«Արաքսի ափին». հայ-թուրքական ֆիլմը ներկայացնում է կյանքը և տեսակետները սահմանի երկու կողմերում

«Արաքսի ափին». հայ-թուրքական ֆիլմը ներկայացնում է կյանքը և տեսակետները սահմանի երկու կողմերում


Երեքշաբթի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված հայ-թուրքական համատեղ վավերագրական-խաղարկային ֆիլմը, որը պատմում է Արաքս գետի հակառակ ափերի կյանքի մասին, Երևանի հանդիսականի մեջ հակասական արձագանքներ է առաջացրել:

30 րոպե տևողությամբ «Արաքսի ափին» վերնագրով ֆիլմը նկարահանվել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» և «Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհուրդ» ՀԿ-ների կողմից և Հայաստանում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունների աջակցությամբ: Ֆիլմում փորձ է արվել ներկայացնելու փակված սահմանով անջատված Արաքս գետի աջ և ձախ ափերին ապրող երկու ժողովուրդների կարծիքները միմյանց մասին:

Ֆիլմում թուրք հերոս Արազը և հայ հերոսուհի Թամարը երկխոսում են` որոշելով ջրամբար կառուցել Արաքսի վրա: Երկուսն էլ սկսում են պատմել իրենց երկրների մասին` պարզելով, որ շատ քիչ բան գիտեն միմյանց մասին:

Ֆիլմի վավերագրական հատվածում ներկայացվում է փողոցով քայլող և սահմանամերձ գոտիներում բնակվող մարդկանց շրջանում անցկացված հարցումները, ովքեր միայն դրական են արտահայտվում հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ: Ամբողջ ֆիլմի ընթացքում ոչ մի տեղ չի նշվում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի մասին:

« Ֆիլմից հետո ես ինձ շատ ավելի նվաստացած զգացի: Թուրք հերոսն ասում է, որ դուք գաք մեր երկիր, սիրուն ճանապարհորդություն կկազմակերպի Արևմտյան Հայաստանով` չնշելով անգամ, որ դա մերն է ու խլված է եղել, ցեղասպանություն է եղել»,- ֆիլմի ռեժիսորի հետ բանավիճում էր Ղարաբաղյան պատերազմի մասնակից 60-ամյա Աղավնի Սահակյանը:

Ֆիլմի հայազգի ռեժիսոր Գևորգ Նազարյանը պատճառաբանում է, որ իր հարցրած մարդկանցից ոչ մեկը չի խոսել Հայոց ցեղասպանությունից և դեմ չի արտահայտվել սահմանի բացմանը. «Ես զարմանում եմ` ինչո՞ւ մարդիկ չեն փորձում ֆիլմից գեղեցիկ պատկերներ քաղել, ինչպիսիք են մեր հին ավերակների կադրերը»:

Չնայած նրան, որ Նազարյանը քաղաքական որևէ ենթատեքստ չի տեսնում ֆիլմի մեջ, նրա գործընկեր` ֆիլմի երկրորդ ռեժիսոր ազգությամբ թուրք Սերդար Դինլերը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում այս ֆիլմն իր ուրույն դերը կխաղա:

Դինլերը պնդում է, որ իրենց երկրում Հայաստանի գոյության մասին իմացել են միայն 1992 թվականից հետո, երբ Հայաստանը անկախացել է: Ըստ նրա` հայ-ադրբեջանական հակամարտության մասին նրանք ընդհանրապես տեղյակ չեն եղել:

Թեև թուրք ռեժիսորը չի ընդունում Հայոց ցեղասպանության փաստը, բայց խոստովանում է, որ ամեն անգամ Հայաստան այցելելիս ծաղիկներ է դնում Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիրին:

«Բայց չեմ կարծում, որ հարկ է կենտրոնանալ անցյալում կատարվածի վրա, ես բիզնեսի մարդ եմ ու կարծում եմ, որ տնտեսական հողի վրա մեր երկրները կարող են բարեկամանալ»:


ԱրմենիաՆաուի էջերում