Ընդդիմադիր կուսակցությունները կրկին միավորվում են հայ-թուրքական արձանագրությունների դեմ
Արձանագրությունների բախտն այժմ Սահմանադրական դատարանի ձեռքում է: «Դրանք (նախապայմանները) են ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելը, ինչպես նաև առկա հայ-թուրքական ապօրինի սահմանի օրինականացումը: Բացի այդ, Թուրքիան օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը և ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ»,- ասվում է համատեղ հայտարարությունում, որով հանդես են եկել 13 կուսակցություն, այդ թվում` «Ժառանգություն», Հայաստանի դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Ռամկավար-ազատական կուսակցությունները: ՀՅԴ (արձանագրությունների հիմնական ընդդիմադիր կուսակցությունը) ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց պայքարը շարունակվելու է ՀՀ սահմանադրական դատարանում, որտեղ այժմ ուսումնասիրվում են արձանագրությունները, այնուհետև, եթե դրանք վավերացվեն Ազգային ժողովի կողմից, ապա իրենք իշխանափոխություն կպահանջեն: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն այժմ Հայաստանում ուսումնասիրվում են ՀՀ սահմանադրական դատարանի կողմից: ՍԴ-ն 25-օրյա ժամկետում պետք է որոշի գործը քննության ընդունելու հարցը և դատաքննությունը սկսելու օրը: ՍԴ-ն առավելագույնս երեքամսյա ժամկետում պետք է որոշի, թե արդյո՞ք արձանագրություններում առկա՞ են ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթներ, թե՞ ոչ: Եթե ՍԴ-ն որոշի, որ հակասող դրույթներ չկան, ապա կսկսվի ԱԺ-ում արձանագրությունների վավերացման գործընթացը: Ռուստամյանը կարծում է, որ ՍԴ-ն պետք է նկատի ունենա այն, որ արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին: «Բացի այդ, խախտվել է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածը, այսինքն` միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պայմանները»,- ասաց Ռուստամյանը` հույս հայտնելով, որ ՍԴ-ը արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները կճանաչի Սահմանադրությանը հակասող: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ իր ելույթում ասաց, որ արձանագրությունների դեմ պայքարը ընդդիմադիր կուսակցությունները սկսել են առանձին, սակայն հույս հայտնեց, որ նրանց ջանքերը այսուհետ կմեկտեղվեն` խոչընդոտելու վավերացումը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.