Հայաստանի խաղողը սիրում են նաև միջատները
2009թ.-ի Հայկական խմիչքի արտահանման ծավալները նվազել են 2008թ-ի համեմատ
Առաջիկա տասը տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրը կարող է զրկվել խաղողի այգիներից, եթե վտանգավոր վարակի տարածման մասին գյուղացիների մտավախություններն իրականություն դառնան:
Ֆիլոքսերան (որդնալվիճ) հատուկ միջատ է, որը սնվելով խաղողի արմատներով, մոտ երկու տարում ոչնչացնում է այն: Վարակը հիմնականում տարածվում է քամու միջոցով և հայտնաբերվել է Թուրքիայում ու Էջմիածնում:
«Եթե կա վարակ Արարատյան հարթավայրում, չի բացառվում, որ լինի նաև այլ տարածքներում, քանի որ ֆիլոքսերան տարածվում է մեկ տարում 50 կմ արագությամբ»,- բացատրում է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Հունաստանում, երբ կղզիներից մեկի խաղողի այգիները վարակվեցին, կառավարությունը միտումնավոր վարակեց նաև մյուս կղզիների այգիները, քանի որ դրանք, միևնույն է, վարակվելու էին: Հետո Հունաստանը օգնություն ստացավ ԵՄ-ից դոտացիաների տեսքով, և գյուղացիները վարակված այգիները սկսեցին փոխել նոր այգիներով:
Մինչ օրս ՀՀ կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկել խաղողի այգիների վարակը կանխելու ուղղությամբ, որից արդեն կես հեկտար բերք է փչացել:
«Հայաստանը նման հնարավորություն չունի, բացի այդ, այգիների 99 տոկոսը պատկանում է գյուղացիներին, և մեկ հեկտար այգի փոխելը նվազագույնը 10000 դոլարի (3 մլն 800 հազար դրամ) պատմություն է»,- ասաց Հարությունյանը:
Մինչ մայր բնության վրա ֆիլոքսերայի թողած ազդեցությունն իրեն ավելի զգալ կտա, կա ավելի արդիական` մարդու ձեռքով ստեղծած վարակ` «տնտեսական ճգնաժամ» անունով, որն արդեն իսկ բացասաբար է ազդել գինեգործության վրա: Այս տարի 2008 թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ գինու արտահանման ծավալները նվազել են 48%-ով, կոնյակինը` 51, բրենդիինը` 55 և կոնյակի սպիրտինը`13%-ով:
Բայց Հարությունյանն նաև լավատեսական տվյալներ է ներկայացնում` ասելով, որ մինչ 2009 թ. առաջին կիսամյակի տվյալներով կոնյակի արտահանումը նվազել է 70%-ով, 7 ամսվա տվյալներով`50 %-ով: Հարությունյանի կանխատեսումներով` տարին կփակվի առավելագույնը մոտ 25% անկումով:
«Բայց պատվերներն այնքան շատ են, որ հնարավոր կլինի վերադառնալ նախկին ցուցանիշներին` անգամ մինչև 2010 թ. մայիս ունենալով 5% աճ»:
Միության նախագահի այդ կանխատեսումները կարող են իրատեսական լինել, եթե Հայաստանի հիմնական սպառման շուկան` Ռուսաստանը, ճգնաժամից դուրս գա:
«Բացի այդ, մեր գործարարները կարողացան ճիշտ կողմնորոշվել ճգնաժամի ժամանակ, նաև այս տարի բավականին էժան էր հումքը: Եթե նախորդ տարիներին խաղողի մեկ կիլոգրամը գնում էին 130 դրամով (34 սենթ), ապա այս տարի` 80-100 դրամով (21-26 սենթ)»,- ամփոփում է Հարությունյանը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.