Հաղթանակ երկամարտում Նազիկ Ավդալյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի. աշխարհի առաջնության առաջին չեմպիոնը

Հայ ծանրամարտիկների թիմը արժանացավ հերոսներին վայել ընդունելության` Հարավային Կորեայից աշխարհի առաջնության բազում մեդալներ բերելով:

Կորեայի Գոյան քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկների հաղթանակներից ամենահիշարժանն ու արժեքավորը 23-ամյա գյումրեցի Նազիկ Ավդալյանի հաղթանակն էր, ով, պարտության մատնելով իր ռուս հակառակորդին, 69 կգ քաշային կարգում արժանացավ ոսկե մեդալի:

Վերջին անգամ հայ ծանրորդներից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր Իսրայել Միլիտոսյանը 20 տարի առաջ՝ 1989 թվականին, Աթենքում: Այդ տարիներին Միլիտոսյանը ներկայացնում էր Խորհրդային Հայաստանը: Բացի այն, որ Նազիկ Ավդալյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին չեմպիոնը, նա նաև դարձավ բոլոր մարզաձևերից անկախ Հայաստանի պատմության մեջ հոբելյանական՝ 10-րդ աշխարհի չեմպիոնը: (Սա նաև հույս է ներշնչում, որ Ավդալյանը 2012 թ. Լոնդոնում անցկացվելիք օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալի կարժանանա:)

«Մենք գիտեինք, որ առանց հաղթանակի տուն չենք վերադառնա: Դա էին վկայում մեր մարզիկների նախնական արդյունքները: Ծանրամարտում մի քիչ ավելի հեշտ է կանխատեսումներ անել, քան մյուս մարզաձևերում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: - Զգում էինք, որ մեր այսքան տարիների աշխատանքը վերջապես արդյունք է տալու, վերջին տարիների չարվածը արվելու է»:

Ավդալյանը հաղթող ճանաչվեց երկամարտում` բարձրացնելով 119 կգ պոկում վարժությունում և 147 կգ` հրում վարժությունում: Բայց ոսկե մեդալի ճակատագիրը պարզ դարձավ, երբ իր վերջին մոտեցման ժամանակ Ավդալյանը կարողացավ իր գլխավերևում պահել 147 կիլոգրամանոց ծանրաձողը` հետևում թողնելով ռուս Օքսանա Սլիվենկոյին, ով մինչ այդ պահը գերազանցում էր հայ մարզուհուն:

«Հանդիսատեսի համար գուցե զարմանալի էր, որ Նազիկն այդքան երկար կարողացավ պահել ծանրաձողը գլխավերևում, բայց ասեմ, որ դա կապված է նաև Նազիկի ակրոբատ լինելու հետ: Նա այդ մարզաձևում սպորտի վարպետ է: Հիշեք նրա գեղեցիկ ցատկը մրցելույթից հետո: Դա չտեսնված բան է ծանրամարտում, ցուցաբերել այդքան ճկունություն»,- ասում է Փաշիկ Ալավերդյանը:

Կանանց հավաքականից 22-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացել է երկու փոքր բրոնզե մեդալների: Բրոնզի է արժանացել նաև երկամարտում: Պոկում վարժությունում Հռիփսիմեն բարձրացրեց 120 կգ, իսկ հրումում`147 (երկամարտի արդյունքում` 267 կգ):

(Ղազախստանից Սվետլանա Պոբեդովան արժանացավ չեմպիոնի կոչման` բարձրացնելով 132 կգ պոկում վարժությունում և 160 կգ` հրում վարժությունում: Նա սահմանեց նոր ռեկորդ` բարձրացնելով 292 կգ (132+160): Լեյ Չաոն (Չինաստան) նվաճեց արծաթե մեդալ` 269 կգ արդյունքով (120+149):

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականից 69 կգ քաշայինների 21-ամյա Առաքել Միրզոյանը երկամարտում արձանագրեց 334 կգ արդյունք` արժանանալով արծաթե մեդալի: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 154 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բավարարվեց 180 կգ արդյունքով:

Երկրորդ արծաթե մեդալը նվաճեց 21-ամյա Տիգրան Գ. Մարտիրոսյանը 77 կգ քաշային ծանրորդների մրցումներում (170+200): Չինացի ծանրամարտիկներ Լյու Քսյաոյունին նվաճեց ոսկի (174, 204 արդյունքով), իսկ Սու Դաինը (165, 200 արդյունքով)` բրոնզե մեդալ։
ԱրմենիաՆաուի էջերում