Նոր տեղեկություն խոզի գրիպի մասին. Հայաստանում մտավախություն կա, որ գրանցվել է A/H1N1 գրիպի առաջին զոհը
Բժիշկները պնդում են, որ խուճապի կարիք չկա, թեև հանրությանը հորդորում են զգույշ լինել և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ չնայած հիվանդը հոսպիտալացվել է խոզի գրիպի ախտանշաններով, դեռ վաղ է պնդել, որ դա դարձել է մահվան պատճառը: Ըստ Ասոյանի` 3 շաբաթ ժամանակ կպահանջվի այդ կասկածը հաստատելու կամ հերքելու համար: «Հիվանդը դիմել է բժշկի հիվանդության 8-րդ կամ 9-րդ օրը: Խոսել այն մասին, թե նրա մահվան պատճառը խոզի գրիպն է, այս պահին ճիշտ չէ: Մահվան պատճառները պարզաբանելու համար պետք է լաբորատոր հետազոտություն անցկացնել»,- ասաց Ասոյանը: Հայաստանում արձանագրվել է A/H1N1 գրիպի 25 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մեծ Բրիտանիայի ռեֆերենտ լաբորատորիան հաստատել է A/H1N1 վարակի առկայությունը նոյեմբերի սկզբին Լոնդոն ուղարկված արյան նմուշներում: 23 մարդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Երկու մարդ շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում: Հայաստանի առողջապահության պաշտոնյաները դեռ պնդում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա: Սակայն նրանք նաև հորդորում են բնակչությանը նախազգուշական միջոցներ ձեռնարկել (հետևել հիգիենայի կանոններին, օգտագործել բժշկական դիմակներ, խուսափել համբուրվելուց ու գրկախառնվելուց և այլն): A/H1N1ի ախտանշանները սովորական գրիպի նման են` բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, հարբուխ կամ քթի խցանում, մկանային ցավեր, դող, թուլություն, ինչպես նաև սրտխառնոց և փորլուծություն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում հաստատված խոզի գրիպի դեպքերն անցնում են 525 հազարից, որից 6750-ը` մահացու ելքով: Խոզի գրիպի վարակի դեպքեր են հաստատվել աշխարհի 206 երկրներում:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.