Գիտակցության խաղեր. հոգեբանն ասում է, որ ռազմատենչ Ալիևի հայտարարությունը հայ հասարակության մեջ տագնապ սերմանելու նպատակով է արվելՍերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ հանդիպեցին նոյեմբերի 22-ին Մյունխենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու համար: Մյունխենյան հանդիպումից առաջ Ալիևն Ադրբեջանում հայտարարել էր, որ բանակցություններում առաջընթաց չգրանցելու դեպքում տարածաշրջանում պատերազմը կարող է վերսկսվել: Նա մասնավորապես ասել էր, թե «Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել ադրբեջանական հողերը ռազմական ճանապարհով»: «Պարզ է, որ այդ պարզունակ հայտարարությամբ նախագահ Սարգսյանին վախեցնելը դժվար է, և հայտարարությունը շատ հստակ ուղղված է հայաստանյան հանրությանը»,- նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը` Ալիևի հայտարարությունը բնորոշելով որպես «ռևանշիստական հոխորտանք»: Ըստ Ջամալյանի` Ալիևը հույս ուներ հերթական հանդիպումից առաջ պատերազմական վտանգի միջոցով «ներքին ճնշում» հրահրել Հայաստանում նախագահ Սարգսյանի դեմ` դրանով ստիպելով վերջինիս որոշակի զիջումների գնալ: Սակայն ռազմական հոգեբանը կարծում է, որ զիջումների գնալն ավելի կմեծացնի պատերազմի վտանգը, քանի որ զիջումների գնացող կողմը թուլանում է: Ջամալյանի կարծիքով` վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերզամը սկսվում էր այդ մասին հայտարարելով: «Ներկայումս պատերազմի արդյունավետությունը հանկարծակիության մեջ է»,- ասաց հոգեբանը: Ջամալյանը նշեց, որ Ալիևը տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի, սակայն, ռազմական տարբեր փորձագետների պնդմամբ` Ադրբեջանը պատրաստ չէ ռազմական գործողությունների: Նա այս պահին անհնարին համարեց ռազմական գործողությունների վերսկսումը: Ըստ Ջամալյանի` պատերազմը կարող է վերսկսվել միայն երկու գործոնի առկայության դեպքում` եթե Հայաստանի պետականությունը ինչ-որ պատճառներով շեշտակիորեն թուլանա, և Հայաստանը խոցելի դառնա արտաքին ագրեսիայի համար, և եթե պատերազմը ձեռնտու լինի աշխարհի ուժային կենտրոններին: Ջամալյանը նաև անդրադարձավ անցյալ շաբաթ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար թուրք աշակերտին պատժելու միջադեպին: Նանսի քաղաքի դպրոցներից մեկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկման ժամանակ 13-ամյա Մուստաֆա Դողանը հայտարարել էր. «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն նրանք դրան արժանի են եղել»: Դպրոցի ղեկավարությունն այդ հայտարարության համար Դողանին երկու օրով հեռացրել էր դպրոցից: Արդյունքում` աշակերտը գրավոր ներողություն էր խնդրել իր խոսքի համար: (Ֆրանսիան այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:) Ըստ Ջամալյանի` այս աշակերտի պահվածքն ապացույցն է այն բանի, որ նույնիսկ հանդուրժողականություն քարոզող Եվրոպայում թուրքը չի փոխվել, «առավել ևս չի փոխվել շովինիստական քեմալիզմի գաղափարախոսությամբ ապրող Թուրքիայում»: «Թուրք տղայի հայտարարությունը թուրքական ծայրահեղ դիրքորոշումների մի պատառիկն է միայն»,- ասաց հոգեբանը` ավելացնելով, որ մասնագետները ծայրահեղական ու ազգայնական դիրքորոշում ունեցող թուրքական համայնքն ամենուր համարում են ամենադժվար ինտեգրվողը: Ջամալյանը տարօրինակ է համարում, որ Եվրոպայում ծնված ու այնտեղ մեծացած թուրք երիտասարդը չի ընդունել եվրոպական քաղաքակրթության և հանդուրժողականության արժեքային համակարգը: «Սա լուրջ մտորելու առիթ պետք է տա: Նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում թուրքերի հետ պետք է շփվել իրատեսորեն` ճանաչելով նրանց»,- ասաց հոգեբանը:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.