Ընտանեկան վենդետա՞, թե՞ էկոլոգիական հանցագործություն. Երևանում սպանվել է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենըՈստիկանության հաղորդմամբ` նոյեմբերի լույս 19-ի գիշերը «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են մեքենայի հետևի նստատեղին նստած Շաբոյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Զննման ժամանակ մեքենայի վրա հրազենային կրակոցների 30 անցք է հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով: Սպանությունից արդեն մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին: Իրավապահ մարմինների ունեցած տեղեկության համաձայն` Կ. Պետրոսյանը «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին է, որին 2009 թ. հունիսի 20-ին սպանել է Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը: Սակայն շրջանառվում է մեկ այլ տարբերակ, ըստ որին` Շաբոյանը սպանվել է իր մասնագիտական գործունեության պատճառով: Այսպես, Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը չի բացառում նաև, որ սպանության դրդապատճառ կարող էր լինել «որսագողության մաֆիայի հետքը»: «Մենք բոլորս, ովքեր զբաղվում են երկրի էկոլոգիական խնդիրներով, թիրախ ենք բոլոր նրանց համար, որոնց դուր չի գալիս մեր գործունեությունը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հայաստանի կանաչների միության ղեկավարը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Գեղամա լեռնաշղթայի լանջին 150 քառ. կմ տարածք է զբաղեցնում: Որսագողերի համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում բեզոարյան այծը և մուֆլոնը, որոնք գրանցված են Կարմիր գրքում` որպես անհետացող կենդանիներ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.