Իրազեկությունն ընդդեմ խտրականության. ՀԿ-ները նշում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը
Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայաստանում վարակի կանխարգելման հարցերով զբաղվող մի քանի ՀԿ-ներ Երևանում երթ են կազմակերպել` «կոտրելու հասարակության անտարբերությունն ու խտրականությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակակիրների նկատմամբ»: Կազմակերպիչ ՀԿ-ներից մեկի` «Դրական մարդկանց հայկական կենտրոնի» նախագահ Անահիտ Հարությունյանի համոզմամբ` Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվն աճում է, իսկ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը չի բարձրանում, քանի որ խնդրի մասին զանգվածաբար խոսում են միայն ամեն տարի դեկտեմբերի 1-ին: «Դեռ քանի՞ մարդ պետք է վարակվի, որ մենք ընդունենք, որ այս խնդիրն արդիական է»,- հարցնում է Հարությունյանը: Հայաստանում ՄԻԱՎ վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: Այս տարվա տվյալներով` Հայաստանում գրանցված է 808 վարակակիր, որոնց զգալի մասը` ավելի քան 200 դեպք, գրանցվել է վերջին երկու տարում: 2007-ին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008-ին` 118 նոր դեպք: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` իրականում Հայաստանում ապրում է ավելի քան 2800 վարակակիր: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանի գնահատմամբ` վերջին տարիներին պաշտոնապես գրանցված դեպքերի ցուցանիշներն աճել են, քանի որ Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները, աշխատանքի թույլտվություն ստանալու համար նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի առկայության/բացակայության մասին տեղեկանք են ներկայացնում: «Հայաստանում վարակի դեմ բուժում իրականացվում է, սակայն մատչելիություն առավել վտանգի ենթակա խմբերի համար չի ապահովվում: Ու ես կարծում եմ, որ կարգախոսը` «Համընդհանուր մատչելիություն բոլորի համար», որով առաջնորդվելու է գալիք տարի աշխարհը, Հայաստանում 2010-ին չի հաջողվելու կյանքի կոչել»,- նշում է Մադոյանը: (Ավանդաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների ռիսկային խմբին դասվում են մարմնավաճառները, ներերակային թմրամիջոցներ օգտագործողները, համասեռամոլները:) Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների գրեթե 60 տոկոսը 25-39 տարեկան է, ընդ որում` վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49 տոկոս) և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը (44 տոկոս): Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի դեպքերի 46 տոկոսն արձանագրվել է Երևանում: Ըստ Մադոյանի` Հայաստանում կիրառվող հակառետրովիրուսային բուժումը, որն անվճար է ու մարդու կյանքը երկարացնում է 20-30 տարով, ստանալու համար ոչ բոլորն են դիմում, քանի որ «հասարակությունում առկա է բացասական վերաբերմունք», օրինակ` թմրամիջոցներ օգտագործողների կամ սեռական բնույթի ծառայություններ մատուցողների նկատմամբ: «Խնդիրն այն է, որ այստեղ ցանկացած մարդ, մինչև իր մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի ախտորոշումը, ինքն էլ դրսևորում է խտրական վերաբերմունք»,- ասում է Մադոյանը: «Հանրային տեղեկատվություն ու գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը համոզված է` հասարակությունն իր խտրական վերաբերմունքով է հենց նպաստում վարակի տարածմանը: Մասնագետներն ասում են, որ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման ու կանխարգելման գործում անգամ ուսանողությունը լիիրավ գիտելիքներ չունի, ինչը դառնում է նաև նրանց խտրական վերաբերմունքի հիմք: Երթի կազմակերպիչ «Հայաստանի ուսանողական ֆորում» ՀԿ նախագահ Վարդգես Սողոյանն ընդգծում է, որ իրենք միացել են միջոցառմանը` հենց ուսանողների շրջանում ճիշտ տեղեկություններ տարածելու համար. «Ուսանողները նույնիսկ հստակ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում»:
Other Articles in Առողջապահություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.