Խաղողագործությունը և սահմանը. հայ-թուրքական սահմանի բացումը վտանգ չի ներկայացնում հայկական գինեգործությանը
Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը (ձախ) և Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը (աջ) Ըստ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի` Թուրքիան աշխարհում չորրորդ խաղողագործական երկիրն է, Իրանը`վեցերորդ: Սակայն, Իրանում այն ավելի բուռն է զարգանում, քան Թուրքիայում: «Այսօր 1 կգ խաղողը Թուրքիան համաշխարհային շուկա է արտահանում 60-70 սենթով, Իրանը` 25-30, այսինքն` Իրանը միշտ եղել է շահավետ գործընկեր, քան Թուրքիան: Եթե Թուրքիայի հետ իդեալական հարաբերություններ ունենանք, ապա ոչինչ չի փոխվի, որովհետև մենք նույնիսկ Իրանից խաղող չենք գնում»,- ասում է Գինեգործների միության նախագահը: Ըստ նրա`Հայաստան կարելի է ներմուծել արգենտինյան գինի, կամ խաղող` 1 կգ-ը 30 սենթով, ինչը նշանակում է, որ Թուրքիայի տնտեսությունը գինեգործության ու խաղողագործության առումով մրցունակ չէ աշխարհում: Մյուս գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանի օրենսդրությունը խաղողի և գինու մասով մեծ «դիմադրողականություն» ունի: Գինու շուկայի օրենսդրությունը հիմնված է ծագման վրա` ծագման երկրի խաղողը չի կարելի խառնել այլ խաղողների հետ: «Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության` ինչ օրենքներ կիրառվում են ներքին դաշտում, նույն օրենքները պետք է լինեն ներմուծման դաշտում: Սակայն խաղողի և գինու մասով բացառություններ կան: Այսինքն` եթե հայկական գինի է, նշանակում է`իրավունք չունես օգտագործել այլ երկրի խաղող կամ գինի: Երկու պարագաներն էլ հօգուտ մեզ են»,- ասում է Հարությունյանը «ԱրմենիաՆաուին»: «Պետք է նժարին դնել երկու բան. կամ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք մտնում Թուրքիայի հետ`զարգացնելով խաղողագործությունը Արևմտյան Հայաստանում, մեկընդմիշտ մոռանալով, որ այն եղել է Հայաստանի բաղկացուցիչ մասը, և ստանում շահույթ, կամ պայքարում ենք»,- ասում է Հարությունյանը: Հարևան Թուրքիան այսօր տասն անգամ ավելի շատ գինի է արտադրում և արտահանում, քան Հայաստանը: Այստեղ կան երեք խոշոր գինեգործական կենտրոններ`արևմտյան ափը Ստամբուլից մինչև Իզմիր, Կիլիկիան և Վանի շրջանը: Հունա-ֆրանսիական ներդրումների շնորհիվ զարգացած է արևմտյան ափը: Սակայն թուրքերը մեծ ակնկալիքներ ունեն Վանի և Կիլիկիայի կենտրոններից: Այսօր Թուրքիայում գոյություն ունեն 1200 «աբորիգեն» տեսակներ, որոնցից 250-ը զուտ հայկական անուններ ունեն: Հարությունյանն ասում է, որ նրանք դեռ չեն հասցրել թրքացնել հայկական սորտերը: «Հայերի խաղողի այգիները մնացել են նույն ձևով, ինչպես եղել են 1915 թվականին: Քրդերը դրանց ձեռք չեն տվել: Պարզապես այգիները վայրիացել են: Իսկ խաղողի վայրիացումը ուղղակի հակադարձ պրոցես է, բավական է` երեք-չորս տարի մշակես, կվերադառնա նախնական տեսքին»,- ասում է նա: Սահմանի բացման դեպքում հնարավոր կլինի վերականգնել հայկական վայրի խաղողի տեսակները: Սակայն շուկա այն կարտահանվի որպես թուրքական բրենդ: «Դուք ունեք երկու տարբերակ`պատերազմել, գրավել այդ հողերը և ստեղծել հայկական գինի կամ թուրքերի հետ համատեղ ստեղծել կովկասյան կամ Անատոլիայի բրենդը»,-ֿ«ԱրմենիաՆաուին» ասում է Հարությունյանը: Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանի համոզմամբ`Հայաստանն ամեն կերպ փորձում է մտնել եվրոպական շուկա, բայց ճանապարհին կանգնած է Թուրքիան: «Ու մենք պետք է անցնենք այդ ճանապարհը: Գուցե կորուստներ ունենանք, բայց չենք կարող այդ ճանապարհից հրաժարվել, հակառակ դեպքում կհայտնվենք փակուղում: Այս ոլորտում Իրանը փակ երկիր է մեզ համար, իսկ մեր համագործակցությունը ոչ թե Թուրքիայի հետ է, այլ աշխարհի: Ես դրանում վատ բան չեմ տեսնում»,- ասում է նա: Հայաստանում խաղողի 90 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրությունում, 10-ը`գինու: Արտահանվում է 7-8 մլն շիշ գինի, որից 70 տոկոսը`ԱՊՀ երկրներ, 30 տոկոսը`ԱՄՆ և Եվրոպա: Կոնյակի 94 տոկոսը արտահանվում է ԱՊՀ երկրներ, որից 70 տոկոսը` Ռուսաստանի Դաշնություն, մնացածը`ԱՄՆ և Եվրոպա: Ազգագրագետ Հոբոսյանը նշում է, որ չնայած խաղողի հայրենիքը Հայաստանն է, այդուհանդերձ 500 տեսակի խաղողի վայրի սորտերն այսօր գրեթե գոյություն չունեն: «Պատմությունը ցույց է տալիս, որ այդ սորտերը նախ զոհ գնացին իսլամին, ապա` ցարական Ռուսաստանին, հետո` Խորհրդային Միությանը: Մինչդեռ աշխարհի լավագույն սորտերը հայկական խաղողի ժառանգներն են»,- ասում է Ավագ Հարությունյանը: Ըստ նրա`գինու համաշխարհային շուկայում 30-40 տարին մեկ գինու ճաշակի հեղափոխություն է տեղի ունենում: «Աշխարհը հոգնեց եվրոպական գինիներից, փնտրեց և գտավ էկզոտիկ երկրների` Չիլիի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի խաղողը: Հիմա աշխարհը փնտրում է նոր համ ու նոր որակ և կարծես թե կենտրոնանում է խաղողի ծննդավայրի վրա: Պետք է փորձենք աշխարհին ներկայանալ մեր էկզոտիկ «աբորիգեն» խաղողով և դրանից ստացված գինով»,- ասում է նա:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.