Պատերազմից ծնված, չափահաս է դառնում խաղաղ ժամանակներում. հայկական բանակը 18 տարեկան է

Պատերազմից ծնված, չափահաս է դառնում խաղաղ ժամանակներում. հայկական բանակը 18 տարեկան է

Ֆոտոլուր

Բանակի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարը շնորհակալագրեր և նվերներ է բաժանել

Այսօր (հունվարի 28-ին) հայկական բանակը տոնում է իր 18-րդ տարեդարձը:

1992 թ. ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, և ստորագրվեց բանակի ստեղծման մասին պատմական հրամանագիրը։

Բանակը ձևավորվեց 1988-ից սկիզբ առած Արցախյան պատերազմում արդեն կռվող մոտ 80 կամավորական ջոկատների հիման վրա, և առաջին պաշտպանության նախարարն էլ դարձավ այդ ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը:

Հաղթելով Արցախյան ազատամարտում` հայկական բանակը համարվեց տարածաշրջանում ամենամարտունակը` չնայած թե´ ֆինանսական հատկացումներով և թե´ թվաքանակով այն բավական զիջում է ադրբեջանական բանակին:

Սակայն հայկական բանակը ներքին կայացման խնդիր ունի, քանի որ բանակում զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքը և նույնիսկ մահվան դեպքերը, հաճախ սպաների ձեռքով, անհանգստացնող իրողություն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է փոխել: Նախարարը նշում է, որ հաստատված 2008-2015 թվականների պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն` բանակում կատարվելու են բարեփոխումների մի շարք միջոցառումներ, որոնք էապես կհզորացնեն այն:

2010 թ. պետբյուջեում պաշտպանական համակարգին հատկացվող գումարները տնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել են 33 մլրդ դրամով (86 մլն դոլար) 2009-ի համեմատ` կազմելով 116 մլրդ դրամ (305 մլն դոլար):

Արդեն 4 տարի` Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայությունը, որում ընդգրկված են հիմնականում կրոնական փոքրամասնությունները, սակայն պրոֆեսիոնալ բանակի անցման հեռանկարը դեռ մոտ չէ:

ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը «կարևոր, սակայն չափազանց ծախսատար է»:

«ՀՀ զինված ուժերում արդեն սկիզբ է դրվել պայմանագրային սերժանտական ծառայությանը, բայց դիմողները քիչ են, իսկ սահմանային պաշտպանությունն արդեն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով, ստորագրվել է մոտ 8000 պայմանագիր»,- պարզաբանում է գեներալ-մայոր Քոչունցը:

Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհվածների հիշատակին:
ԱրմենիաՆաուի էջերում