Հանրապետականները հանրապետության համար. նախագահ Սարգսյանը հորդորում է իր կուսակիցներին ստանձնել «արդիականացման առաջամարտիկի դերը». ըստ նրա` արձանագրությունները կարագացնեն ցեղասպանության ճանաչումը
ՀՀԿ համագումարին ներկա ավելի քան հազար մասնակից քվեարկեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի (որը հանրապետականների շարքերում նորեկ է և շատերին հայտնի` որպես բարեփոխիչ վարչապետ)` կուսակցության գործադիր մարմնում ընտրվելու օգտին: (Կառավարության մի շարք առանցքային անդամներ, այդ թվում` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, այս ամսվա սկզբին նույնպես անդամակցել են ՀՀԿ-ին, ինչը ենթադրաբար կուսակցությանն ավելի մեծ ուժ է տալիս առաջ տանելու տնտեսական իր բարեփոխումները: Առանցքային պաշտոնյաների անդամակցումը ՀՀԿ-ին կարելի է դիտել նաև որպես ուժի ցուցադրում, քանի որ ՀՀԿ գաղափարախոսությունը վերջերս բախվել էր այլ կուսակցությունների հետ տարբեր հարցերի, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունների շուրջ:) Քաղաքականության մասին իր ելույթում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով արդիականացման ու բարեփոխումների անհրաժեշտությանը, նաև ՀՀԿ-ի ներսում, հորդորել է կուսակիցներին «ստանձնել քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը», որին, նրա խոսքով, հնարավոր կլինի հասնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: «ՀՀԿ-ն իր անցած ճանապարհով, քաղաքական փորձով, կադրային ու պրոֆեսիոնալ ներուժով ապացուցել է, որ մեր երկրի առաջատար քաղաքական ուժն է, և այդ կարգավիճակը պետք է պահպանի նաև տեսանելի ապագայում»,- ասաց Սարգսյանը: Նախագահը փորձեց նաև հանրապետականներին ներկայացնել կուսակցության կառուցվածքի և գործունեության առնչությամբ իր մոտեցումները: «Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է: Իշխանության մեջ սեփական դերի ընկալման ազդակ է այսօրվա և վաղվա իշխանավորի համար: Եվ եթե սա ինչ-որ տեղ էլ այսօր դեռ չի ընկալվում, վաղն անհրաժեշտաբար արմատավորվելու է»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահը կոչ արեց երկխոսության վրա հիմնված նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որը, ըստ նրա, կենսական է երկրի քաղաքական կայունության և կարողության համար, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել «արագ փոփոխվող աշխարհում արտաքին մարտահրավերներին»: «Քաղաքական կայունությունը չի´ նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն: Քաղաքական կայունության մեր պատկերացումը ենթադրում է մտքի ազատություն,- ասել է նա: - Սուր բանավեճը երբեք չպետք է թերագնահատել, սակայն մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք` հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով»: Իր ելույթում նախագահ Սարգսայնն անդրադարձել է նաև որոշ մարտահրավերների, որոնք ծառացել են Հայաստանի առջև աշխարհի հետ իր հարաբերություններում: Մասնավորապես` Սարգսյանը, անդրադառնալով վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, ասել է, որ իր կառավարությունն ի վիճակի է լուծել ամենաբարդ խնդիրները և առաջ շարժվել նույնիսկ ամենացավոտ հարցերում: «Թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը... Սա անշուշտ կնպաստի թե´ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե´ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը»: Միևնույն ժամանակ Սարգսյանը հերքել է այն հայտարարությունները, թե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը նշանակում է Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: «Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»,- ասել է նա: Սարգսյանը կրկնել է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի դիրքորոշումը, սակայն, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Սարգսյանը, որը Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում հանդես է գալիս Հայաստանի անունից, ասել է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Նա նաև շեշտել է, որ «ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.