Մեկ գիշեր. անձրև, քամի և, ի վերջո, ձյուն, երեք եղանակ ոչ միայն Երևանում

Մեկ գիշեր. անձրև, քամի և, ի վերջո, ձյուն, երեք եղանակ ոչ միայն Երևանում

Ֆոտոլուր

Ծառերը, կարծես, նեղսրտած ու «գժված» լինեն եղանակի քմահաճույքներից:

Հինգշաբթի երեկոյից (փետրվարի 4) մայր բնությունը բազմազան եղանակ հրամցրեց. անձրևամրրիկին հաջորդեց փոթորիկը, ուրբաթ առավոտ սկսվեց ձնաբուք, որից հետո Երևանը ծածկվեց մոտ 15 սանտիմետր ձյան շերտով, իսկ մարզերում` ավելի շատ, օրինակ` Վայոց ձորում ձյան շերտի հաստությունը հասավ 81 սանտիմետրի:

«Զվարթնոց» միջազգային օդակայանի պաշտոնյաները տեղեկացնում են, որ չվերթները չեն հետաձգվել, սակայն օդակայանի կայքում չվերթները մինչև չորս ժամ հետաձգվել են:

Արդեն ցեխաջրի վերածված ձյունը դժվարացնում էր աշխատանքի շտապող մարդկանց երթևեկությունը, սակայն փողոցներն անցանելի էին, և քաղաքի ձյուն մաքրող մեքենաներն աշխատում էին` բացելով ճանապարհները մեքենաների և անցորդների համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի խոսքով` այսօր եկած ձյունը ցրտահարությունից նախևառաջ կփրկի աշնանացանը, քանի որ ձյան ծածկույթը բնական տաքություն է ապահովում: Սակայն որոշ գյուղացիներ մտահոգ են, որ ավելի վաղ տաք եղանակն այժմ վնասներ կբերի:

«Իմ պնդուկի ծառերը և մի քանի այլ ծառեր արդեն բողբոջել էին: Ինչքանո՞վ կարող ենք համոզված լինել, որ այս ցուրտը բացասական չի ազդի բերքի վրա»,- անհանգստանում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի բնակիչ Հասմիկ Բազյանը:

«Ընդհակառակը` այս եղանակը կօգնի, որ ծառերի բողբոջման գործընթացը կանգ առնի, և ծառերը չծաղկեն, քանի որ հետագայում` գարնանը, հնարավոր ցուրտ եղանակներին մենք ավելի մեծ կորստի առջև կարող ենք կանգնել (վաղ ծաղկող ծառերի դեպքում)»,- ասաց Մանուչարյանը:

Երեկոյան կլինի 0-ից ցածր ջերմաստիճան և առաջիկա օրերին առատ ձյան տեղումներ չեն սպասվում:
ԱրմենիաՆաուի էջերում