Քարտեզ ու քարոզչություն. «Գնենք հայկականը» գովազդային վահանակները շփոթություն են առաջացնում ԼՂՀ ներկայիս սահմանների շուրջ

Քարտեզ ու քարոզչություն. «Գնենք հայկականը» գովազդային վահանակները շփոթություն են առաջացնում ԼՂՀ ներկայիս սահմանների շուրջ


Հայրենական արտադրության ապրանքների սպառումն ավելացնելու նպատակով անցկացվող նախաձեռնության գովազդն ակամա կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ներկայիս սահմանները:

«Գնենք հայկականը» ակցիայի շրջանակներում այս շաբաթ Երևանի փողոցներում հայտնված գովազդային վահանակների վրա խորհրդային տարիներին գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) քարտեզն է, որը մինչև 1988-ը գտնվում էր Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզումից հետո դուրս եկավ Բաքվի վերահսկողությունից:

Ո´չ պետական, ո´չ մասնավոր մարմիններից «ԱրմենիաՆաուին» չհաջողվեց պարզել նախաձեռնության կազմակերպիչներին: Երևանի քաղաքապետարանում խոստացել են «ԱրմենիաՆաուի» հարցերին պատասխանել «առաջիկա օրերին»:

Գրեթե մեկ տարի առաջ` 2008-ի դեկտեմբերին, Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ էին ուղարկել Հայաստանի նախագահ Սարգսյանին, որում խնդրում էին նրան օգտագործել իր ազդեցությունը` հանելու հայկական հեռուստաալիքներով եղանակի տեսության ընթացքում ցուցադրվող քարտեզները:

Դրանցում Հայաստանն ու Արցախը պատկերված են 1988 թ. սահմաններով, այսինքն` Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում է (որը գտնվում էր Ադրբեջանի կազմում), իսկ Լաչինի միջանցքը (Հայաստանն ու ԼՂՀ-ն իրար միացնող) ընդհանրապես բացակայում է:

ԼՂՀ ներկայիս քարտեզի կիրառման խնդիրներով զբաղվող Տիգրան Քոչարյանը պնդում է, որ այդ քարտեզի տպագրությամբ կազմակերպիչները խախտում են ԼՂՀ սահմանադրությունն ու ազատագրված տարածքներում բնակվող մարդկանց իրավունքները: (1994 թ. Ադրբեջանի հետ զինադադար կնքվեց, որով վերջ դրվեց երեք տարի տևած պատերազմին: Մինչ այդ Ղարաբաղի հայկական ուժերն արդեն կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերցնել բուն Ադրբեջանի յոթ շրջաններ, որոնք մինչև այսօր գտնվում են այդ ուժերի վերահսկողության տակ:)

«Սա ի՞նչ է, նշանակում է, որ եթե Բերձորում կամ Քարվաճառում բնակվող մարդիկ մեղր են արտադրել, ուրեմն այն չպետք է գնել, որովհետև ԼՂԻՄ-ի քարտեզում այդ տարածքները չկան»,- ասում է Քոչարյանը:

«Այլատյացության դեմ նախաձեռնության» անդամ Քոչարյանը համոզված է` ակցիայի կազմակերպիչները Լեռնային Ղարաբաղի հին քարտեզը տպագրելով` «ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին»:

«Մենք արդեն մեկ տարի պայքարում ենք, որ հեռուստաընկերությունները չցուցադրեն ԼՂԻՄ-ի քարտեզը, ու արդեն երեք հեռուստաընկերություն հրաժարվել են դրանից, իսկ նրանք նոր նախաձեռնություն են սկսում նույն քարտեզով: Փաստորեն, կազմակերպիչներն ավելի վաղ են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորում, քան, ասենք` նախագահը, քանի որ Սերժ Սարգսյանը տարածքներ հանձնելու մասին ակնհայտ չի հայտարարում»,- ասում է Քոչարյանը:

ԱրմենիաՆաուի էջերում