Սպառնում են դուրս գալ ԵԽԽՎ-ից. Հայաստանի պատվիրակությունը դժգոհ է թուրք նախագահի «կողմնակալ» դիրքորոշումից

Սպառնում են դուրս գալ ԵԽԽՎ-ից. Հայաստանի պատվիրակությունը դժգոհ է թուրք նախագահի «կողմնակալ» դիրքորոշումից

Council of Europe

Չավուշօղլու խոսքով՝ «ամենը թյուրըմբռնման հետևանք է»:

Խորհրդարանական 3 կոալիցիոն խմբակցությունները սպառնում են սառեցնել իրենց մասնակցությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքներին, եթե այդ կառույցի նորընտիր թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն չդադարի «կողմնակալ» կարծիքներ հայտնելուց:

Այս բողոքը, որին հաջորդել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցը Մովլութ Չավուշօղլուի հետ, սկիզբ է առել այն բանից հետո, երբ ԵԽԽՎ նախագահը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին` նշելով, որ «ԵԽԽՎ փաստաթղթերում արձանագրված է, որ Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում է` որպես Ադրբեջանի տարածք, կա նաև ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը», և թե ղարաբաղյան չլուծված հակամարտության առկայությունը լրջորեն խոչընդոտ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Հայաստանյան պատվիրակության կոալիցիոն անդամներն այս հարցազրույցը որակում են, որպես «կողմնակալ» և շեշտում, որ խնդրի վերաբերյալ Չավուշօղլուի որոշ մեկնաբանություններ «հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում»: Հարցը պարզաբանելու նպատակով հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Չավուշօղլուի հետ`կոչ անելով նրան ԵԽԽՎ-ում նախագահության «երկու տարիների ընթացքում ցուցաբերել զգայուն, խոհեմ և հավասարակշռված դիրքորոշում տարածաշրջանին առնչվող հարցերում»:

Սակայն, Չավուշօղլուն հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակին, որ APA լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի արել:

«Այդ հայտարարությունները թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետևանք են»,- հավաստիացրել է ԵԽԽՎ թուրք նախագահը:

Մինչդեռ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամ «Ժառանգություն» կուսակցությունը վրդովված է ոչ այնքան Չավուշօղլուի հարցազրույցից, որքան հայ պատվիրակների «անհեռատես պահվածքից»:

Ըստ «Ժառանգության»` «կոալիցիոն խմբակցությունների հայրենասիրության պոռթկումն ուշացած և անպատեհ է»:

«Այն ժամանակ, երբ մենք ստորագրահավաք էինք անում թուրք նախագահի ընտրության դեմ, հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները հրաժարվեցին ստորագրել այդ նախաձեռնության տակ, իսկ այսօր նոր արթնացել են»,- ասում է ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
ԱրմենիաՆաուի էջերում