաղաքացի է և շատ ժամանակ լինում է նաև Կապանում, հաճախում սաքսոֆոնի, վոկալի և պարի դասերի: «Դո-ռե-մի» մանկապատանեկան կենտրոնի ղեկավարը մեծ պոտենցիալ է տեսնում այս աղջնակի մեջ:

«Ուժեղ երեխա է` թե´ վոկալ և թե´ դերասանական վարպետության տվյալներով: Ես վստահ եմ նրա ուժերին, թեպետ չեմ լսել մյուս մասնակիցների կատարումները»,- ասել է Նադեժդա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթիի» ռադիոհաղորդումներից մեկի ընթացքում:

Շատերի կարծիքով` ֆուտբոլային ամենահայտնի «Բարսելոնա» ակումբի մասին երգի ընտրությունը, հնարավոր է, նպաստավոր լինի տարբեր երաժշտական ճաշակ ունեցող եվրոպացի ունկնդիրների ձայները ստանալու համար:

Նման մրցույթներում Հայաստանն ավանդաբար ակնկալում է Եվրոպայի տարբեր երկրներում ապրող հայության աջակցությունը հեռուստաքվեարկության միջոցով: Կարծիք կա, որ ի տարբերություն մեծահասակների` «Մանկական եվրատեսիլում» «քաղաքականությունը» և այսպես կոչված` «էթնիկ քվեարկությունը» այնքան էլ մեծ դեր չեն խաղա, որքան լավ վոկալը և ելույթը:

Հանրային հեռուստատեսությամբ «Մանկական եվրատեսիլի» օրագրի ընթացքում «Հ1»-ի հատուկ նախագծերի մասով խորհրդական Դիանա Մնացականյանը նշել է, որ Հայաստանը ներկայացնող երգը ինտերնետային տարբեր կայքերում ընդգրկվել է լավագույն եռյակում:

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ («Հ1») շաբաթ երեկոյան` ժամը 23:15-ից (Երևանի ժամանակով): Լուարա Հայրապետյանը և 5 պարող երեխաներ կներկայանան 3-րդ համարի տակ:
ԱրմենիաՆաուի էջերում