Հայաստանը սպառնում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմական գործողությունները

Հայաստանը սպառնում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմական գործողությունները


«Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ»,- ասել է Ֆարմանյանը:

Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարության` պատերազմը վերսկսելու ահագնացող հոխորտանքին` երկուշաբթի ՀՀ նախագահի խոսնակն ասաց, որ Հայաստանը, հնարավոր է, ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե Բաքուն դուրս գա ներկայիս խաղաղ բանակցային գործընթացից և վերսկսի պատերազմական գործողությունները Ղարաբաղի նկատմամբ:

Անցյալ կիրակի Մյունխենում ղարաբաղյան խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած բանակցային գործընթացի վերջին հանդիպումից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր, որ եթե Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախատեսվող հանդիպման արդյունքում շարունակվող հակամարտության հանգուցալուծման առումով էական առաջընթաց չարձանագրվի, Ադրբեջանն այլ ընտրություն չի ունենա, քան ուժի դիմել` փորձելով կրկին իր վերահսկողության տակ վերցնել Ղարաբաղը: «Մենք լիիրավ ենք ռազմական ճանապարհով ազատագրելու մեր հողերը»,- ընդգծել էր Ալիևը: Շատ մասնագետներ և լրատվամիջոցներ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությանն անդրադարձել էին որպես Հարավային Կովկասի երկու ազգերի միջև փխրուն խաղաղությանն ուղղված սպառնալիքի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահները կողմերին զգուշացրեցին` զերծ մնալ սպառնալիքներից և միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց:

«Մեր իշխանությունները Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում այն կարծիքի են, որ պատերազմը տարբերակ չէ»,- ասաց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ի պատասխան ադրբեջանական կողմի սպառնալիքների` Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երկուշաբթի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված պարզաբանման ընթացքում ասել է. «Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, և հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար:

Աշխարհում կան ընդունված ձևեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` սրանից բխող հետևանքներով»:

Ավելին` Ֆարմանյանը շեշտեց, որ Հայաստանն այսքան ժամանակ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը միայն մի պատճառով, «որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար»:

«Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, և ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը»,- ասել է Ֆարմանյանը:

Այս դիրքորոշումը բազմիցս հայտնել են նաև Հայաստանի իշխող կուսակցությունները: Երբ ընդդիմադիր որոշ կուսակցություններ Ղարաբաղի անկախության ճանաչման հարց են բարձրացնում, իշխանությունները բացատրում են, որ այդ քայլը «Հայաստանի դիվանագիտության զինանոցի վերջին փամփուշտն է»:

Մինչ այդ, ըստ համանախագահների` կողմերը մտադիր են շարունակել բանակցային գործընթացը, քանի որ «երկու նախագահներն իրենց արտգործնախարարներին հանձնարարել են այս [դեռևս չլուծված] հարցերի շուրջ շարունակել աշխատանքը համանախագահների հետ»:

«Որպես հաջորդ քայլ` համանախագահները կազմակերպելու են երկու երկրների արտգործնախարարների աշխատանքային հանդիպում, նախքան դեկտեմբերի 1-2-ը Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունում:

ԱրմենիաՆաուի էջերում