Արտագնա աշխատանք. նոր վերլուծությունը դիտարկում է հայազգի աշխատանքային միգրանտների վիճակը Թուրքիայում
Շաքարյանը ներկայացրեց Թուրքիայում հայ արտագնա աշխատողների վերաբերյալ վերլուծական ուսումնասիրության արդյունքները: «Կանանց մեծ մասը քննադատաբար է մոտենում իրենց ամուսինների պահվածքին` ասելով. «Իսկ ինչո՞ւ են համաձայնվում, որ մենք թուրքերի համար աշխատենք,- ասում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հայ-թուրքական նախագծերի համակարգող Արտակ Շաքարյանը` ներկայացնելով «Հայազգի աշխատանքային միգրանտները Թուրքիայում» վերլուծության արդյունքները: Ըստ հետազոտության արդյունքների, վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական գործակալության տվյալները, Հայաստանից Թուրքիա մեկնելու համար 2000 թ. վիզա են ստացել են 17 549 ՀՀ քաղաքացիներ, հետ են վերադարձել 14 672-ը: Այսինքն` 2000 թ. Թուրքիայում է մնացել 2877 ՀՀ քաղաքացի: «2000-2008 թթ. գրեթե 6000 մարդ է գնացել ու մնացել Թուրքիայում, սրան պետք է ավելացնել 1990-ականների պոտենցիալ հոսքը և բազմապատկել երկուսով: Այսինքն` Թուրքիայում այսօր գրեթե 20 000 միգրանտներ կան»,- նշում է Շաքարյանը: Թուրքիայում հայազգի արտագնա աշխատողների 94 տոկոսը կին է: Նրանց շրջանում անցկացված 150 խորքային հարցումները ցույց են տվել, որ կանայք հարևան երկրում աշխատում են որպես հավաքարար, դայակ, տնային տնտեսուհի, վաճառող: Շատերն աշխատում են նաև կարի ֆաբրիկաներում: Կանայք ստանում են մինչև 600 դոլար (230 հազար դրամ) աշխատավարձ: Նախընտրում են Թուրքիան, որովհետև, ի տարբերություն այլ երկրների, այստեղ հասնելն ավելի դյուրին է: Վճարում են 15 (5800 դրամ) դոլար վիզա ստանալու համար, և 80 դոլար (31 000 դրամ)` ավտոբուսի համար: Վերլուծության շրջանակներում անցկացված հարցումները հիմնականում անանուն են: Դրանց մասնակցել են նաև մի շարք թուրք գործատուներ և պետական պաշտոնյաներ: «Թե´ թուրքերը և թե´ հայերը կարծում են, որ իրենց բարոյական արժեքները իրար շատ մոտ են, և թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ էապես տարբերվում է մոլդովացի կամ ռուս կանանց նկատմամբ նրանց վերաբերմունքից»,- նշում է Շաքարյանը: Ըստ նրա` հայ միգրանտների համար այսօր խնդիր են նրանց երեխաները, ովքեր չեն հաճախում դպրոց: Ըստ Թուրքիայի օրենսդրության` Թուրքիայի հանրային դպրոցներ իրավունք ունեն հաճախելու միայն օրինական կացություն ունեցողները և Թուրքիայի քաղաքացիները: «Խնդիր են նաև նորածին երեխաները: Չկա երեխայի ծնունդը վկայող որևէ օրինական փաստաթուղթ: Փաստորեն երեխային Հայաստան բերելու դեպքում չեն կարողանում հատել սահմանը: Թուրքիայում ծնված հայ երեխաները մնում են պատանդ»,- ասում է Շաքարյանը: «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի պատվերով` վերլուծությունն իրականացրել է ստամբուլահայ վերլուծաբան Ալին Օզինօղլուն 2009 թ. ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում: Շաքարյանը նշում է, որ ուսումնասիրվել է նաև մարմնավաճառության խնդիրը: Հիմնականում նշվել է, որ հայերը մրցունակ չեն սլավոնական արտաքինով կանանց համեմատությամբ: Սակայն առկա է հոգեբանական այն փաստը, որ թուրք տղամարդն առանձնահատուկ վերաբերմունք ունի հայ կնոջ նկատմամբ: Շատ վրացի մարմնավաճառներ ներկայանում են որպես հայ` ավելի շատ դրամ վաստակելու համար: «Այս հետազոտությունը վեր է հանում մի շարք խնդիրներ: Մեր նպատակն է հասարակությանը ցույց տալ հայ միգրանտների վիճակը Թուրքիայում: Սա նաև քայլ է հայ-թուրքական խնդիրներն ավելի լավ հասկանալու և ապագայում հիմնվելիք հայ-թուրքական հանձնաժողովին ներկայացնելու համար»,- ասում է Շաքարյանն «ԱրմենիաՆաուին»:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.